«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Թումո

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»  և «Հայոց լեզվի արագացված ուսուցում»  դասընթացների մասնակիցներն այցելեցին Թումո ուսումնական կենտրոն:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ «Սփյուռք»  ամառային դպրոցի մասնակիցներին ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Թումո կենտրոնում մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանոթանալու կենտրոնի, նրա պատմության և գործունեության հետ: «Սփյուռք»  ամառային դպրոցի մասնակիցների համար նախապատրաստվել էր նաև Թումոյի մասին պատմող փոքրիկ ֆիլմ, որը մասնակիցները հետաքրքրությամբ դիտեցին:

Ֆիլմից հետո սփյուռքահայ հյուրերը Թումոյի աշխատակիցներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Նրանց հատկապես հետաքրքրում էր, թե ինչպես կարող են մասնակիցը դառնալ կենտրոնի ծրագրերին: Հարցին ի պատասխան՝ նրանց հայտնեցին, որ կարող են մասնակցել Թումոյի ամառային ճամբարին:

Այնուհետև ծրագրի մասնակիցները շրջեցին Թումոյում, ծանոթացան այնտեղ սովորող երեխաների հետ, նրանց զբաղվածությանը: Այցելեցին տաղավարներ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ:
Թումո ուսումնական կենտրոնից դուրս գալուց հետո,  «Սփյուռք»  ամառային դպրոցի մասնակիցները շրջեցին նաև Թումանյանի այգում:

«Թումոն հիանալի վայր է, որը թույլ է տալիս տարբեր հնարավորությունների տեր ընտանիքների երեխաներին՝ իրենց համար բացահայտել նոր ստեղծագործական մոտեցումներ: Թումոյի ծրագրերն ուղղված են դեռահասի համակողմանի զարգացմանը: Հիշատակման է արժանի հատկապես այն, որ այս կենտրոնը ստեղծվել է սփյուռքահայի կողմից, որը ևս մեկ անգամ ապացուցում է Սփյուռք-Հայրենիք անսասան կապը>>,- «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակից Կատյա Ռոևան:

Լուսինե Գրիգորյան
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող

դպրոցդպրոց2 դպրոց3դպրոց4 դպրոց5 դպրոց6

Scroll Up