«Հանդիսատեսը պաշտում էր նրան թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում».Հրանուշ Հակոբյան

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ,

ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայկական երգարվեստը ծանր կորուստ կրեց: Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց գեղեցիկ, տաղանդավոր մի անհատականություն, որը հայ ժողովրդական, գուսանական, աշուղական արվեստի մեջ թողեց իր անջնջելի հետագիծը:

Օֆելյա Համբարձումյանը լեգենդ էր դեռ իր կենդանության օրոք: Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին: Բազմիցս ենք հիացել նրա ինքնատիպ կերպարով, ձայնի խոր արտահայտչականությամբ ու ազգային վառ երանգավորումներով: Եվ ինչքան էլ որ ժամանակ անցնի, նա մշտապես կապրի որպես հավերժ ներկայություն, ու սերունդները կճանաչեն, կսիրեն համբարձումյանական երգը, կզգան հայրենաշունչ արվեստի իրական զորությունը:

Հանդիսատեսը պաշտում էր նրան թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում: Նա մշտապես արժանացել է համայն հայության գնահատանքին ու երախտագի­տությանը՝ շնորհիվ ոչ միայն իր աստվածատուր ձիրքի, այլև իր թողած ժառանգության ու մարդկային նկարագրի:

Նրա մասին հիշողությունները երբևէ չեն խամրի:

Խորապես կիսում եմ մեծ երգչուհու ընտանիքի խորը վիշտը և մաղթում համբերություն այս դժվարին պահին:

Հավերժ փառք Օֆելյա Համբարձումյանին: Խոնարհում նրա վառ հիշատակի առաջ:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up