ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ֆրանսիայի Դեսին քաղաքի Հայկական հիշողության ազգային կենտրոնի բացման արարողությանը
Հոկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ֆրանսիայի Դեսին քաղաքի Հայկական հիշողության ազգային կենտրոնի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցում էր Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի ներկայացուցիչ, Մշակույթի և հաղորդակցության նախարար տիկին Օրելի Ֆիլիպետտին:
Ողջույնի խոսքով հանդես Եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Միջոցառմանը հրավիրած էին հյուրեր ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների հայ համայնքներից:
Միջոցառման ընթացքում ելույթ-դասախոսություններով հանդես եկան հայ և ֆրանսիացի գիտնականներ և մշակութային գործիչներ:
Հանդիսությունը շարունակվեց Դեսինի Ս. Աստվածածին եկեղեցում՝ Լիոնի ազգային նվագախմբի
մասնակցությամբ:
Հայկական հիշողության ազգային կենտրոնի ստեղծմանը իրենց աջակցությունն են բերել ոչ միայն Բուլլուկյան հիմնադրամը, այլև Լիոնի և Դեսինի տեղական ինքնակառավարման մարմինները՝ Մեծ Լիոնը, Ռոն-Ալպի շրջանը, Ռոնի ընդհանուր խորհուրդը, Դեսինի և Մեզիոյի քաղաքապետարանները:
Ինստիտուտը գործելու է որպես փաստավավերագրական կենտրոն, որտեղ պահվելու է 110 000 փաստաթուղթ և 12 000 գիրք: Պահպանվելու և ապագա սերունդներին են փոխանցվելու հայկական պատմությանն առնչվող նյութեր, ինչպես նաև Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ապրող ու արարող հայ մշակութային գործիչների ստեղծագործությունները: Կենտրոնի մյուս կարևոր նպատակն է ֆրանսահայերի ազգային ինքնության պահպանումը, Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև ֆրանս-հայկական միջմշակութային կապերի զարգացումը և կենտրոնի միջոցով հայկական ժառանգության վերականգնումն ու հարստացումը:
Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահն է Ժյուլ Մարտիրոսյանը, տնօրենը՝ Կատիա Բուդոյանը: