«Ինչ կոչում էլ, ինչ բարձր համբավ էլ ունենաս, միևնույն է, դու դրսում հյուր ես».Լևոն Չատիկյան
Օրերս ՀՀ Սփյուռքի նախարարությունում Ֆրանսիայից հյուրընկալվել էր դուդուկահար Լևոն Չատիկյանը. նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
– Բարի՛ գալուստ, պարո՛ն Չատիկյան: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այցը հենց ապրիլյան այս օրերին:
– Հայաստան եմ եկել ՀՀ մշակույթի նախարարության հրավերով: Ռոմանի կոնսերվատորիայում ես դասավանդում եմ դուդուկի դասեր, նաև փողային գործիքների ամբիոնի վարիչն եմ: Երկու տարի է, ինչ գործում է մի ծրագիր, որի շրջանակներում Ֆրանսիա հրավիրեցինք Երևանի Չայկովսկու անվան ներաժշտական դպրոցի երեխաներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համերգներ տալու Ֆրանսիայի 4 քաղաքներում: Դրա նպատակը ֆրանսիացիներին և Ֆրանսիայում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին հային ու Հայաստանին ծանոթացնելն էր, Հայոց եղեռնի մասին երաժշտության միջոցով խոսելը, հայկական երաժշտություն հնչեցնելը, այդ ծրագիրն իմ նախաձեռնությունն էր: 2014թ. ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով մենք մասնակցել ենք «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կազմակերպված պարարվեստի օրերին: Ֆրանսիայում ես ստեղծել եմ «Վալանս» երգի-պարի դպրոց-ակադեմիա, ուր հաճախում են 150-ից ավելի տարբեր ազգության 3-ից մինչև 25-26 տարեկան երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ: Հենց պարարվեստի օրերին էլ ծնվեց հայ-ֆրանսիական նվագախումբ ստեղծելու գաղափարը. հրավիրեցինք Ռոմանի կոնսերվատորիայի տնօրենին, նա եկավ, հանդիպեցինք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին, և նվագախումբ ստեղծելու գաղափարը դրեցինք իրական հիմքերի վրա: 2015-ին Ֆրանսիայում ստեղծվեց հայ-ֆրանսիական նվագախումբը, անցկացրեցինք բաց դասեր, փորձի փոխանակում արեցինք դասախոսական, պրոֆեսորական կազմերի միջև: Հայաստանից 15 երեխաներ ընտրվեցին, իսկ Ֆրանսիայից՝ 35 ֆրանսիացի երեխաներ: Ի ուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ ընտրվել էր շատ ճիշտ կազմ, որի համար երաժտապարտ ենք պարոն Մարտուն Կոստանդյանին: Ունեցել ենք 4 համերգ՝ 3000 հոգանոց լեփ-լեցուն դահլիճով: Հանդիսատեսների 80 տոկոսը ֆրանսիացիներ էին, քանի որ նվագողների գերակշռող մասը ֆրանսիացի երեխաներ էին. նրանք այնքա՜ն լավ նվագեցին Արամ Սաթյանի «1915թ.» գործը, որը շատ ասելիք ուներ: Երգ ու երաժշտության միջոցով մենք մեր ասելիքը տեղ հասցրեցինք, ինչպես նար հնչեցրինք մեր լավագույն կոմպոզիտորների անունները. Այսպիսի ծրագրերով աշխարհում ճանաչում են գտնում նաև հայ երաժիշտները: Եթե ամեն հայ իր ապրած երկրում, ինչպես նաև Հայրենիքում իր գործն անի, իր տեղում լինի, մենք բոլոր ոլորտներում առաջընթաց կունենանք, և աշխարհում բոլորը կճանաչեն հային ու Հայաստանը: Պետք է նպատակ ունենալ, իսկ նպատակն իրականացնելու համար՝ ձգտում, ցանկություն: Ասեմ, որ Ռոմանի կոնսերվատորիայի տնօրենն իր համաձայնություննէ տվել ստեղծելու հայ-ֆրանսիական ամառային դպրոց, ուր կընդգրկվեն տարբեր տարիքի տաղանդավոր երաժիշտ երեխաներ:
–Լևո՛ն, մեր թշնամիները շատ ճիգեր գործադրեցին և դեռ շարունակում են նույն քաղաքականությունը՝ սեփականացնելու թե՛ հայկական ծիրանափողը, թե՛ մեր ավանդական տոլման և նույնիսկ՝ խաչքարը՝ այն անվանելով խաչդաշ: Արդյոք ֆրանսիացիները գիտե՞ն, որ դուդուկը մեր՝ հայկական ազգային նվագարանն է:
– Ես ավարտել եմ Կոնսերվատորիան Երևանում, հետո գնացել եմ Ֆրանսիա և այնտեղ՝ Ռոմանի կոնսերվատորիայում հիմնել դուդուկի բաժին: Ի դեպ, ամբողջ Եվրոպայում այն միակ Կոնսերվատորիան է, որն ունի դուդուկի բաժին, և այդ բաժնում սովորող 15 ուսանողներից 9-ը ֆրանսիացիներ են: Ես մի սկզբունք եմ որդեգրել, որի համաձայն, եթե կլարնետի, հոբոյի որևէ դասատու ցանկանում է դուդուկի վարպետության դասընթաց կազմակերպել, ես նրան դուդուկ եմ նվիրում՝ իր պատյանով, որպեսզի այդ գործիքը տարածվի և դառնա միջազգային նվագարան: Եթե այն դառնում է միջազգային գործիք, ապա ավտոմատ կերպով դառնում է մեր ազգի դրոշը՝ դրված շատ տներում: Այսօր Վաչե Հովսեփյանի, Լևոն Մադոյանի, Ջիվան Գասպարյանի, Գևորգ Դաբաղյանի, Կամո Սեյրանյանի և այլոց շնորհիվ դուդուկը հնչում է որպես ձայն: Իմ դպրոցում բացված դուդուկի դասարանն ունի մի նպատակ՝ ուսուցանել այդ գործիքը: Այսօր Ֆրանսիայում շատ հայեր խոսում են ֆրանսերեն, բայց կարող է մեկը մի քիչ խոսել, սակայն գրել չիմանալ… Դա նշանակում է կես գործ, այսինքն՝ դուդուկը պետք է ոչ միայն ներկայացնել որպես գործիք, այլև պետք է առաջնորդվել պրոֆեսիոնալ ձևով, պրոֆեսիոնալ կրթությամբ: Խորհրդային տարիներին էլ լավ բաներ են եղել, սակայն դռները փակ էին, և մեր ստեղծած արժեքները, ազգային նվագարանները Ռուսաստանից այն կողմ չէին անցնում, այսինքն՝ դրսում «արտադրանք» չենք տվել: Այսօր տիկին Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած զրույցի ժամանակ հենց այդ մասին էի խոսում՝ ասելով, որ ինչ-որ մեծարժեք գործ կամ գործիք, եթե հենց այնպես դրված է մեր տանը, մեր երկրում միայն, ո՞վ կիմանա դրա մասին, ո՞վ կճանաչի: Իսկ հիմա ունենք Հայաստանի Հանրապետութուն, նախագահ, նախարարություններ, համապատասխան գերատեսչություններ, որոնք կարողանում են ընդլայնել, հնարավորություն ստեղծել՝ տարածելու և մատուցելու մեր արժեքները: Այսինքն՝ մեր երգը, երաժշտությունը, մեր ազգային գործիքներն ու պարերը պետք է կարողանանք տարածել ու ճանաչել տալ աշխարհին: Այսօր մեր պարախմբում համարյա 100 երեխա է ընդգրկված, դրա հաջողությունը գործի ճիշտ կազմակերպման մեջ է: Դրսում ամեն մի միություն, դպրոց պետք է Հայաստանի դեսպան լինի: Դուդուկների պատրաստման հարցով համագործակցում եմ Միշա Սադոևի հետ: Դուդուկները գնում եմ և նույն արժեքով տալիս եմ սովորողներին:
– Ինչո՞ւ ընտրեցիք հենց դուդուկը:
-Ծնվել եմ Աշտարակի շրջանի Ղազարավան գյուղում, երգելու հետ սեր եմ ունեցել: Փոքրի հասակում շվիի եմ գնացել: Հայրս էլ, մայրական կողմից տատիկս էլ դուդուկ էին շատ սիրում: Չեմ կարող ասել, թե հենց մանկուց էլ տաղանդավոր էի. չէ՛, ուղղակի ունեի մի ներքին ձայն և նպատակ, ձգտում: Երկրորդ դասարանից արդեն հաճախեցի դուդուկի. առաջին գործիքն ինձ նվիրեց հորեղբայրս, ում տղան էլ էր նվագում, բայց չէր ստացվում, և հորեղբայրս որոշեց դուդուկն ինձ տալ: Հաճախում էի Աշտարակի երաժշտական դպրոց, բայց միևնույն ժամանակ ծնողներս ինձ բերում էին Երևան՝ վարպետ Խաչիկ Խաչատրյանի դասերին: Իմ հասակակիցների մեջ երկու տարում ես դարձա լավագույն դուդուկահարը: Շատ էի աշխատում. աշխատանք + ձգտում + նպատակ բանաձևը հրաշալի արդյունք է տալիս: Ես 3 երեխա ունեմ, որոնցից մեկը թավջութակ է նվագում, մյուսը՝ ջութակ. երեքն էլ փոքր են, սակայն արդեն ունեն իրենց ընդգծված երաժշտական բնավորությունը:
–Պարո՛ն Չատիկյան, Դուք, ապրելով Ֆրանսիայի Ռոման, Վալանս քաղաքներում, դասավանդելով Ռոմանի և Ժնևի կոնսերվատորիաներում՝ աշխատելու և ապրելու ի՞նչ սկզբունք եք որդեգրել:
-Չխանգարել ոչ մեկին, ուրիշներին չկրկնօրինակել, ստեղծել քոնը: 2011թ. նոյեմբերի 25-ին՝ իմ ծննդյան օրը Վալանսում բացեցի իմ դպրոցը: Հայ բարեգործական մշակույթի շենքում ինձ տարածք տրամադրեցին Բժիշկների միության նախագահ դոկտոր Էդուարդ Թորոսյանը, Ալեքսանդր Սիրանոսյանը, Ֆիլիպ Փանոսյանը: Նոյեմբերի 25-ին դպրոցը բացվեց 3 երեխաներով: Հիմա արդեն 150 երեխա ունենք: Ես և քույրս մեր անձնական միջոցներով ստեղծեցինք այն, վարձատրեցինք ուսուցիչներին, իսկ հիմա ունենք կարգին բյուջե: Դպրոցում գործում են մեծերի՝ «Արա», միջին տարիքի երեխաների՝ «Անահիտ» և փոքրերի՝ «Աստղեր» պարային խմբերը: Դուդուկի դասարանն էլ Կոնսերվատորիային կից է, որտեղ ուսումը տևում է 10 տարի. կոնսերվատորիա հասկացողությունը մեզ մոտ 10-ամյա ուսուցման նման է:
–Դուք ասացիք, որ Հայաստանում հանդես եք գալու համերգներով. ե՞րբ և որտե՞ղ են դրանք կայանալու:
-Ես 26 ֆրանսիացիների հետ եմ եկել Հայաստան, 95 երեխաներից բաղկացած հայ-ֆրանսիական նվագախմբով համերգներ ենք տալու Գյումրիում, Աշտարակում (նախապես որոշված էր նաև Ստեփանակերտում, սակայն պատերազմական գործողությունների պատճառով երեխաներին այնտեղ չենք տանի), իսկ ապրիլի 22-ին Հայֆիլհարմոնիայում: Ներկայացնելու ենք հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների գործերից: Չմոռանամ ասել, որ սեպտեմբերին եկել էի Հայաստան, գնաց նաև Ղարաբաղ և պայմանագիր ստորագրեցի Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի և իմ դպրոց-ակադեմիայի միջև, որպեսզի արցախցի երեխաներն էլ ընդգրկվեն մեր ծրագրում:
–Ո՞ր երաժշտական դպրոցների հետ ունեք համագործակցություն:
-Երևանի Չայկովսկու դպրոցի, Աշտարակաի երաժշտական դպրոցի երեխաներին էլ տարա Ֆրանսիա՝ նվագելու: Այդ դպրոցների հետ մենք սերտ կապեր ունենք:
–Ձեզ ի՞նչ է տալիս դուդուկը:
-Դուդուկն իմ ներաշխարհին մեղմություն, հանգստություն ու խաղաղություն է հաղորդում: Ես ծայրահեղ մարդ եմ՝ կամ շատ տաք եմ, կամ էլ՝ պաղ. դուդուկն այդ երկուսի ներդաշնակությունն է դնում իմ հոգում: Դուդուկն ինձ համար Հայաստանի մի մասնիկն է:
–Ո՞վ է Ձեզ համար դուդուկի վարպետների Վարպետը:
-Վաչե Հովսեփյանը: Նրա ձևով նվագում են շատերը, սակայն նա անգերազանցելի է երաժշտության գծով. նա՛ է մեզանում դուդուկի դպրոցի հիմնադիրը:
– Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
-Հայրենիքն ինձ համար տուն է, տանիք ու ընտանիք, կյանք, սեր: Ինչ կոչում էլ, որ ունենաս, ինչ համբավ ու ապրելակերպ, միևնույն է, դու դրսում հյուր ես. պարզապես իմ և էլի շատերի դեպքում՝ ես հարգված հյուր եմ այդ երկրում: Հայրենիքն իմ ծննդավայր Ղազարավանն է, այնտեղ կառուցած իմ մատուռը… Ես ծնվել եմ Հայաստանում՝ իմ Հայրենիքում և սիրում եմ այն հայավարի:
–Շնորհակալությո՛ւն, Լևոն, հաջողությունների շարունակական ընթացք եմ մաղթում Ձեր հայաճանաչ ու հայանպաստ գործերին:
Կարինե Ավագյան