«Համոզված եմ, որ մեր աշխարհասփյուռ երիտասարդ մասնագետները հետագայում կփորձեն առաջին հերթին ներդրում անել իրենց Հայրենիքում». Նարինե Գրիգորյան
«Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական համահայկական համաժողովի շրջանակներում «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խմբի հետ աշխատող, «Վարդանանաց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ, մանկաբույժ Նարինե Գրիգորյանի հետ:
-Տիկի՛ն Գրիգորյան, ինչու՞ հենց Ձեր կենտրոնում որոշվեց անցկացնել այս երիտասարդական համաժողովի գործնական աշխատանքները. դո՞ւք եք առաջարկել, թե՞ ձե՛զ են առաջարկել:
-Թող անհամեստ չհնչի, սակայն պետք է ասեմ, որ մեր կենտրոնը հաճախ է մասնակցում նման ծրագրերի: Մեր կենտրոնի դռները միշտ բաց են նման միջոցառումների համար, սիրով ընդունում ենք բժշկագիտության մեջ տեղի ունեցող նորարարական ծրագրերի, նորամուծությունների շուրջ տարվող ցանկացած նախաձեռնություն, մանավանդ, եթե դրանում ներգրավված են արտերկրում սովորող, ապրող մեր հայորդիները: Ի նպաստ Հայրենիքի արվող ցանկացած նախաձեռնություն ողջունում ենք և հնարավորինս աջակցում:
-Քանի՞ մասնակից է աշխատելու կենտրոնում:
-Աշխատանքային խումբը բաժանվել է երեք մասի. մի խումբն աշխատելու է Գարգարի ազգաբնակչության հետ, մյուս խումբը միշտ աշխատելու է «Վարդանանց» կենտրոնում և մշակելու է Գարգարից ստացվող տեղեկատվությունը: Չորս օր շարունակ Գարգարում գտնվող խումբը կուսումնասիրի տեղի բնակիչների ունեցած առողջական խնդիրները, կգրանցի նրանց, հավաքած տվյալները կփոխանցի կենտրոնում աշխատող խմբին: Գարգարում աշխատող երիտասարդները հե՛նց բժշկագիտություն ուսումնասիրողներն են. այդ խմբում ներգրավված են թե՛ Հայաստանում սովորող, թե՛ արտերկրից եկած ուսանողներ:
–Ինչպե՞ս եք ստանում Գարգարից ուղարկվող տեղեկատվությունը, հաղորդակցման ո՞ր միջոցն եք ընտրել:
-Մենք նրանց համար պատրաստել ենք հատուկ ծրագիր, ըստ որի, նրանք համակարգչում ներբեռնելով տվյալները, փոխանցում են մեզ:
–Տիկի՛ն Նարինե, ո՞րն է ծրագրի՝ Գարգարում նման աշխատանք կատարելու միտումը:
-Գաղափարն այն է, որ մարզերում ևս զարգացնենք մարզային բժշկական կենտրոնները, որպեսզի մարդը կարողանա իր բնակավայրում ստանալ բժշկական լիարժեք ծառայություն: Տվյալները պաշտպանված կապով ( որպեսզի հանկարծ որևէ մեկը չկարողանա գաղտնի բժշկական տվյալների շտեմարան ներթափանել) կուղարկեն մեզ և եթե անհարաժեշտ լինի, մեր բժիշկներն առցանց խորհրդատվություն կանցկացնեն հիվանդի հետ: Եթե պարզվի, որ անհրաժեշտ է որևէ հետազոտություն, որը պետք է կատարվի Վանաձորում կամ Ստեփանավանում, մենք այդ բժշկական կենտրոնների միջոցով կիրականացնենք, եթե լինեն դեպքեր, որոնք միայն Երևանում կարելի է իրագործել, ապա կկազմակերպենք մեր մայրաքաղաքում:
-Սա կարելի՞ է համարել ոչ միայն երիտասարդական համաժողով, այլև՝ ուսումնական գործնական պրակտիկա:
-Իհարկե՛, պրակտիկ աշխատանք, որն ուղղված է Գարգարի ազգաբնակչության հիվանդացության ցուցանիշների նվազմանը, այսինքն՝ բժշկական լուրջ գործնական աշխատանք է կատարվելու. տարբեր պատճառներով շատերը բժշկի չեն դիմել , կուտակել են դրանք, հաճախ հասել բարդ վիճակների, և հիմա դրանք պետք է բացահայտվեն: Ասեմ, որ ծրագրի 3-րդ խումբն էլ ազգաբնակչությանը շատ հանրամատչելի կերպով պետք է ներկայացնի ճիշտ ապրելակերպի կարևորությունը: Հայաստանում սիրտանոթային հիվանդությունների ցուցանիշը բարձր է, մահացությունն այս դեպքում 40% է կազմում, ուստի նախատեսված է դասախոսություններ կարդալ ճիշտ սննդակարգի, վնասակար սովորույթներից ձերբազատվելու( ալկոհոլի չարաշահում, ծխել, անկանոն սնվել) թեմաներով: Թվում է, թե այդպիսի բնության գրկում ապրող մարդիկ պետք է մաքուր սնունդ օգտագործեն, առողջ լինեն, սակայն դա այդպե չէ. հարկավոր է նաև գրագետ սնվել, ճիշտ մշակել օգտագործվող սնունդը:
-Նման միջոցառումներից լավ արդյունքների ակնկալիք ունե՞ք:
-Բնականաբար, նրանց հետաքրքրվածությունը, ոգևորությունը, պատրաստակամությունը լավ արդյունքների ակնկալիք են ներշնչում: Համոզված եմ, որ նրանցից շատերը հետագայում անպայման իրենց մասնագիտության շրջանակներում կփորձեն առաջին հերթին ներդրումներ անել Հայրենիքում:
Լավատեսական այս նոտաներով էլ ավարտում եմ զրույցս Նարինե Գրիգորյանի հետ՝ մաղթելով համատեղ աշխատանքի նշանակալի և տպավորիչ արդյունքներ:
Կարինե Ավագյան