Գյումրեցի ընտանիքին սառնարան նվիրեցինք, տղան ուրախությունից արկղն էր համբուրում, կարծում էր՝ հայրն է գնել

Օրերս ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի խմբագրությունում հյուրընկալեցինք ԱՄՆ Գլենդել քաղաքից` նորաստեղծ «Կամուրջ դեպի լույս» բարեգործական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Ժաննա Կասմանյանին, նրա հորաքրոջը՝ Փարիզ Կասմանյանին, և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին՝ Անի Ղուկասյանին: Ժաննան հայրենիքում է՝ հիմնադրամի հավաքագրած գումարները բարեգործության նպատակին ծառայեցնելու համար:

Երիտասարդ հայուհու ջանքերով ստեղծված հիմնադրամն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի: Առաջին միջոցառումը մայիսի 1-ին են անցկացրել Լոս Անջելեսում, որի ընթացքում շուրջ 10.000 ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել ամերիկաբնակ մեր հայրենակիցների կողմից: Հիմնադրամի անդամների որոշմամբ՝ հավաքված գումարի յուրաքանչյուր դրամը օգտագործվել է նպատակային: Քանի որ բարեգործական միջոցառումը հաջորդել է ապրիլյան քառօրյա պատերազմին, որոշվել է 4000 դոլար գումարը փոխանցել զոհված զինծառայողների ընտանիքներին: Փաթեթներ են պատրաստվել նաև սահմանին կանգնած զինվորների համար: Հայաստանի պատշպանության նախարարության միջոցով 236 տուփ օգնություն (պարենամթերք, հիգիենայի պարագաներ, վրաններ և այլն) է փոխանցվել բանակին:

Ժաննան նաև օգնություններ է փոխանցել Գյումրիում ապրող 5 անապահով ընտանքիներին: Ընդ որում՝ հաշվի է առնվել յուրաքանչյուր ընտանիքի ցանկությունը: Երկու ընտանիքի համար սառնարան են գնել, մեկ ընտանիքի, որտեղ պատրաստվում են երեխայի ծնունդի, օրորոց են նվիրել, մեկ ուրիշն էլ նախընտրել է, որ իրենց խոզուկներ գնեն՝ ապրելու միջոց ունենալու համար, մյուսներին էլ պարենային ապրանքների ու կոմունալ վճարների համար գումար են հատկացրել: Հուզիչ մի դրվագ պատմեց մեր զրուցակիցը այդ ընտանքիներից մեկի հետ հանդիպումից. երբ ընտանիքի ուզած սառնարանը բերել են տուն և տեղադրել, երեխան ուրախությունից սկսել է համբուրել այն: Նրան ներկայացրել են, որ հայրն է այդ նվերի հեղինակը…դա մանկական անմեղ ուրախության, հպարտության, զարմանքի պոռթկում էր…

«Մեր կազմակերպության նպատակն է օգնել անապահով ընտանիքներին, հիվանդ երեխաներին ու միայնակ մայրերին: Բայց ոչ թե սոսկ դրամ տանք նրանց, ու վերջ, այլ օգնենք նրանց ոտքի կանգնել, գտնել իրենց ուղին, հմտությունները զարգացնել»: Օրինակ՝ մենք նաև աջակցում ենք կանանց խնդիրներով զբաղվող մի կենտրոնի, որտեղ երիտասարդ կանայք, միայնակ մայրերը նոր մասնագիտություն են ձեռք բերում, սովորում են  իրենց ուժերով սեփական հացը վաստակել, ասենք՝ ֆուրշետներ կազմակերպել կամ այլ արհեստների տիրապետել: «Այս ամենից զատ, մի փոքր օգնություն ցուցաբերվեց նաև Երևանի համար 163 հիմնական դպրոցին, որտեղ աշակերտների 40 տոկոսը զինվորականների երեխաներ են: Ապրիլյան օրերից հետո սա ևս խորհրդանշական քայլ էր»,-ասում է Ժաննան:

«Կամուրջ դեպի լույս» (Bright to Light) հիմնադրամն այս պահին շուրջ երկու տասնյակ անդամներ ունի, բայց հիմնադրամի շուրջ համախմբված են 200-300 գլենդելահայեր, նրանց մեծ մասը Երևանի Սեբաստիա թաղամասից են՝ այն թաղամասից, որտեղ իր մանկությունն է անցկացրել Ժաննան:

Ժաննայի հետ մեր զրույցին միացավ նաև նրա հորաքույրը՝ Փարիզ Կասմանյանը, և մեր խնդրանքով ներկայացրեց  Ժաննային՝ իբրև մարդու: Վեց տարեկանից ԱՄՆ-ում ապրող հայուհին Գլենդելի պետական դպրոցի ուսուցչուհի է. առողջ սննդի, դիզայնի, նորաձևության դասեր է տալիս աշակերտներին: Երբ 13 տարեկանում Ժաննան այցելեց Հայաստան, հենց օդանավակայանում նա հորաքրոջ համար տարօրինակ մի ցանկություն հայտնեց, գնալ ու տեսնել իր հաճախած մանկապարտեզն ու ընկերներին: Սա խոսում էր դեռևս պատանի Ժաննայի մարդասիրության, ընկերասիրության ու սեփական հողին կառչած լինելու փաստի մասին: Իսկ երբ Ժաննան երկու տարի առաջ էր Հայրենիքում, նրա միտքն ու հոգին անհաշտ էին, երբ որևէ տեղ չքավորություն էր տեսնում:

«Մոտ մեկ ամիս ժամանակ անցկացրեցինք միասին, ոչ մի բան չհրապուրեց նրան, ասես լիարժեք երջանիկ չէր: Ու երբ վերադարձավ ԱՄՆ, զանգեց ինձ, հայտնեց, որ նման բան է որոշել, ասես ամեն ինչ տեղն ընկավ, և ձայնն էլ ավելի ուրախ էր: Ժաննայի ու մեր՝ բոլորիս կարծիքով, բարեգործությունը գումար նվիրելը չէ, երբ մարդը գլուխը կախում է ու ասում շնորհակալություն: Իրական բարեգործը պիտի օգնի մարդուն կայանալ, ուղղություն ընտրել, ոտքի կանգնել ու արժանապատիվ կյանք ունենալ: Հենց դա ենք մենք փորձում անել»,-ասում է Ժաննայի ընկերուհին՝ Անին, ով նաև նրա ներկայացուցիչն է այստեղ՝ Հայաստանում:

«Այն ծիլը, որ Ժաննայի մոտ է ծաղկել, միասին պիտի ջրենք, ու դարձնենք հաստաբուն ծառ»,-եզրափակում է Անին:

Ջուլիետա Մաթևոսյան

Scroll Up