Արցախի անկախությունը կայացած փաստ է. Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղարի հետ

Միայն մեր միասնական պայքարը թուրքական ժխտողականության դեմ կարող է կանխարգելել նոր ցեղասպանությունների իրականացումը, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ հանդիպման ժամանակ:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն համամարդկային արժեքների պաշտպանության», – ընդգծել է նա:
Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Արցախի անկախությունը կայացած փաստ է:
Նա ընդգծել է, որ ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան եւ Ադրբեջանը:
ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկրում բազմաթիվ են հայատյացության դրսևորումները:
Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վառ ապացույցը, նրա համոզմամբ, նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումն է: