«Ես երգելով եմ կռվել». Ջեմմա (Հեղինե Հովհաննիսյան)
Ազատամարտիկ կինը, ում հետ ծանոթությունը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի շնորհիվ, Արարատի մարզի Փոքր Վեդիի բնակչուհի է: «Հայերն այսօր»-ի մեր աշխատակիցներն, իրենց ուսումնական փորձառությունը նախարարությունում անցկացնող ԵՊՀ-ի 20-ամյա ուսանողուհիները զարմանքով, հիացմունքով ժամերով ունկնդրեցին խրոխտ հայուհու մարտական անցած ճանապարհների պատմությունը: Մեր զրույցի ընթացքում ակներև էր Ջեմմայի՝ հիմա էլ կռվելու պատրաստակամությունը, խրոխտ ու չհանձնվող էությունը, նաև կորցրած մարտական ընկերներին հիշելիս՝ նրա անթաքույց տխրությունն ու աչքերում ծովացող արցունքները:
– Տիկի՛ն Ջեմմա, շատ տարիներ են անցել ղարաբաղյան առաջին պատերազմից, որի ժամանակ մեր զինվորներից շատ-շատերը հերոսացել են և իրենց վերջին հանգրվանը, ցավոք սրտի, գտել Եռաբլուրում, ունենք նաև անհայտ կորածներ, շատերն էլ ողջ մնացին և դարձան մեր ժամանակի ապրող առասպելները: Այսօր մենք Ձեզ նայում ենք իբրև ապրող առասպելի. երբ հայացք եք գցում Ձեր անցած ճանապարհներին, ինչի՞ մասին եք ամենից շատ խորհում:
– Երբ 1994-ի մայիսի 12-ին զինադադար եղավ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ինձ չզորացրեցին, ես վաշտի հրամանատար էի, սակայն ոչ հրամանով (հրամանը հետո եղավ), Մ. Գրիգորյանի 5-րդ բրիգադի կազմում էինք: Հրամանատար չկար, ես զինվորական կրթություն չունեի, բայց ինձ էին նշանակել հրամանատր: 15 տարի կռվից հետո ծառայել եմ, հետո զորացրվել եմ՝ առողջական խնդիրների պատճառով. ես մի քանի անգամ վիրավորվել եմ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, դեռ մինչև հիմա էլ մարմնիս վրա զգում եմ պատերազմի ցավը, որովհետև ողնաշարիս վրա բեկորն անընդհատ շարժվում է:
…Ես մեծ ցավ եմ ապրում, և մինչև այժմ իմ տեղը չեմ գտնում, ինչ-որ տեղ ինձ նաև չեմ ներում (մարդիկ կարծում են, թե չեմ զոհվել, դրա համար ինձ չեմ ներում). երբ մենք արդեն Թալիշն ազատագրել էինք, Մարտակերտի բարձունքներից իջանք, գետն անցանք, հասանք Թափ Կարակոլու գյուղը, մեզ այնտեղից ետ ուղարկեցին: Երբ մենք կռվում էինք Երասխավանում, ամբողջ գյուղը դատարկված էր, մենք պետք է մտնեինք Նախիջևան, չպե՛տք է կանգ առնեինք: Ցավ եմ ապրում, որ Շահումյանը, Մարաղան, Սեյսուլան, Լենինավան գյուղերը մնացին էդ շներին: Ահագին զոհեր տվեցինք: Բայց համոզված եղե՛ք, մենք կարող էինք առաջ գնալ և շատ դիրքեր վերցնել, ափսոսում եմ, որ այդպես չեղավ: Այսօր հոգիս ցավում է Թալիշի համար, Թալիշը հերոսական գյուղ էր: Երբ ազատագրեցինք, Թալիշում մի եկեղեցի կար, որի մեջ թուրքերը գողացած անասուններ էին լցրել, ամբողջ եկեղեցին աղբի մեջ թաղված էր: Երբ ներս մտանք, զինվորներին մաքրել տվեցի այն, Մարտունու շրջանի Գիշի գյուղից մի գառ բերել տվեցի (այդ ժամանակ Մանվել Գրիգորյանի հրամանով ես դարձել էի «Արծիվ-30» գումարտակի հրամանատարը), գառնուկի վզին եռագույն թել կապեցի, մատաղ արեցինք և այդ հայկական եկեղեցում, որտեղ 70 տարի մոմ չէր վառվել, պատարագ չէր եղել, մկրտության կարգ արեցինք: Շուշիից կանչեցինք Տեր-Կորյունին, որպեսզի եկեղեցին օծի և պատարագ տա, մկրտություն անի: Թալիշում զոհվածներին թաղեցինք մի ընդհանուր, երկար հողաթմբի տակ: Ես այդ տարիների Արարատի գործկոմի նախագահ Ֆիրդուս Զաքարյանին նամակով դիմեցի և խնդրեցի նրան իմ մարտական ընկերների շիրիմները սարքելու համար 2-3 տոննա ցեմենտ ուղարկել: Զաքարյանն ուղարկեց ավելին՝ 7 տոննա ցեմենտ, և տղաների հիշատակը հավերժացնող գերեզմանները բետոնապատեցինք, իսկ հիմա արդեն այնտեղ խաչքարերով մի սիրուն համալիր կա:
– Դուք մասնակցե՞լ եք Շուշիի ազատագրմանը:
– Ո՛չ, Շուշիի ազատագրման բուն կռվում չեմ եղել, բայց շուրջբոլորը պատերազմ էր, և ես այդ կռվի մեջ եմ միշտ եղել, բայց անձամբ Շուշի չեմ մտել այդ օրը: Դեռև 1988-ից մեր գյուղի «Խորվիրապ» ջոկատով, որսորդական հրացաններով պատերազմի թոհուբոհում ենք եղել: Ամբողջ գյուղով միասնաբար լծվել էինք պայքարի. մի մասը կռվի դաշտում էր, մի մասը թիկունքից սատար էր լինում կռվողներին: Կարծում եմ՝ 20-րդ դարավերջը պետք է անվանել հայ ֆիդայիների դար, ավելին՝ մենք ազգովի ֆիդայիներ էինք դարձել, պատմության էջերին դա պետք է ոսկե տառերով դրշմել:
– Դարձյալ մայիս, դարձյալ գարուն է, սակայն ապրիլյան առաջին օրերից սկսած և դեռ չավարտված պատերազմի ելքն անհայտ է, և հարցի լուծումն անորոշ է, բայց կա համախմբվածության պատկեր, կամքի, հոգու միասնություն. ի՞նչ եք կարծում այս լարված վիճակը հաղթանակո՞վ կավարտվի:
– Ես համոզված եմ, որ հաղթելու ենք, որովհետև համախմբված են Հայաստանի, Սփյուռքի բոլոր հայերը, իսկ համախմբվածությունը հզոր ուժ է և հաղթանակի բանալի: 100 տոկոսով հաղթելու ենք, որովհետև աշխարհում հայ մայրերից լավ, բացառիկ մայրեր չկան, միայն հայ մայրն է իր երեխայի օրոցքի մոտ երգում և այն էլ՝ հայրենասիրական երգեր:
– Տիկի՛ն Ջեմմա, եթե հարկ լինի, կրկին կնետվե՞ք պատերազմի թոհուբոհի մեջ:
– 100 տոկոսով, ես ցուցակագրված եմ, կգնամ (այստեղ մեր զրույցին ներկա գտնվող Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանն ընդմիջում է՝ ասելով, որ, իրոք, Ջեմման պատրաստ է, հաստատ կգնա դիրքեր, եթե թողնեն, բայց նա արդեն 70-ի շեմին է), բայց ինձ ասացին, որ 60-ից բարձր էլ չեն տանում:
– Ձեր 10 քույրերի և միակ եղբոր մեջ նույնպե՞ս կա այդ հայրենասիրության կրակը:
– Հայրս Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Մոկսի Ծափանց գյուղից էր: 5 տարեկանում իր քույր Հեղինեի (իմ իսկական անունն անձնագրով Հեղինե է) հետ 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ՝ Մոսուլով, Բաղդադով, Դեր Զորի անապատներով մի կերպ հասել են Հայաստան: Երկու որբուկները փրկվել են, նրանք ընդամենը մի քեռի են ունեցել՝ Մարտիրոսն, ով եղել է Անդրանիկի զինվորը. հենց նա էլ պահել է հորս: Հայրս ռամիկություն է արել, հետո աշխատել է ցեմենտի գործարանում: Իրենց գերդաստանի ծուխը չմարելու համար հայրս միշտ մտածել է տղա զավակ ունենալու մասին (մեր ընտանիքի առաջնեկը տղա է եղել, ով մահացել է) և անընդհատ երեխաներ են ունեցել ծնողներս՝ այն հույսով, որ հաջորդը տղա է ծնվելու, և, վերջապես, 10 աղջիկներից հետո մի տղա է ծնվել: Հայրս միշտ ինձ իր տղան է համարել, որովհետև փոքր հասակից աշխույժ, անվախ եմ եղել, տղայի շորեր եմ հագել: Մերոնք բոլորն էլ հայրենասեր են, և դա ունի իր բացատրությունը՝ մենք Եղեռնից մազապուրծ եղած, տուն ու ծննդավայր կորցրած հայի զավակներ ենք: Մեր գեների մեջ, մեր երակներում հոսող արյան մեջ է հայրենասիրությունը: Հայրս ամբողջ կյանքն ապրեց՝ հայացքը հառած Արարատին «ախ» քաշելով ու ասելով՝ երանի գնամ մեր գյուղ, մեր տունը գտնեմ, իմ մամայի գերեզմանը գտնեմ:
– Տիկի՛ն Ջեմմա, Ձեր կողքին, բացի Ձեզանից, էլի՞ կային կռվող կանայք:
– Երասխավանից չեն եղել: Զենքը ձեռքին կռվող կին չի եղել իմ կողքին: Երկու կանայք կային՝ Հռեփն ու Արշոն, ովքեր դիրքերում չեն եղել, նրանք շտաբում էին:
– Քանի՞ անգամ եք վիրավորվել:
– Երեք անգամ վիրավորվել եմ և միշտ մտածել եմ շուտ ապաքինվել ու շարունակել կռիվս, միանալ ընկերներիս: Առաջին անգամ վիրավորվեցի ոտքից. այդ ժամանակ մենք ռազմարվեստին ծանոթ էլ չէինք, մեր կամքի ուժով մարտական ոգով, համառությամբ կարողացանք կռվել, առգրավել թշնամու տեխնիկան և զենքն ու ազատագրել մի շարք տարածքներ: Ես մասնկացել եմ մի շարք գյուղերի, շրջանների ազատագրական մարտերին՝ մինչև Գետավան:
– Ձեր զինվորական համազգեստին ամրացված են շքանշաններ ու մեդալներ. դրանցից ո՞րն է Ձեզ համար ամենաթանկը:
– Բոլորն էլ թանկ են. «Արիության համար» մեդալը, որը տվել է Արցախ կոմիտեն՝ զորքին շրջափակման միջից հանելու համար: Թուրքերեն երգելով, թշնամու լեզվով խոսելով՝ «ինձ չկրակեք, ես թուրքի աղջիկ եմ» ասելով, թուրքերին խաբելով՝ կարողացա իմ հայրենակիցներին փրկել ու հանել շրջափակումից: Այս տարվա նոյեմբերին զոհված ազատամարտիկների կանանց հետ գնացի Մարտակերտ, ելույթ ունեցա և ասացի՝ «Հավատում եմ ձեզ, հա՛յ զինվորներ, որովհետև հայ մայրերն են ձեզ ծնել: Այս դրախտ երկրում մի աղբյուր չկա, որից ջուր խմած չլինեմ, այս լեռներում մի քար չկա, որի վրա գլուխս դրած չլինեմ, մի անտառ չկա, ուր ոտքս չի դիպել… Հավատո՛ւմ եմ ձեզ, հա՛յ զինվորներ, շնորհակալ եմ ձեր մայրերին»: Այս ելույթիցս հետո մի զինվոր մոտեցավ և ինձ նվիրեց այս շքանշանը, որն ամենաթակն է ինձ համար: Շատ են շքանշանները, սակայն ես ցուցադրող չեմ, մեդալների համար չեմ կռվել, ես հանուն Արցախի, հանուն իմ երկրի սահմանների պաշտպանության եմ կռվել: Չեմ սիրում լինել մուրացիկի վիճակում, որքան էլ, որ կենցաղավարության մեջ դժվարություններ ունենամ, միևնույն է, չեմ լացում, չեմ փնթփնթում և չեմ ասում, որ ես ձեզ համար կռվել եմ, ինչո՞ւ ինձ լավ չեք նայում… Չորս երեխա ունեմ, որոնցից մեկին՝ 22 տարեկան չքնաղ աղջկաս եմ կորցրել ավտովթարի պատճառով, բայց իմ վիշտը ոչ մեկի վզին չեմ փաթաթում, ողբալը ոչինչ չի փոխում:
– Տիկի՛ն Ջեմմա, ինչո՞վ եք զբաղվել խաղաղ տարիներին:
– Հողագործությամբ. 1200 մետր հող ունեմ, դրսից ծաղիկներ եմ բերել, ծառեր եմ տնկել: Հողի հետ աշխատելը դժվար է, բայց խաղաղությամբ է լցնում հոգիդ: Շատ կապված եմ դպրոցների հետ: Ամեն տարի սեպտեմբերի 1-ին ելույթ եմ ունենում մեր դպրոցում, որի դասարաններից մեկն իմ անվամբ է կոչված: Երևանի դպրոցներից էլ են ինձ կանչում հանդիպումների: Մեր գյուղի դպրոցն անվանակոչված է հորս՝ Մարգար Հովհաննիսյանի անունով, ով երկար տարիներ եղել է Փոքր Վեդիի կոլտնտեսության նախագահը: Վերջերս մեր դպրոցում մի քանի ամիս առաջ զոհված սպա Գոռ Օհանյանի անունով դասարան անվանակոչելու միջոցառում էր, և ես ելույթ ունեցա ու ասացի, որ մեր երեխաները պետք է անպայման գիտելիքներ ունենա, կիրթ լինեն, տիրապետեն նորագույն տեխնոլոգիաներին, որովհետև բանակում ծառայելու ժամանակ այդ գիտելիքները շատ անհրաժեշտ են: Ընդհանրապես ես դպրոցի հետ շատ եմ կապված:
– Ի՞նչ խորհուրդ կտաք հայ մայրերին:
– Խորհուրդ չեմ կարող տալ, որովհետև ցանկացած հայ մայր մի իմաստուն է: Ես հպարտանում եմ այն հայ մայրերով, ովքեր իրենց երեխաներին դաստիարակում են հայրենասիրական ոգով: Հայ մայրերը, հայ կանայք սովորական կյանքում էլ շատ են գնում ինքնազոհության՝ անմնացորդ նվիրվելով իրենց ընտանիքին ու զավակներին: Ես հարգում ու սիրում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը պատրաստ են տալու Հայրենիքին:
– Տիկի՛ն Ջեմմա, համամի՞տ եք բանակում աղջիկների ծառայելու գաղափարին:
– Առաջնագծում աղջիկներ չէի ցանկանա տեսնել, որովհետև գերի ընկնելու վտանգ կա, շրջափակում, ես ինքս եղել եմ շրջափակման մեջ, ունեցել եմ՝ ասենք յոթ պարկուճ, պետք է 6-ը ազերու խփեի, մեկն էլ ինձ համար էր պահված, որպեսզի գերի չընկնեի և ոչ միայն իմ դեպքում էր դա: Աղջիկներն ուղղակի կարող են սովորել, անցնել մարտական պատրաստվածություն, որպեսզի հարկ եղած դեպքում դիմակայեն թշնամուն: Եվ, ի վերջո, պատերազմի ժամանակ թիկունքում էլ շատ գործ կա անելու:
