«Հայաստան. ստեղծենք միասին». Փոքր հասակից՝ հետաքրքրված եմ ճարտարապետությամբ

Ռիտա Դեեկը մեկ տարի առաջ է Սիրական ճգնաժամի պատճառով ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվել: Դպրոցն ավարտելուց հետո՝ երկու տարի Հալեպի պետական համալսարանում է սովորել, սակայն Սիրիայում սկսված պատերազմի պատճառով ուսումը կիսատ է թողել :

Հաստատվելով Մայր հայրենիքում՝ Ռիտան որոշել է բարձրագույն կրթությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ճարտարապետություն» ֆակուլտետում շարունակել:

«Սիրում եմ նորարարությամբ զբաղվել: Դեռևս փոքր հասակից՝ հետաքրքրված եմ ճարտարապետությամբ. Հալեպում միշտ հետևում էի, թե ինչպիսի շինություններ էին կառուցվում: Հիշում եմ, երբ փողոցով քայլում էի և շինարարական աշխատանքների հանդիպում, կանգնում էի և ակնդետ հետևում դրանց ընթացքին»,- «Հայերն այսօրի» հետ զույցում իր հուշերով կիսվեց Ռիտան և հավելեց, որ մասնագիտական ընտրության հարցում իր վրա մեծ ազդեցություն է ունեցել հին հայկական ճարտարապետությունը: Ռիտային հոգեհարազատ է հատկապես Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որից նա հզոր լիցքեր և անսպառ էներգիա է ստանում:

Ռիտան շատ է ուրախանում՝ տեսնելով, թե ինչպես է Երևանն օրըստօրե տարբեր շինություններով գեղեցկանում, որոնք մայրաքաղաքն ավելի ժամանակակից են դարձնում:

Մասնագիտական գիտելիքները հարստացնելու համար՝ նա այժմ ՀԲԸՄ-ի ծրագրերի շրջանակում Երևանի ճարտարապետական գրասենյակներից մեկում պրակտիկա է անցնում:

Ռիտան կարծում է նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված  «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին մասնակցելն իր մասնագիտական վերելքին շատ է նպաստելու:

Առաջին անգամ այսօրինակ համաժողովի մասնակցելով՝ ցանկանում է հնարավորինս շատ փորձառություն ձեռք բերել, որպեսզի  հետագայում հասարակությանն իբրև կայացած ճարտարապետ ներկայանա:

Գևորգ Չիչյան

ստեղծենք միասին1

Scroll Up