Հռոմի պապը ԼՂ խնդրի դիվանագիտական կարգավորման կողմնակից է. Վատիկանի ներկայացուցչի հայտարարությունը Բաքվում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/51647.jpg)
Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորման կողմնակից է:
Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վատիկանի ներկայացուցիչ մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն:
Ինչպես նշում է «Թրենդ» գործակալությունը, նրա խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցին դեմ է պատերազմին ու կոչ է անում նմանօրինակ հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
Միևնույն ժամանակ, Ֆեկետեն իր խոսքում ընդգծել է, որ Կաթոլիկ եկեղեցին չի զբաղվում ԼՂ հակամարտության խնդրով:
Հոգևորականը դժվարացել է հստակ պատասխանել հարցին, թե արդյոք այս թեման կքննարկվի՞ Հռոմի պապի՝ Բաքու կատարելիք այցի շրջանակում:
Աղբյուրը հիշեցնում է, որ կաթոլիկների հովվապետի այցն Ադրբեջան նախանշված է հոկտեմբերի 2-ին: