«Հայ երիտասարդները հետաքրքրված են համահայկական շահերի պաշտպանությամբ».Պետո Դեմիրճյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասին «Հայերն այսօրը» զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ով նաև ընդգրկված էր երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբում և հուլիսի 13-ին հանդես եկավ «Եվրոպայում Հայկական հարցերի վերաբերյալ արդյունավետ քաղաքականություն և որոշումների ընդունում» թեմայով զեկուցմամբ:

Պետո Դեմիրճյանը, կարևորելով համաժողովի կազմակերպումը, նշեց. «Ինքնին գովելի և ուշադրության արժանի նախաձեռնություն է, քանի որ աշխարհի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողները մեկտեղվել են Հայաստանում՝ քննարկելու բոլորիս համար կարևոր հարցեր, այն է՝ երիտասարդ մասնագետների կողմից հետագայում Հայրենիքում իրենց մասնագիտական ներդրումները կատարելու խնդիրը: Այս օրերի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ըստ մասնագիտությունների՝ խմբերի բաժանվել և խոսել լայնածավալ հարցերի շուրջ: Այս հավաքը նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստելու  լավագույն միջոցներից է»:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն հույս հայտնեց, որ նման ձեռնարկները շարունակական բնույթ կկրեն և հետագայում ավելի ընդլայնված կազմով կլինեն ոչ միայն ուսանողների, այլև՝ սփյուռքյան տարբեր երիտասարդական կազմակերպությունների անդամների մասնակցությունը, քանի որ այդ ամենը կազմակերպելու համար բոլոր  նախադրյալները կան:

«Հայ երիտասարդները հետաքրքրված են համահայկական շահերի պաշտպանությամբ, որի մեջ, անշուշտ, ներգրավված են Հայ դատի արդարացի լուծման և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերը. նրանք իրենց մտահոգությունն են կիսում, տեսակետները  հնչեցնում՝ փորձելով հնարավորինս օգտակար լինել Հայրենիքին: Պարզապես նրանց ավելի շատ պետք է ընդգրկել այս հավաքների մեջ և խթանել նրանց առաջընթացը, որպեսզի յուրաքանչյուրն իր ոլորտում փորձառություն ձեռք բերի և վստահությամբ լցվի»,-նշեց Պետո Դեմիրճյանը:

Զրույցի վերջում Պետո Դեմիրճյանն անդրադարձավ նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ծավալած գործունեությանը՝ իր խոսքում մասնավորապես ասելով. «Մեր աշխատանքներն անվերջ են, օրակարգում միշտ Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության  հարցերն են, որոնց ուղղությամբ մշտական գործընթացի մեջ ենք գտնվում: Օժանդակում ենք նաև Եվրոպայի հայ համայնքների համախմբված աշխատանքներն  իրականացնելուն:

Այժմ մեր ուժերը կենտրոնացրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Մոտ երկու շաբաթ առաջ Արցախյան քառօրյա պատերազմի հարցերի հետ կապված՝ Բելգիա հրավիրեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որից անմիջապես հետո մեզ մոտ եկավ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նրանք տարբեր մակարդակներով հանդիպումներ ունեցան քաղաքական, հասարակական կազմակերպությունների անդամների և հայ համայնքի հետ: Հանդիպումներ ունեցան նաև Բելգիայի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ՝ ամրապնդելու ԼՂՀ-Բելգիա կապը:

Քննարկումներ ծավալվեցին նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի և հետագայում դրանից բխող անելիքների շուրջ»:

Գևորգ Չիչյան

IMG_0136լսարան Ծիծեռնակաբերդ

Scroll Up