Գեորգի Եղիազարյան, Կարեն Մկրտչյան. «Դրսում ապրող յուրաքանչյուր հայի համար կարևոր է թիկունքում զգալ Հայրենիքի հզորությունը»
Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի հայկական համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպմանը մասնակցում էին նաև Մինսկի հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը: Համայնքների ստեղծման, հիմնադրման պատմության, առօրյայի և ազգապահպանության հարցերի շուրջ նրանց հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
Գեորգի Եզիազարյան.
-Ներկայացնում եմ Մինսկի հայկական համայնքը, որը ձևավորվել է 1990 թվականին: Սպիտակի երկրաշարժից հետո մենք օգնություններ էինք կազմակերպում մեր հայրենակիցներին. այդ տարիներին համախմբվեցինք և ստեղծեցինք մեր համայնքը: Ես ղեկավարում եմ համայնքը 1995թ.-ից: Մինչև ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը շատ դժվար էր աշխատել. չկային գրքեր, ուսուցիչներ… Սփյուռքի նախարարությունը մեր հոգսերի կեսը վերցրեց իր ուսերին: Աշխարհով մեկ սփռված հայերի համար Սփյուռքի նախարարությունը փարոս է: Բելառուսում պաշտոնական տվյալներով 8.532 հայ է ապրում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 15000 հայ, Մինսկում` ուղիղ կեսը:
Համայնքը դեռևս չունի իր եկեղեցին, բայց ունենք խաչքար, որի շուրջ հաճախ մենք հավաքվում ենք տարբեր առիթներով: Ունենք կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում են մոտավորապես 100 աշակերտներ` սովորելու մայրենին, ծանոթանալու հայ մշակույթին ու պատմությանը: Համայնքն ունի շատ հայտնի «Էրեբունի» պարի համույթը, որի համբավը տարածված է Մինսկից դուրս. ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած բոլոր միջոցառումներին մասնակցել է «Էրեբունին», պարախումբը համերգներով շրջագայել է Չեխոսլովակիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում: Խումբը մասնակցել է մրցույթների, դարձել մրցանակակիր: Կիրակնօրյա դպրոցին կից ունենք մանկական երգչախումբ և մանկական պարախումբ: Ունենք էլեկտրոնային օրաթերթ, ուր տեղադրում ենք համայնքի հայության կյանքի, առօրյայի, հաջողությունների և խնդիրների մասին պատմող նյութեր: Մեր համայնքը ոչ մի բանի պակաս չունի. եթե ինչ-որ խնդիր ենք ունենում, նամակով դիմում ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը, և բոլոր հարցերը լուծվում են:
Այստեղ գտնվելուս առիթը ՀՀ սփյուռքի նախարարության հոբելյանն է. ես մեր համայնքի անունից սրտանց շնորհավորում եմ նախարարին և նախարարության ողջ աշխատակազմին` իրենց հայրենանվեր աշխատանքի համար, որի 5 տարին հավասար է ուրիշների 10 տարվա աշխատանքներին:
Գեորգի Եզիազարյան
Ինձ համար շար կարևոր է մեր ազգային արժեքների գնահատումն ու պահպանումը, որը լավագույնս իր բաժնով ապահովում է Սփյուռքի նախարարությունը:
…Ես սովորել եմ Կիևի Ավիացիայի ինստիտուտում, ապրում և աշխատում եմ Մինսկում: «Բելավիա»-ի արտադրական ծառայության բաժնի պետ եմ եղել, ղեկավարել եմ ավիակամպանիա, մյուս ավիակամպանիայում փոխտնօրեն եմ եղել, հետո` գլխավոր տնօրեն: Դժվար է երկու աշխատանք կատարել` լինել և´ համայնքում, և´ ավիացիայում, սակայն երկուսն էլ ինձ համար շատ կարևոր են ու սիրելի:
Համայնքում միշտ էլ աշխատանք կա. արդեն սկսել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրերի մշակումը, նախապատրաստական աշխատանքները, միջոցառումների իրականացումը: Մեզ պետք է աշխարհը ճանաչի միայն լավագույնի առումով, մենք դրա համար ունենք բոլոր նախադրյալները: Ցավոք, օգոստոսի 17-ին Բրեստում տհաճ միջադեպ գրանցվեց. հայերին ծեծեցին այսպես կոչված «Դինամո Բրեստ» կազմակերպության ֆանատները, ազգայնամոլները, հետո նրանցից երկու հոգի փախան դեպի անտառներ, մեկը գետով փախչելիս խեղդվեց… Նրանք սկսեցին ցույցեր անել, ստեղծվեց մի տհաճ, տագնապալի իրավիճակ, բայց հետո ամեն ինչ արվեց, որ հարթվի լարված իրավիճակը, և խաղաղություն տիրի: Փառք Աստծո, երկու կողմերում էլ հանդարտվեց ամեն ինչ. հիմա ոչ մի խնդիր չունենք: Հայերը միշտ էլ հարգված են եղել և բարեկամական լավագույն հարաբերություններ ունեն բոլորի հետ: Դրսում ապրող յուրաքանչյուր հայի համար կարևոր է թիկունքում զգալ Հայրենիքի գոյությունը, հզորությունը:
Կարեն Մկրտչյան.
