Անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/Սեյրան-Օհանյան1.jpg)
Այս իրականության մեջ անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:
«Ի՞նչ տարածք, ինչի՞ մասին է խոսքը, չկա նման բան, Արցախյան հարցը լուծելու համար նախեւառաջ պետք են համապատասխան պայմաններ, վստահության մթնոլորտ եւ այս իրականության մեջ անգամ մի թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող գնալ: Պետք է այնպես անենք, որ փոխհամաձայնություններ լինեն, որոնց շրջանակում կարող է լինել հարցի կարգավորում»,-ընդգծել է նախարարն ու հավելել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը պաշտպանվի, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննությունների մեխանիզմի ձեւավորումը, որը հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»:
Սեյրան Օհանյանի խոսքով, այսօր թե Հայաստանի բանակը, թե ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ են հետ մղել ցանկացած ոտնձգություն:
«Այսօր հայկական բանակը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Այն բարեփոխումները որ եղել են վերջին տարիների ընթացքում եւ ԶՈՒ զարգացման պլանը, որը ձեւավորվել է միջգերատեսչական ժողովի կողմից, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին: Պարզապես փոքր ինչ առաջնահերթություններ կարող են լինել, որոնց վրա մենք հիմա շեշտադրում ենք անում: Մենք թույլ չենք տա, որ ճնշում լինի Արցախի ժողովրդի վրա կամ կրկնվի այն, ինչ եղել է 101 տարի առաջ»,-news.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Սեյրան Օհանյանը: