Բան Կի Մունը Հայաստան չի գա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ ապրիլի վերջին Հարավային Կովկասի երկրներ նախատեսված այցը չեղյալ է հայտարարվել:
Այս մասին Մեդիամաքսին հայտնել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի ստացված տեղեկությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում էր ապրիլի 25-ին առաջին անգամ այցելել Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ Բան Կի Մունի այցը Թբիլիսի եւ Բաքու:
«Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, գլխավոր քարտուղարը շատ էր ցանկանում այցելել տարածաշրջան, սակայն հրատապ հարցերով պայմանավորված՝ այդ օրերին պետք է գտնվի այլ վայրում: Ուստի Հարավային Կովկաս այցի ժամկետները կվերանայվեն»,- Մեդիամաքսին ասել է Արմինե Հալաջյանը: