Անգամ Մէկ Թիզ Հողի Զիջման Մասին Խօսք Չի Կարող Լինել. Սէյրան Օհանեան

Այս իրականութեան մէջ անգամ մէկ թիզ հողի զիջման մասին խօսք չի կրնար ըլլալ: Այս մասին, այսօր` Ապրիլ 24-ին, Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին մէջ լրագրողներուն հետ զրոյցին նշած է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան:

«Ի՞նչ տարածք, ինչի՞ մասին է խօսքը, չկայ նման բան, Արցախեան հարցը լուծելու համար նախեւառաջ պէտք են համապատասխան պայմաններ, վստահութեան մթնոլորտ  եւ այս իրականութեան մէջ  անգամ մի թիզ հողի զիջման մասին խօսք չի կարող գնալ: Պէտք է այնպէս անենք, որ փոխհամաձայնութիւններ լինեն, որոնց շրջանակում կարող է լինել հարցի կարգաւորում»,-ընդգծած է նախարարն ու աւելցուցած. «Մենք ամէն ինչ պէտք է անենք, որ հրադադարը պաշտպանուի, վստահութեան մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննութիւնների մեխանիզմի ձեւաւորումը, որը հիմք կը հանդիսանայ յետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»:

Սէյրան Օհանեանի խօսքով, այսօր թէ Հայաստանի բանակը, թէ ԼՂՀ պաշտպանութեան բանակը պատրաստ են ետ մղելու իւրաքանչիւր ոտնձգութիւն:

«Այսօր հայկական բանակը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրուած խնդիրները: Այն բարեփոխումները որ եղել են վերջին տարիների ընթացքում եւ ԶՈՒ զարգացման պլանը, որը ձեւաւորուել է միջգերատեսչական ժողովի կողմից, համապատասխանում է պատերազմի այսօրուայ բնոյթին: Պարզապէս փոքր ինչ առաջնահերթութիւններ կարող են լինել, որոնց վրայ մենք հիմա շեշտադրում ենք անում: Մենք թոյլ չենք տայ, որ ճնշում լինի Արցախի ժողովրդի վրայ կամ կրկնուի այն, ինչ եղել է 101 տարի առաջ»,-news.am-ի փոխանցմամբ` ընդգծած է Սէյրան Օհանեան:

 

Scroll Up