ՀՕՄ-ը այցելեց Արցախ՝ սատարելու զինվորներին. տեսանյութ

Հայ օգնության միությունը շարունակում է սատարել հայ զինվորներին, հատկապես՝ դիրքապահներին: Օգոստոսի 20-ին հօմուհիները կրկին Արցախում էին:

Հայ օգնության միությունը հավատարիմ է իր կարգախոսին` ժողովրդիս հետ, ժողովրդիս համար։

ՀՕՄ-ն այսօր միավորում է երկու տասնյակից ավելի պետությունների շուրջ 15.000 նվիրյալ հայուհիների՝ աշխարհում հանդես գալով որպես կայացած, իր առաքելության կարեւորությունը գիտակցող խոշորագույն բարեսիրական կառույցներից մեկը: Հօմուհիները հերթական նախաձեռնությամբ օգոստոսի 20-ին ուղեւորվեցին Արցախ:

Մինչ առաջապահ զորամասեր հասնելը,  առաջին կանգառը Քարվաճառում էր, որտեղ հօմուհիները ծաղիկներ խոնհարեցին Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարատակի փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդյանի հուշաքարին:Հաջորդիվ արդեն պաշտպանական շրջանի զորամասն էր, որտեղ նրանք հանդիպեցին զորամասի հրամանատարին՝ տեղում քննարկեցին առկա անելիքներն ու առաջիկա խնդիրները:

Հանդիպման ավարտից հետո մասնակիցները զինվորների եւ հրամանատարական կազմի հետ միասին խոնարհվեցին Շահեն Մեղրյանի կիսանդրու առջեւ՝ նման կերպ վառ պահելով արցախյան ազատամարտը կերտողներից մեկի հիշատակը:ՀՕՄ -ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանի խոսքով, մեր ազգային պայքարում պարտադիր չէ, որ բոլորի ձեռքին զենք լինի, բայց կարեւոր է, որ բոլորս լինենք զենք բռնողների կողքին, քանզի դա էլ է պայքար: Զինվորի թիկունքն ապահովելը եւս պատվաբեր առաքելություն է:

Արցախի հայ օգնության միությունն իր հերթին ունի հատուկ ծրագիր, այն է՝ «Այցելություն դիրքապահին», այս նախաձեռնությունն իրականացվում է 2012 թվականից: Այցի 2-րդ օրը հօմուհիները եղան եւս մեկ սահմանային զորամասում, որտեղ իրենց սկզբունքներին համապատասխան ծանոթացան տեղի առօրիային եւ առկա խնդիրներին:

Արցախյան ուղեւորությունը եզրափակվեց Դադիվանքում՝ մոմավառությամբ:

Մանրամասները՝ yerkirmedia.am-ի տեսանյութում

Scroll Up