ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում Պեկինում

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Պեկինի Ջինթայի արվեստի թանգարանում (Beijing Jintai Art Museum), հայկական մոտիվներով ձևավորված ցուցասրահում, տեղի ունեցավ հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Ս․Մանասարյանը, ով հակիրճ ներկայացրեց Հայաստանի անկախության տարիների անցած ճանապարհը, առանձնահատուկ կարևորեց մեր երկու երկրների միջև մշակութային փոխհամագործակցությունը, ընդգծելով մշակութային շփումների և փոխանակումների դինամիկան:
«Չինաստանում Հայաստանի Անկախության տարեդարձի շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումը լավ առիթ է չինացի արվեստասեր հասարակությանը ներկայացնել հայկական գեղարվեստը» – նշեց դեսպան Մանասարյանը։
Բացման արարողությանը ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՉԺՀ մշակույթի նախարարության պաշտոնյաներ, չինացի արվեստասերներ, ինչպես նաև՝ մի շարք չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: