Չեխիայի նախագահն օրենսդիրի ղեկավարին խորհուրդ է տվել քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խորհուրդ է տվել այդ երկրի Պատգամավորների պալատին, քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Ինչպես տեղեկացնում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը, այս մասին հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկը։
«Հունիսի 22-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին։ Չեխիայի նախագահը խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ քննարկի», գրում է պարբերականը: Հունիսի 8-ին պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կդիմի Չեխիայի խորհրդարանին Գերմանիայի Բունդեսթագի օրինակին հետևելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով:
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը ես հայտնել եմ դեռ 2014թ.՝ նախագահ Սարգսյանի՝ Չեխիա այցելության ընթացքում: Նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդը նույնպես նման տառապանքներ կարող էր կրել, պատմությունը կարող էր կրկնվել: Ես գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության անդամ երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես այս հայտարարությանը հաջորդող քայլ, ես կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք հետևեն Գերմանիայի օրինակին և կատարան նման հայտարարություն», ասել էր Միլոշ Զեմանը: