Արցախում երկու զինծառայող է զոհվել. Ադրբեջանի գործողություններն անպատասխան չեն մնալու

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով Արցախի պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել, տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ապրիլի 29­-ի լույս 30­ի գիշերը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա»,­ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Scroll Up