Վիսենտե Լոպեսը կրկին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց

Ապրիլի 21-ին Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքի Քաղաքային խորհրդի լիագումար նիստում, որը մասնավորապես գումարվել էր Հայոց ցեղասպանության հիշատակամն համար, խորհուրդը վերստին Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց, այն որակելով իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն` կատարված Օսմանյան Թուրքիայի կողմից: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

Քաղաքային խորհրդի ելույթ ունեցող անդամները հաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նշելով, որ այն արժանի է դատապարտման և ճանաչման:

Նիստի ավարտից հետո հարակից բակում տեղի ուեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակի բացում: Խոսքով հանդես եկավ Քաղաքային խորհրդի նախագահ Կառլոս Սանդան, որը հիացմունքով խոսեց հայ ժողովրդի և արգենտինահայ համայնքի մասին, նշելով, որ հայերի համար Արգենտինան հարազատ վայր է, և իրենք միշտ պատրաստ են սատարելու նրանց արդար ապրելու յուրաքանչյուր իրավունքը: Այնուհետև հայ համայնքի անունից խոսք ասաց Խորխե Թոսունյանը, որը կարևորեց այն փաստը, որ Արգենտինան միշտ կանգնած է հայերի կողքին և օգտակարություն է բերում մեզ համար կարևոր խնդիրներում: Վերջինս անդրադարձ ունեցավ նաև վերջին օրերում Արցախի մեջ տեղի ունեցած ռազմական գործողություններին, փաստելով, որ Արցախը մշտապես եղել է հայկական, և Ադերբեջանի բոլոր նպատակներն ու ցանկությունները անհիմն են:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Արգենտինայի Հայոց թեմի Առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, նշելով, որ  հայերս խորունք արմատներ ունենք ինչպես Մայր հայրենիքում, այնպես էլ Արգենտինայում` իբրև լիրավ քաղաքացիներ, և շնորհակալ ենք այն մեծ աջակցության համար, որ ստանում ենք Արգենտինայի կառավարության և ժողովրդի կողմից:

Հանդիպմանը ներկա էին արգենտինահայ համայնքի զանազան կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչներ և դպրոցականներ:

2

Scroll Up