Բելգիայի «Մեսրոպ Մաշտոց» միությունը կաջակցի 3 զոհված զինծառայողների ընտանիքներին

Բելգիայի Լիեժ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» միությունը օգնության դրամահավաք էր կազմակերպել՝ աջակցելու Ադրբեջանի կողմից հրահրած ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված հայ զինվորների ընտանիքներին: Այս մասին «Հայերն այսօրին» Բելգիայից տեղեկացնում է միության նախագահ Լուսինե Ներսիսյանը:

Համայնքի և միության աջակցությամբ, ինչպես նաև դրամահավաքի կազմակերպիչ Գայանե Սարգսյանի գործուն մասնակցությամբ Լիեժ, Բիլզեն և Տոնգերեն քաղաքների հայ համայնքներից հանգանակվել է  1200 եվրո գումար, որի արդյունքում որոշվել է օգնություն տրամադրել 3 զոհվածների` Արամ Աբրահամյանի (Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղ), Ադամ Սահակյանի (ք. Երևան) և Մանվել Գևորգյանի (ք. Երևան) ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 400 եվրո:

Հավաքված գումարն առաջիկայում կփոխանցվի վերոնշյալ ընտանիքներին, որի աշխատանքները Հայաստանում համակարգում է «Մեսրոպ Մաշտոց» միության հայաստանյան ներկայացուցիչ Վարդուհի Զաքարյանը:

«Անշուշտ, գովելի է նման նախաձեռնությունների իրականացումը, մանավանդ Սփյուռքից, քանի որ մեր հայրենակիցները, օտար ափերում գտնվելով հանդերձ, կարծես խղճի առջև հանգիստ են զգում նմանօրինակ քայլերով»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց Վարդուհի Զաքարյանը:

Scroll Up