– Հիշարժան մի դեպք, մի պատմություն կհիշե՞ք պատերազմական տարիներից:
– 1993-ին եկա դիրքեր, իմ հրակայուն ժիլետի գրպանում նույնիսկ շրթներկ ունեի, քսում էի, ինձ հետևում, որովհետև կինը մարտում էլ է մնում կին: Կռվում էի երգելով: Թշնամու դիրքերն էլ եմ անցել, եղել է, որ միայնակ եմ կռվել, երկու օրուգիշեր դիրք եմ պահել: Երասխավանում մի դիրքի մոտ 6 հոգի էինք, հերթով գնում էին ծխելու, 3 կրակակետ կար: Երբ մեր զինվորներից մեկին՝ Սազային խփեցին, արյունն ուղեղի հետ քարին թափվեց… Անչափ տխուր, ցնցող դեպք էր, չեմ կարող սա հիշարժան անվանել, ուղղակի հիշեցի… 4 հոգի էին հարկավոր՝ պատգարակով վիրավորին տեղ հասցնելու համար: Ես մնացի միայնակ. մի կրակակետից մյուսն էի վազում և երեք կրակակետերից էլ կրակում էի՝ թշնամու մոտ տպավորություն թողնելով, որ շատերը կան մեր դիրքերում: Երբ 1993-ին մտանք Մատաղիս (հետո նորից դուրս եկանք), այնտեղի դպրոցը ազերիները ռմբակոծել էին, իրենց մոլուցքը թափել էին հայկական գրքերի վրա, և գրքերի մեծ մասն այրել էին, մի մասի վրա էլ կրակել էին: Ես հավաքում էի գրքերը և լցնում զինարկղների մեջ, տղերքը հարցնում էին, թե ի՞նչ եմ անում, ես ասում էի՝ Մատաղիսը, երբ ազատենք, կտեսնեք՝ դպրոցը նորից կգործի, և այդ գրքերը պետք կգան: Ես հավատում էի, որ պիտի ազատագրենք, և այդպես էլ եղավ: Երբ նոր դպրոցը հիմնվեց, ես գրքերը բերում էի Մատաղիս, որոնք պահել էի մեր տանը: Շատ կարևոր է հավատալ, որ դու հաղթող ես, որ դու ուժեղ ես: Նաև շատ կարևոր է, որ մենք բանակի կողքին կանգնած լինենք. ոչ ոք իրավունք չունի բանակի անունի հետ խաղալու: Եթե անհրաժեշտություն լինի, ես իմ կիսակառույց տունն էլ բանակի համար կվաճառեմ:
– Մի ոգևորիչ խոսքով ավարտենք մեր զրույցը, տիկի՛ն Ջեմմա:
– Ես բանաստեղծ չեմ, պրոֆեսիոնալ չեմ, ուղղակի հորս նվիրված մի բանաստեղծություն ունեմ, որն էլ կասեմ.
Ես կուզեի հորս եկած գաղթի ճամփով
Գնալ հասնել մինչև Վան,
Հորս կարոտն առնել Վանից
Ու նորից բռնել ճամփան,
Եփրատ գետով ես անցնեի,
Մոկաց լեռները հասնեի,
Եվ կարոտով ես պապերիս
Շիրիմներին ծնկաչոք՝ խունկ վառեի:
Խնկի ծուխը թող տարածվեր,
Մուշից Սասուն, Ալաշկերտ,
Անին զարթներ իր խոր քնից,
Որ կարոտ էր հայերից,
Եվ խոսեի ես հայերեն
Եվ պատմեի քարերին՝
Ախր, ես իմ վրեժն առա
Էս ոխերիմ թուրքերից:
Հորս ծնված երկրի հողում
Թո՛ղ մեռնեի հայերեն,
Եվ քույրերս գային վրաս
Խունկ ծխեին հայերեն:
– Շնորհակալությո՛ւն, Հայրենիքին տված Ձեր նվիրումի, Ձեր երիտասարդ տարիների համար, Ձեր անմնացորդ հայրենասիրության և մինչ այժմ էլ՝ մարտական աննկուն ոգու և հանուն Հայրենիքի պայքարի մեջ նետվելու պատրաստակամության համար:
Կարինե Ավագյան