-2010թ. մեծ շուքով մենք նշեցինք մեր համայնքի 300-ամյակը: Մեր տոնին միացան ՀՀ նախագահը, ՌԴ-ի նախագահը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Մեր համայնքում վերածնունդ սկսվեց, երբ Սանկտ Պետերբուրգ (այն ժամանակ` Լենինգրադ) եկավ Եզրաս Սրբազանը: 1987թ. Լենինգրադի հայկական համայնքն աննախադեպ վերելք ապրեց. մեզ վերադարձրեցին մեր եկեղեցիները: Ունենք երեք եկեղեցի, կիրակնօրյա դպրոց, քաղաքային մեծ դպրոց, մշակութային մեծ կենտրոն:
Չորս պարախումբ ունենք, Երիտասարդաց միություն` «Նոր սերունդ» անվամբ, Կանանց միություն` «Հռիփսիմե», Վետերանների միություն, այս տարի նշում ենք մեր «Հավատամք» թերթի 20-ամյակը, որը ղեկավարում է մեր փայլուն գրող, բանաստեղծ Արմեն Մերուժանյանը: Այս տարիներին մոտ 80-ի չափ գիրք ենք վերատպել` կապված հայ արվեստի, մշակույթի, գիտության հետ: Ամեն առումով մեր համայնքը յուրահատուկ է. բոլորս համախմբված ենք ազգային արժեքների շուրջ: Ունենք երկու տարի առաջ ստեղծված Պետերբուրգի Երիտասարդաց սիմֆոնիկ նվագախումբ, որում ընդգրկված են ոչ միայն հայեր: Դիրիժորն ընդամենը 21-ամյա հայ երեիտասարդ է: Չգիտեմ մի այնպիսի այլ համայնք, որն ունենա սիմֆոնիկ նվագախումբ: Այն իր ծրագրում ներառում է հայ կոմպոզիտորների և համաշխարհային դասականների գործեր: Հզոր համայնք է: Սակայն կա մի բայց… Ունենք մեծ դպրոց, ուր կարող են սովորել 600 երեխա, բայց հաճախում է 80 երեխա: Պատճառաբանում են հեռավորությունը, սակայն ավտոբուս էլ ենք տրամադրում… Այդ 80 երեխաներն էլ ստիպված են սովորում: Հավաքել ենք ծնողներին, զրուցել, փորձել գտնել պատճառները: Ինձ համար հանելուկ է, թե ինչու հայ ընտանիքների երեխաները չեն ուզում հաճախել հայկական դպրոց, ուր բոլոր պայմաններն են ստեղծված լավագույն ուսումը ստանալու համար` պատրաստված մասնագետ-ուսուցիչներ, դասագրքեր, հագեցած առօրյա, բայց…
Կարեն Մկրտչյան
Այս համաժողովի ընթացքում հնչած կարևորագույն հարցը պիտի համարել հայոց լեզվի խնդիրը ԱՊՀ տարածաշրջանի երկրներում, ուր, գաղտնիք չէ, որ նոր սերունդը մոռանում է հայոց լեզուն … Ի՞նչ անել, ինչպե՞ս… Այս խնդիրն ամենից անհանգստացնողն է:
…1985-ին գնացել եմ Լենինգրադ, սովորել այնտեղ, ամուսնացել: Իմ գնալը փախուստ չի եղել Հայրենիքից. ես միշտ էլ Հայրենիքի հետ եմ մնացել:
Մասնագիտությամբ պատմաբան եմ և շատ եմ ուզում, որ դրսում ապրող հայ երեխաները, երիտասարդները լավ իմանան հայոց պատմությունը և այդ պատմության կարևոր, խոշոր իրադարձություններն ու դրվագները: Անկեղծորեն պիտի ասեմ, որ նոր սերունդը հետաքրքրված չէ իր ժողովրդի պատմությամբ, գրականությամբ, թեև այդ ուղղությամբ համայնքը շատ գործ է անում. կարծում եմ` այստեղ ավելի կարևոր է ընտանեկան միջավայրը, ընտանիքի գործոնը:
Համայնքն աշխատում է ժրաջան մեղվի պես. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շատ մեծ ծրագիր ունենք` հուշարձանի տեղադրում, գրքերի տպագրություն, կոնֆերանսներ և այլն: Առաջին համայնքներից ենք, որ ստեղծեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտե, ուր ներգրավված եմ նաև ես: Աստված ուժ, համախմբվածություն տա մեզ, որ իրականացնենք մեր ծրագրերը: Դա մեր հոգու սուրբ պարտքն է և խոնարհումը 1915թ. նահատակված անմեղ զոհերի հիշատակին:
Կարինե Ավագյան