Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմը ներկայացվեց Ամմանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/Տատրագոմի-հարսը-300x225.jpg)
Հուլիսի 28-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանի սրահներից մեկում Ավստրալիայի բեմի տաղանդավոր արվեստագետ Վարուժ Սանջյանի ներկայացմամբ՝ կայացավ Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմի բեմականացումը՝ կազմակերպությամբ ԱՄՄ-ի մշակութային հանձնախմբի: Ձեռնարկը նվիրված էր Հայաստանի և Արցախի անկախության 25 և Արաբական հեղափոխության 100 ամյակներին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ԱՄՄ-ից:
Երեկոյի հյուրերն էին Հորդանանի խորհրդարանում երկրի քրիստոնյա համայնքը ներկայացնող երեսփոխան Աթեֆ Քաուարը, համայնքի հոգևոր հայր Տեր Ավետիս Էփրեջյանը, բարձրաստիճան անձինք, համայնքի միությունների վարչությունների անդամներ:
Երեկոյի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ԱՄՄ-ի ատենապետ Հակոբ Սերփեքյանը, իսկ Վարուժ Սանջյանի կենսագրականն ու վերոնշյալ պոեմի թեման ներկայացրեց ԱՄՄ-ի մշակութային հանձնախմբի պատասխանատու Հակոբ Հակոբյանը:
Անդրադառնալով «Տատրագոմի հարսը» ներկայացմանը՝ անկեղծ և անաչառ գնահատական տված կլինենք տաղանդավոր դերասանին, նշելով, որ այն ինչ ներկայացրեց Վարուժան Սանջյանը՝ յուրօրինակ, անկրկնելի բեմական արվեստ էր՝ բարձր կատարողությամբ, բեմական խաղի, շարժուձևի, ձայնի ելևէջների, անկեղծ զգացումների կատարյալ համադրությամբ, որը և գերեց ոչ միայն հայ, այլև օտար հանդիսատեսին: Այն ստիպեց, որ հանդիսատեսը հուզմունքով, համակ ուշադրությամբ ականատես լինի 20-րդ դարասկզբի հայ իրականության ողբերգական պատմության դրվագին:
Տևական հոտընկայս ծափողջույնները հանդիսատեսի անկեղծ գնահատանքն էին տաղանդավոր դերասանին: Բեմից իր գնահատանքի և հիացմունքի խոսքը հայտնեց նաև համայնքի գերաշնորհ հայր Տեր Ավետիս Էփրեջյանը:
Երեկոն եզրափակվեց պահպանիչ աղոթքով:
Հավելենք, որ Վարուժ Սանջյանը ծնվել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում՝ 1962 թվականին: Մանկական տարիքից ակնհայտ էր վերջինիս հակումները և ձիրքերը արվեստի՝ մասնավորապես գրականության, պոեզիայի և երգարվեստի հանդեպ: ԱՄՄ-ի վարչության քաջալերանքով Վարուժ Սանջյանը 1982 թվականին մեկնեց հայրենիք՝ հետևելու երգարվեստի, ասմունքի և թատերական դասընթացների:
Ավարտելով վերոնշյալ դասընթացները՝ 1985թվականին վերադարձավ Ամման, որտեղ և սկսեց իր մշակութային գործունեությունը թատերական ասպարեզում՝ իբրև բեմադրիչ:
1987 թվականին մշտական բնակության մեկնելով Ավստրալիա՝ շարունակեց իր գործունեությունը որպես ասմունքող և երգիչ: