ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում
Հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում` Կատալոնիայի Կառավարության Էմիգրացիայի վարչության կողմից տրամադրված հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ Իսպանիայում ՀՀ դեսպանության եւ Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպված տոնական ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կատալոնիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Խուան Սանմարտին Խիլը, շնորհավորական ուղերձով ներկաներին դիմեց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Ելույթ ունեցան նաեւ Կատալոնիայի Կառավարության արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն տիկին Էլենա Նյետոն եւ Էմիգրացիայի հարցերով գլխավոր տնօրեն պարոն Խավիեր Բոչը: Տուրք տալով hայ ազգի հերոսական պատմությանը եւ հարուստ մշակութային ժառանգությանը` պաշտոնյաներն ընդգծեցին Իսպանիայի խոշորագույն նահանգում բնակվող հազարավոր հայերի աշխատասիրությունը, օրինապահությունը, ակտիվությունը հասարակական կյանքում:
Միջոցառմանը ցուցադրվեց «Նոյի երկիր` Հայատան» վավերագրական ֆիլմը: Հանդեսը եզրափակվեց Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից տրված հյուրասիրությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: