Լոս Անջելեսի հայերը Արցախում զոհվածների ընտանիքներին օգնելու համար հանգանակել են $350.000

Արցախում զոհված հայ զինվորների ընտանիքներին օգնելու համար ապրիլի 15-ին Լոս Անջելեսում «Բարև» հեռուստաժամով կազմակերպվեց «Հայ զինվոր» հեռուստամարաթոնը: Հավաքվել է 350 հազար դոլար: Հեռուստամարաթոնը նախաձեռնել են ասմունքող Նունե Ավետիսյանը և ԱՄՆ-ում բնակվող ազատամարտիկ Հրանտ Թումասյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նունե Ավետիսյանը նշեց, որ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, թե արդյունքը ինչպիսին կլինի։

«Մեր հերոսները համախմբեցին ամենքին։ Սա չլսված երևույթ էր Սփյուռքի պատմության մեջ, երբ հեռախոսները 9 ժամ չեն լռում։ 16 հեռախոսը պարզվեց՝ քիչ էր, ու մինչ օրս մարդիկ զանգահարում են ու գալիս։ Մարդիկ մինչև կեսգիշեր հերթ էին կանգնած ստուդիայի առջև, որ նվիրատվություն կատարեն։ Մայր ու մանուկ, պապ ու թոռ, բժիշկ, վարորդ, ուսուցիչ, գործարար ու արհեստավոր՝ բոլորը գալիս էին հայրենիքի համար կյանքը զոհած ու վիրավորված զինվորների մայրերի ու ընտանիքների կողքին լինելու։ Այս հեռուստամարաթոնը դեռ երկար կհիշվի՝ որպես ինքնաբուխ միասնականության բացառիկ օրինակ»,- հավելեց նա։

Նունե Ավետիսյանը նշեց, որ շուտով վերջնական հավաքված գումարը կհայտարարվի, ինքն անձամբ է գումարը հանձնելու զոհվածների ընտանիքներին։ «Շատ կան թոշակառուներ, որոնց տներից պետք է վերցնել գումարը։ Բավական աշխատանք կա անելու։ Ես ինքս մեկնելու եմ հայրենիք, անձամբ այցելելու և հատկացված գումարը հանձնելու զինվորների ընտանիքներին»։

Դիտարկմանը, որ մինչև հիմա խոսվել է Սփյուռքի և Հայաստանի՝ իրարից կտրված լինելու մասին, նաև այն մասին, որ Սփյուռքը ապրում է Ցեղասպանության ճանաչման թեմայով, իսկ Հայաստանի խնդիրները չեն մտահոգում, Նունե Ավետիսյանը արձագանքեց. «Ես չգիտեմ՝ մինչև հիմա ինչ է խոսվել մեր միասնականության մասին, բայց որ հայրենիքը ամեն օր է ապրում այստեղ գտնվող շատ ու շատ հայերի սրտերում՝ դա անվիճելի փաստ է։ Պատկերը միշտ է նույնը. հայը՝ որտեղ էլ լինի, անհրաժեշտ պահին կանգնած է իր հայրենիքի կողքին։ Ինչպե՞ս կարող է միայն Ցեղասպանության թեման մեզ միացնել, երբ տարին տասներկու ամիս այստեղի հայը մտահոգ է Հայաստանում իր հարազատի, իր ընկերոջ սոցիալական ծանր վիճակով։ Իհարկե, նման պահերի, երբ վտանգվում է հայրենի սահմանն ու զինվորի կյանքը, մենք առավել միախմբված ենք, և դա բնական է: Երջանիկ եմ, որ հայ եմ ծնվել։
Շնորհակալ եմ այս խաղաղասեր ու աստվածային ժողովրդին, որ ՀԱՅ է կոչվում»։

Scroll Up