«Մեր զավակներին հայրենասիրություն ու հայասիրություն ենք կտակում». Արա Հալաջյան
«Մենք պետք է ձգտենք պահպանել մեր հայկական արյունը, մեր ինքնությունը»
ՀՀ սփյուռքի նախարարությունում Լիբանանից հյուրընկալված գրաֆիկական դիզայներ Արա Հալաջյանի և նրա որդու՝ Բեյրութի Հռիփսիմյաց վարժարանի սան Մհեր Հալաջյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Հալաջյան, տեղեկացա, որ Ձեր այցի նպատակը մասնավորապես Հայաստանում շրջագայելն է. կարողացա՞ք 10 օրվա ընթացքում լիարժեքորեն իրականացնել Ձեր ցանկությունը:
-Տարին մեկ անգամ կամ էլ ՝ երկու տարին մեկ գալիս եմ Հայաստան. այս անգամ ընտանիքիս հետ եմ եկել: Ինձ հետ միշտ եկել է զավակս՝ Մհերը, ով Հռիփսիմյաց վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ է: Ասեմ, որ այցելությանս առիթը նաև Հռոմի Պապի Հայաստան կատարած ուխտագնացությանն ու տիեզերական (էկումենիկ) արարողությանը ներկա գտնվելն էր:
-Ի՞նչ աշխատանքով եք զբաղված Բեյրութում:
-Մոտ 20 տարի է, ինչ գրաֆիկական դիզայներությամբ եմ զբաղվում. ունեմ իմ գրասենյակը, կատարում եմ նաև տպագրական աշխատանքներ: Այդ գրասենյակի ծառայություններից օգտվողների թիվը մեծ Է:
-Պարո՛ն Հալաջյան, իսկ ի՞նչ գործունեությամբ եք զբաղված համայնքի շրջանակներում:
–Ես համայնքի Հռիփսիմյաց վարժարանի խորհրդի անդամ էի. մեր խորհուրդը մշտապես աջակցում է դպրոցին, ես էլ ջանացել եմ հնարավորինս օգտակար լինել մեր դպրոցին: Անցյալ տարի Հայաստանից կարողացանք մի խաչքար տանել և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տեղադրել վարժարանի տարածքում, այնտեղ տեղադրվեց նաև հուշարձան, գեղեցիկ մոմոկալներ դրվեցին, ուր 100 աշակերտ զետեղեցին 100 մոմեր: Այդ խաչքարն ու հուշարձանը միշտ խորհել կտան աշակերտներին, կհիշեցնեն 1915-ի հայ ժողովրդի հանդեպ դաժան ոճրագործության մասին, որպեսզի հայորդիների հոգում միշտ վառ մնա մեր անմեղ զոհերի հիշատակը, որպեսզի հայ պատանիներն ու աշակերտները խնկարկումով խոնարհվեն այդ հիշատակը խորհրդանշող խաչքարի մոտ: Կարծում եմ՝ դա էլ մի ինքնատիպ դաս է:
Իմ կապը ՀՀ սփյուռքի նախարարության հետ սկսվեց հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, երբ ՀՀ սփյուռքի նախարարը գտնվում էր Լիբանանի հայկական դեսպանատանը: Մեր խաչքարի բացման օրը նախարար տիկին Հակոբյանը տեսաուղերձ էր ուղարկել, որը ցուցադրվեց ներկաներին և մեծ ոգևորություն առաջացրեց: Այդ տարին՝ 2015-ը, առանձնահատուկ էր, որովհետև առաջին անգամ ապրիլի 24-ին Լիբանանի կրթության նախարարի որոշմամբ բոլոր դպրոցները փակվեցին, և բոլոր աշակերտները տեղեկացան 1915թ. Հայոց ցեղասպանության մասին, իմացան, որ Ապրիլի 24 կա, որ 1915թ. այդ օրը թուրք ենիչերիները դաժանորեն սպանել են հայ մտավորականներին:
-Ի՞նչ է, Լիբանանում կան հայեր, ովքեր չգիտե՞ն Հայոց եղեռնի մասին:
-Շատ մարդիկ չգիտեին. Լիբանանում կան շրջաններ, որտեղ հայեր չկան. հնարավոր է, որ նոր սերնդից շատերը չգիտեին այդ մասին, սակայն այս առիթով բոլոր վարժարանների փակվելը շատերի մոտ հարց առաջացրեց, հետաքրքրվեցին, թե ինչ է եղել 1915-ին: Վարժարանի խաչքարի մոտ ապրիլի 24-ին աշակերտները ծաղիկներ խոնարհեցին և 100 մոմ զետեղեցին. բացման օրը ներկա էր Լիբանանում Հայաստանի դեսպանը, ներկա էին բոլոր համայնքների ներկայացուցիչները, Հայ կաթողիկե եկեղեցու երջանկահիշատակ կաթողիկոս Ներսես Պետրոսը, Հռոմի Պապական ներկայացուցիչ կարդինալ Նոսը:
-Ո՞վ է խաչքարագործ վարպետը և ու՞մ հովանավորությամբ պատրաստվեց այն:
-Խաչքարագործը Զավեն Փալիկյանն է, հովանավորել է իմ բարեկամ, բարեգործ Շահե Բոյաջյանը:
-Պարո՛ն Հալաջյան, խոսենք Հռիփսիմյաց վարժարանի մասին:
-Հռիփսիմյաց վարժարանը 12-ամյա է, այն հիմնադրվել է 1922-ին Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միաբանության կողմից: Սկզբում եղել է բացառապես աղջիկների նախակրթարան, աստիճանաբար ավելացել են միջնակարգ և երկրորդական բաժիններ, իսկ 1980-ից դարձել է երկսեռ ուսումնական հաստատություն: Այն շարունակ տեղից տեղ է փոխադրվել՝ միշտ ընդլայնելով տարածքը: Լիբանանի պատերազմի պատճառով պակասել է աշակերտների թիվը: Դպրոցն ունի բարի համբավ և ուսման բարձր մակարդակ է ապահովում: Այնքան լիարժեք ու բարձր կրթություն է տալիս, որ ցանկացած շրջանավարտ կարող է իր ձեռք բերած գիտելիքների պաշարով բարձրագույն կրթություն ստանալ աշխարհի ցանկացած լավագույն համալսարանում:
-Ի՞նչ անուն կտաք Հայաստանին:
-Հրա՛շք: Հայաստանը մեր տունն է, հպարտ ենք, որ Հայրենիք ունենք: Այսօր բախտ ունեցանք ներկա գտնվելու «Արի տուն -2016» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությանը. երանի՜ այսօրվա սփյուռքահայ երիտասարդներին. մեր ժամանակ այսպիսի նախաձեռնություն չկար: Օրերս այցելեցինք նաև մեր Անարատ հղության քույրերի Զվարթնոցի ճամբար, որի կողքին «Արի տան» ճամբարն էր և երջանիկ պատահականությամբ ականատեսը դարձանք 2-րդ փուլի փակման արարողությանը:
–Պարո՛ն Հալաջյան, Ձեր որդին չի՞ մասնակցում «Արի տուն» ծրագրին…
-Հուսանք, որ հաջորդ տարի կմասնակցի, մեծ ցանկություն ունի:
-Մհե՛ր, միայն հայրիկիդ ցանկությա՞մբ ես եկել Հայասատն….
-Ո՛չ, ինքս էլ միշտ ցանկություն եմ ունեցել այցելել Հայրենիք, իսկ այս անգամ եկանք ընտանիքով : Շատ լավ տպավորություններ ունեմ. հոստեղը շատ աղվոր է: Կարգ մը հեռու գյուղեր այցելեցինք: Շատ եմ հավանում Էջմիածինը, ուր ներկա եղանք Հռոմի Պապի այցելության ժամանակ: Իմ երազների Հայաստանն իրականության մեջ շատ ավելի գեղեցիկ Է:
-Պարո՛ն Հալաջյան, հարցս կրկին ուղղեմ Ձեզ. ի՞նչ ցանկություն ունեք՝ կապված Հայաստանի և հայոց լեզվի հետ:
-Կուզեմ, որ մեկ միասնական հայոց լեզու ունենանք, չկորցնենք մեր գեղեցիկ արևմտահայերենը: Մեզ համար դրսում հայ մնալն այնքան էլ դյուրին չի եղել. հայոց լեզվի և հավատքի, մեր մշակույթի շնորհիվ ենք պահպանում մեր ինքնությունը: 100 տարի օտարի հողում մենք կարողացել ենք հայ մնալ: Ցավոք, նոր սերունդն իր փոքրիկներին ձգտում է օտար դպրոց տալ այն սխալ մտայնությամբ, թե հայկական դպրոցը լավ մակարդակի ուսում չի կարող ապահովել: Մենք պետք է ձգտենք պահել մեր հայկական արյունը, մեր ինքնությունը, մեր լեզուն:
…Վերադառնամ խաչքարի պատմությանը և ասեմ, որ մենք Հայաստանից 6 խաչքար ենք տարել, որոնցից մեկը դեռ չի տեղադրվել, թեև տեղը որոշված է, մնում է որոշենք օրը և առիթը, որը չի ուշանա: Այս գործն անհատական ջանքերով ենք արել՝ պատգամելով ապագա սերնդին. մենք մեր զավակներին հայրենասիրություն ու հայասիրություն ենք կտակում:
-Շնորհակալությու՛ն Ձեզ , հայր և որդի՛ Հալաջյաններ, թո՛ղ հայրենասիրության կրակը միշտ վառ մնա Ձեր ընտանիքում և, Աստծո կամոք, ամեն տարի Հայաստան՝ տուն այցելեք:
Կարինե Ավագյան