Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի մտավորականի վեպը լույս կտեսնի այս տարի

Իսրայելցի վիպագիր, խմբագիր, Երուսաղեմի իսրայելագիտության ինստիտուտի հիմնադիր Օրա Ահիմեյրն այս տարի Հայոց ցեղասպանության մասին եբրայերեն գիրք է հրատարակելու:
Այս մասին լրագրողների հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Ցեղասպանություն և գրականություն. իսրայելական և հայկական համեմատական հեռանկարները» թեմայով գիտաժողովի մեկնարկին տեղեկացրեց հեղինակը: «Իմ գիրքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, հատկապես` Ցեղասպանության ընթացքում կանանց ճակատագրին, ինչպես նաև հայհրեական հարաբերություններին` 100 տարի առաջ և այսօր», «Արմենպրես»ի փոխանցմամբ`նշեց Օրա Ահիմեյրը: Նրա տեղեկացմամբ` գրքի վերնագիրն անգլերեն հնարավոր է թարգմանել որպես Refuge and Rest (Ապաստան և հանգիստ):
«Գիրքը մարդկանց մասին է, ովքեր անհանգիստ պատմությունից փնտրում են ապաստան և հանգիստ: Սա գրականություն է, իսկ գրականությունը չունի ուղիղ քաղաքական ուղերձներ: Իմ գրքի մեջ պարզ է դառնում, թե ինչքան մոտ են մեր ազգերի պատմությունները: Մարդիկ, ովքեր կկարդան սա, կհասկանան, որ Ցեղասպանությունն այնքան նման է նրան, ինչ կատարվել է մեզ հետ (խմբ.ի նկատի ունի Հոլոքոստը): Կարծում եմ, որ մարդկանց մեջ կառաջանա այն զգացողությունը, որ Ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է»,շեշտեց նա: Օրա Ահիմեյրի խոսքով` իր երկրում մտավորականների խումբ կա, ովքեր պայքարում են, որ Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Իմ ամուսինը` Ջեյկոբ Ահիմեյրը, այս շարժման առաջնորդներից է: Նա տարիներ շարունակ այդ գործում է: Շարժման մասնակիցներն էլիտար խմբի անդամներ են, և երկրի նախագահը նրանցից մեկն էր: Իսրայելի նախագահը երկար տարիներ այս խմբի անդամ էր, աշխատել է ճանաչման ուղղությամբ, բայց քանի որ ինքը նախագահ է, չի կարող իր պաշտոնական դիրքերից ելնելով ակտիվ գործունեություն ծավալել»,նշեց նա: Մտավորականի խոսքով` ապրիլի 24ին Իսրայելի հայկական համայնքը կազմակերպում է միջոցառումներ, և ինքը և ամուսինը միանում են միջոցառումներին, նաև հոդված կամ հեռուստահաղորդում են պատրաստում Հայոց ցեղասպանության մասին: Օրա Ահիմեյրը վիպագիր է, խմբագիր, Երուսաղեմի իսրայելագիտության ինստիտուտի հիմնադիրն ու նախկին տնօրենը: Ծնվել է 1941 թվականին Երուսաղեմում, ուսումնասիրել հրեական գրականությունն ու պատմությունը: Սկզբում աշխատել է Լոնդոնի Իսրայելի դեսպանատանը, հետո եղել Վաշինգտոնի Իսրայելի դեսպանատան կանանց հարցերով կցորդ և Իսրայելում կանանց կարգավիճակի հարցերով վարչապետի հանձնաժողովի համակարգողը:
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են բազմաթիվ գրքեր: Ահիմեյրն ակտիվ գործունեություն է ծավալում հասարակական, մշակութային, կրթական հարցերով զբաղվող հանրային համայնքներում: Նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ եբրայերեն նոր վեպը լույս կտեսնի այս տարվա հոկտեմբերին: