Ռումինիայի հայոց միության 7-րդ ազգային կոնֆերանսի աշխատանքները

Հուլիս 2-ին Բուխարեստի մեջ տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց Միության 7-րդ Ազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին Բուխարեստի  և ՌՀՄ 14 մասնաճյուղերի 120 պատվիրակներ: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ՌՀՄ մամուլի գրասենյակից:

Հայաստանի և Ռումինիայի Ազգային օրհներգերի կատարումից հետո ելույթ ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան պրն. Համլետ Գասպարյանը: Իր խոսքում հարգարժան դեսպանը շնորհակալություն հայտնեց և ընդգծեց ՌՀՄ-ի վերջին  չորս տարիների ունեցած կարևոր գործունեությունը, որը մեծապես նպաստել է Ռումինիայի և Հայաստանի հարաբերությունների առավել սերտացմանը: Պարոն Գասպարյանը շեշտեց, որ ՌՀՄ-ը այս տարիներին կարևոր լումա է ներդրել ազգային ինքնության պահպանման գործում և միաժամանակ կարևորեց ՌՀՄ ներկայացուցիչների, մասնավորապես ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի և փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանի խաղացած նշանակալի դերը՝ հայերի ունեցած բարձր նկարագրի համար ոչ միայն Ռումինիայում, այլև Հայաստանում և Սփյուռքում:

   Այնուհետև ելույթ ունեցավ պարոն Վարուժան Ոսկանյանը, որ իր բացման խոսքից հետո ներկաներին խնդրեց  մեկ րոպե լռությամբ հարգել վերջին 25 տարիների ընթացքում վախճանված բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր իրենց գործունեությամբ մեծ նպաստ են բերել Հայոց միության հեղինակության բարձրացմանը: (Ապա ընթերցվեց Լոս Անջելեսի «Րաֆֆի» հայկական կազմակերպության նախագահ պարոն Արա Եղիկյանի ուղերձը՝ ուղղված կոնֆերանսի մասնակիցներին):

 Այնուհետև ներկայացվեց ՌՀՄ վերջին  հինգ տարիների գործունեության հաշվետվությունը, որում ընդգծվեց մասնաճյուղերի խաղացած դերը՝ հատկապես մշակութային ոլորտում, ինչպես Պաքըուի, Կլուժի, Կեռլայի մասնաճուղերը, որ միշտ էլ աչքի են ընկել իրենց փայլուն կազմակերպվածությամբ և ոչ միայն համայնքի ներսում: Վերջին տարիները Հայոց միության մեջ ստեղծվել են նոր մասնաճյուղեր  Ռոմանում, Պայա-Մարեում, քանի որ այս քաղաքների ներկայացուցիչները  եղել են ավելի գործուն՝ տեղական միջոցառումներ  կազմակերպելու հարցում:

Հաշվետվության մեջ ներկայացվեց նաև կազմակերպված մեծ նախագծեր, ինչպես օրինակ՝  Հայկական փողոցի փառատոնը, որ վերջին տարիները դարձել է նաև Բուխարեստի մշակութային գործունեության գլխավոր առանցքը: Այս փառատոնին մասնակցել են ոչ միայն հրավիրյալներ Հայաստանից, այլև Ռումինիայի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Պարոն Ոսկանյանը նշեց նաև համայնքի երիտասարդության ունեցած կարևոր դերը փառատոնի կազմակերպման գործում: Նա հիշեցրեց, որ այս աշնան, Ռումինիայի մշակույթի նախարարության և Հայաստանի հետ համագործակցությամբ՝ Ռումինիայի ազգային պատմության  թանգարանի հետ համատեղ կազմակերպվում է մի մեծ ցուցահանդես՝ կապված ռումինական տարածքում հայերի պատմության հետ:

Իր գործունեության ընթացքում Հայոց միությունը մշտապես եղել է  Հայոց եկեղեցու Արքեպիսկոպոսության կողքին՝ իրագործելու կրոնական բնույթի տարբեր միջոցառումներ, աջակցել է նրա բոլոր գործողություններին, ինչպես օրինակ՝ Ամենայն Հայոց  Գարեգին Բ.Կաթողիկոսի այցելությունը Ռումինիա(2012թ.):

Համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց գործունեության և հայկական ինքնությունը պահպանելու համար, որպես երախտիքի նշան՝ Հայաստանի կողմից պարգևատրվել են մեդալներով և արժանացել են վկայագրերի: Ապա պարոն Ոսկանյան կարդաց մշակույթի, գիտության, գրականության ոլորտում ունեցած ներդրումների համար պարգևատրված անձնավորությունների ցուցակը:

Այնուհետև, Ռումինիայում Ազգային փոքրամասնությունների ղեկավար, դեպուտատ Վարուժան Փամբուքչյանը ներկայացրեց Ռումինիայի պառլամենտում իր ունեցած գործունեությունը, ընդգծելով, որ իրեն հաջողվել է տարբեր խնդիրներ լուծել՝ լավ հարաբերությունների մեջ լինելով էթնիկ խմբերի ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում ընդգծեց նաև հայ երիտասարդության ունեցած կարևոր դերը վաղվա հայ համայնքի ամրապնդման համար: «Եթե այս համայնքի պատմության մեջ ունեցել ենք Ռումինիա ժամանած մի քանի հայ ալիքների հոսք, ուրեմն պարտավոր ենք պահպանել ու ամրապնդել այն, իսկ հաջորդող նոր ալիքները պետք է շարունակեն նախնիների գործը»,-ավելացրեց պարոն Փամպուքչյանը:

Ապա հաջորդեց Ռումինիայի հայոց միության նոր Կանոնադրության հաստատումը՝ առաջարկված մի շարք փոփոխություններից հետո: Օրակարգի վերջին կետը եղավ նոր ղեկավարության ընտրությունը:

ՌՀՄ նախագահի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն Վարուժան Ոսկանյանն էր և նա էլ կրկին վերընտրվեց:

ՌՀՄ-ի կողմից Վարուժան Փամպուքչյանի թեկնածությունը վերահաստատվեց ներկայացնել  նոյեմբերին կայանալիք պառլամենտական ընտրություններին:

Հանձնաժողովի ղեկավարությունը կազմվեց 37 անդամներից, ովքեր ներկայացնում են 14 մասնաճյուղերը՝ (Փիթեշփ, Կոնստանցա, Տուլչա, Պրըիլա-Կալաց,Ֆոքշան, Պաքըու,Ռոման, Սուչավա,Յաշ, Պոթոշան, Պայա-Մարե, Կեռլա, Կլուժ, Տումպրըվեն) և Բուխարեստ մայրաքաղաքը:

ՌՀՄ Կոնֆերանսը վերահաստատեց հայերի ցանկությունը՝ շարունակել պահպանել հայկական ինքնությունը, մշակույթը, կրոնը և հավատը Ռումինիայում, ուր հայերը մոտավորապես  մեկ հազարամյակ հաշտ ու համերաշխ ապրում են ռումինների և այլ ազգային փոքրամասնությունների հետ:

timthumbtimthumb (1)

Scroll Up