«Արի տուն» ծրագրին մասնակցելու շնորհիվ՝ հայերեն խոսել սովորեցի.Մոնիկա Շախբանդարյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2013 թվականի մասնակից, մոսկվաբնակ Մոնիկա Շախբանդարյանը, որը Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում ընդգրկված էր նախորդ տարիների մասնակիցների հավաք-հանդիպմանը, «Հայերն այսօր»ի հետ զրույցում անկեղծանալով՝ ասաց, որ ծնողների հետ ամեն անգամ Հայաստան այցի ժամանակ միայն հարազատների տուն այցելելուց և հյուրասիրությունների  մասնակցելուց   ձանձրանում էր:

Հերթական այցելության ընթացքում Մոնիկային ձանձրույթից փրկել է հեռուստացույցով «Արի տուն» ծրագրի մասին տեղեկատվական հոլովակի դիտումը, որից հետո շատ է ոգևորվել և ծրագրին մասնակցելու որոշում կայացրել:

«Ամենավառ հիշողություներն են պահպանվել «Արի տուն» ծրագրից: Ծրագրի շրջանակներում երկու շաբաթը բավական դարձավ՝ նոր ընկերներ ձեռք բերելու, Հայաստանի տեսարժան վայրերով շրջելու համար: Իսպանիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Անգլիայից և Ռուսաստանից եկած հասակակիցներիս հետ ջերմ ընկերային կապը մինչև հիմա պահպանվում է: Ծրագրի ավարտից հետո արդեն չորրորդ տարին է, որ ընկերախմբով ամառային արձակուրդն անցկացելու համար Հայաստան ենք գալիս, նույնիսկ մեր ծնողները, տատիկներն ու պապիկներն են արդեն ճանաչում միմյանց»,-ասաց Մոնիկան:

Պարզ դարձավ, որ սփյուռքահայ երիտասարդների հանդիպման վայրը Երևանն է դառնում, որտեղ զբոսնում են փողոցներով և այցելում ժամանցի, պատմամշակութային տարբեր կենտրոններ:

Նրանք պայմանավորվել են մասնակցել նաև ՀՀ սփյուռքի նախարարության  «Սփյուռք»  ամառային դպրոց ծրագրին:

Մոնիկան իր կյանքի կարևոր հաղթանակներից է համարում «Արի տուն» ծրագրին մասնակցելու շնորհիվ հայերեն խոսել սովորելը, որի մասին առանձնահատուկ ոգևորությամբ հետևյալը պատմեց. «Երբ առաջին անգամ Հայաստան էի եկել, գրեթե չէի խոսում հայերեն, միայն «բարև» և «ցտեսություն» բառերը գիտեի: Մայրենին սովորելու նպատակով՝ Մոսկվայի Հայորդյաց տան կիրակնօրյա դպրոցն էի հաճախել, բայց զգալի արդյունքի չէի հասել: Վստահ կարող եմ ասել՝ հայերեն խոսել օգնեց «Արի տունը», քանի որ ամենօրյա հաղորդակցության մեջ էի գտնվում մարդկանց հետ: Հիմա ինձ լիարժեք հայ եմ զգում»:

«Արի տուն» ծրագրի կայացման և հարատևության մեկ ուսանելի արդյունք ևս. սփյուռքահայ երիտասարդները չեն մոռանում իրենց արմատներն ու հոգու կանչով՝ կրկին Հայաստան են գալիս:

Պետք է փաստել, որ ազգանվեր այս ծրագիրը նպաստում է նաև աշխարհասփյուռ հայորդիների հայախոսությանը: Ապրելով տարբեր երկրներում, առնչվելով տարբեր լեզուների, մշակույթի հետ, այնուամենայնիվ, անդավաճան են մնում Մայրենիին, իսկ նրանց միավորողը Հայաստանի շուրջ հենց հայոց լեզուն է դառնում:

Գևորգ Չիչյան

Scroll Up