Գերմանիայի թուրք նախարարը` ցեղասպանության բանաձևի մասին. «Մենք մեր տեսակետն ենք հայտնել»

Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրք նախարար Այդան Օզողուզը գերմանական «Deutsche Welle» պարբերականի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի ու Եվրամիության միջև տորագրված Միգրացիոն համաձայնագրի հնարավոր առկախման մասին, հայտնում է  Ermenihaber-ը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Գերմանիայում ապրող թուրքերի մի մասը այդ երկրի քաղաքացիություն չունենալու պատճառով չի կարողանում ուղղակիորեն մասնակցել քաղաքական կյանքին` հույսը դնելով է թուրք պատգամավորների վրա, սակայն նախորդ շաբաթ տեղի ունեցած քվեարկությունից հետո նրանք հիասթափություն ապրեցին, Օզողուզը պատասխանել է. «Ըստ իս` մենք, որպես պատգամավոր, արտահայտել ենք մեր տեսակետները: Ոմանք չմասնակցեցին քվեարկությանը, ոմանք էլ նույնիսկ ելույթ չունեցան: Հասկանում ենք, որ թուրքերի համար սա զգացմունքային հարց է, բայց չի կարելի սպասել, որ բոլոր պետք է պաշտպանեն նույն տեսակետը: Այս թեման ընդունվել է երկարատև ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում: Կարող եք այլ կերպ մտածել, կարող եք քննադատել, սակայն ճիշտ չէ սպառնալ և վիրավորել հակառակը մտածողներին»:

Թերթի լրագրողը Օղուզոզից հարցրել է նաև, թե վերջինս ինչպես է գնահատում Թուրքիայի ռեակցիան և այդ համատեքստում ինչպես կդասավորվի Միգրացիոն համաձայնագրի հետագա ճակատագիրը:

Օղուզօզն ասել է, որ Գերմանիան նախկինի պես է վերաբերվում այդ համաձայնագրին, սակայն այժմ դժվար է ասել, թե Թուրքիան ինչ է պատրաստվում անել իր վրա վերցրած պարտավորությունների մասով` ավելացնելով, որ այս հարցում առայժմ սպասողական վիճակ է:

Իսկ այն հարցին, թե արդյոք Գերմանիան կարող է այլընտրանքային տարբերակներ գտնել Թուրքիայի հետ Միգրացիոն համաձայնագրի չեղարկման դեպքում, Օզողուզը պատասխանել է, որ Գերմանիան ցանկանում է հավատարիմ մնալ Թուրքիայի հետ ստորագրած համաձայնագրին, սակայն այլ զարգացումների դեպքում այլընտրանքները չի բացառում:

Scroll Up