Ամերիկացի ցեղասպանագետը կոչ է անում ԱՄՆ նախագահի թեկնածուներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահի թեկնածուները պետք է արտահայտեն իրենց հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է անկախ հետազոտող, Զորյան ինստիտուտի ցեղասպանություն եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի անդամ եւ Ցեղասպանագիտություն միջազգային ամսագրի նախկին խմբագիր Սամուել Տոտենը Զորյան ինստիտուտի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

«ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ խուսափել է Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ շարունակում է դա անել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: ԱՄՆ-ի նման դիրքորոշումը ուղղիղ հակառակն է Գերմանիայի օրինակին: Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը ոչ միայն ընդունեց իր իսկ ազգի ներգրավվածությունը 1915 թվականի դեպքերին, այլեւ  անվանեց մարդկության այս ողբերգությունն իր անունով՝ ցեղասպանություն: Բունդեսթագի քվեարկությունը պետք է ծառայի որպես վառ օրինակ  մյուս ազգերի համար, որոնք դեռեւս նույն դիրքորոշումն ունեն, ինչ ԱՄՆ-ն»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասել է նա:

Ցեղասպանագետի խոսքով՝ ԱՄՆ այժմյան կառավարությունը պետք է օրինակ վերցնի անցյալից:

«Այն կարող է որդեգրել արժեքներ իր նախնիներից, մասնավորապես, դեռեւս ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուից, ով տեղեկացրել էր այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին հայերի սպանդի մասին: Այդ ժամանակներից ի վեր Մորգենթաուն եւ ԱՄՆ կառավարությունը սկսեցին աշխատանքներ տանել տարբեր ուղղություններով:  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ մեծածավալ ջանքերն ուղղված էին  միլիոնների հասնող դրամահավաքների կազմակերպմանը եւ դրանց տրամադրմանը կարիքավորներին: Այլ խոսքերով՝ ԱՄՆ կառավարությունը եւ ամերիկացիները հրաժարվում էին լինել հայերի բնաջնջման կողմնակիցները: Նրանք հրաժարվում էին հերքել այդ պատմական իրողությունը»,-նշել է նա:

Սամուել Տոտենի կարծիքով՝  ԱՄՆ այժմյան դիրքորոշման պատճառը թերեւս Թուրքիայի ճնշումներին տուրք տալն է:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը այժմ արդեն ԱՄՆ-ի համար պարզապես բարոյական հարց չէ, այլ երկրի արժանահավատության: Ինչպես կարող է ԱՄՆ-ն դատապարտել այլ երկրներում իրականացվող մարդու իրավունքների խախտումները, կիրառել պատժամիջոցներ, երբ այն չի կարող ազնվորեն առերեսվել անվիճելի պատմական փաստին: Նախագահ Օբամայի համար ուշ չէ փրկել իր համբավը եւ արժանահավատությունը երկրի հանդեպ՝ միջազգայնորեն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սա է ճիշտ ժամանակը»,-ընդգծել է Սամուել Տոտենը:

Scroll Up