«Հայաստանն իմ սրտում և մտքում է».«Արի տուն»-2016 ծրագրի մասնակից

«Ես ապրում եմ մի ընտանիքում, որտեղ ամեն օր հայրենասիրության, ազգապահպանության և հայկական մշակույթի մասին է խոսվում: Ծնողներս ամեն ջանք գործադրում են, որ ես ու եղբայրս, օտար միջավայրում ապրելով, արժանապատիվ հայ մեծանանք»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակից,  Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից Հայաստան ժամանած Միքայել Գևորգյանը:

Միքայելը Բուլղարիայում երեք տարի հայկական դպրոց է հաճախել, որից հետո ուսումը բուլղարական դպրոցում է շարունակել: Բուլղարահայ պատանին կիրակի օրերին՝ Պատարագի ժամանակ, Բուլղարիայի Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբում է երգում:

Ճիշտ է՝ հեռվում է ապրում, սակայն Հայաստանը միշտ Միքայելի սրտում և մտքում է: Ցավում է, երբ Հայաստանից և Արցախից վատ, տագնապալի լուրեր է լսում: Նրա երազանքն է, որ հայ ժողովուրդը անամպ երկնքի տակ ապրի, իսկ աշխարհասփյուռ հայորդիները Հայաստանի շուրջ մեկտեղվեն:

15-ամյա Միքայելն իր հայրենասեր լինելը  հետևյալ կերպ է բացատրում. «Մայրս՝ Աղավնի Գևորգյանը, Պլովդիվում ՀՀ հյուպատոսությունում է աշխատում, որտեղ ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանի գործուն մասնակցությամբ՝ հայապահպան տարբեր ծրագրեր է իրականացնում, հայկական մշակույթի փառատոներ կազմակերպում՝ բուլղարահայերին օգնելով պահպանել ազգային ինքնությունը: Մայրիկիս ազգային շունչն ու ոգին, բնականաբար, չէր կարող ինձ  չփոխանցվել»:

«Արի տուն» ծրագրում Միքայելը հաճելի ժամանակ է անցկացնում, այցելած վայրերից մեծ տպավորություն է ստացել, որոնցից առանձնացնում է Նորավանք վանական համալիրը, ինչպես նաև՝ զորամաս կատարած շրջայցը, որտեղ ծանոթացել է զինվորների առօրյային և սնվել նրանց ճաշացանկից:

«Արի տունն ինձ ընկերական լայն շրջապատ տվեց, նաև՝ հայերենի, հայոց պատմության մասին գիտելիքներիս պաշարը հարստացրի: Ծրագրի շրջանակներում ապրելով Արմենի և Ելենայի հյուրընկալ ընտանիքում՝ վայելեցի նրանց սերն ու ջերմությունը: Չնայած տանտիկինը ազգությամբ ռուս է, բայց հրաշալի հայերեն է խոսում և իր երեխաներին հայեցի դաստիարակություն տալիս: Մեզ համար նաև համեղ ուտեստներ է պատրաստում, որոնցից խինկալին շատ սիրեցի»,-եզրափակեց  իր խոսքը Միքայելը:

Գևորգ Չիչյան

միքայել1Միքայել3

Scroll Up