Օդեսայում ոգեկոչվեց նահատակված քաջ հայորդիների հիշատակը

Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն։

(ԵՂԻՇԵ)

Ժխտելով հին ու նոր եղեռնագործությունների դատապարտումը ՝ արյունարբու, բարբարոս ոսոխը փորձեց ևս մեկ անգամ «ապրիլ» իրագործել հայոց աշխարհում, սակայն, արժանի ու վճռական հակահարված ստանալով՝ դուրս շպրտվեց մեր հայրենիքի սահմաններից։ Դեռ չամոքած հին ու նոր վերքերը՝ անհաշիվ որդիներ կորցրած ազգն իմ հայկյան կրկին ոտքի ելավ և կյանքի գնով պաշտպանեց հողը սրբազան։

Աշխարհասփյուռ հայ եկեղեցիների հետ մեկտեղ Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում Սուրբ պատարագի ավարտից հետո, ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի՝ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհվածների և բժշկության կարգ՝ վիրավոր հայ զինվորների ապաքինման համար։

Նա հորդորեց միասնական աղոթքի և մոմավառության՝ ի խաղաղություն Մայր Հայաստանի և Արցախ աշխարհի․ «Նվիրական զգացումներով և միաբանության ոգով տոգորված՝ հավաքվել ենք այստեղ՝ որպես խոնարհումի արտահայտություն, հավաքվել ենք ՝ ծնրադիր աղոթելու հայրենյաց պաշտպան քաջազունների և Հայոց բազմաչարչար աշխարհիս խաղաղության համար»։
Այնուհետև հոգևոր հովիվը ուղղորդեց հայրենակիցներին մշակույթի տան դահլիճ՝ մասնակցելու օրվա խորհրդին համահունչ միջոցառմանը։ Համախմբվել էր օդեսահայությունը։

Ձայնը տրվեց Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանին։
Պարոն Մուրադյանը հանգամանորեն ներկայացրեց մեր երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում և միջազգային հանրության կոչերին արձագանքելու պատրաստակամությունը, ընդգծելով միաժամանակ, որ մեր հույսը մենք ենք, մեր մարտունակ, խիզախ բանակը,, որը պատրաստ է ոչ միայն պաշտպանելու հայրենի հողը , այլև արժանի պատասխան տալու անարգ թշնամուն։ Նա նաև նշեց, որ վտանգի ահեղ ժամին մեր երկրի իշխանությունները և ընդդիմությունը, մի կողմ թողած քաղաքական հայացքների տարբերությունը՝ համախմբվել են հանուն Արցախի, հանուն Հայաստանի և Հայ ժողովրդի։։ Մենք պարտավո՛ր ենք առաջնորդվելու «Տասը միլիոն՝ մեկ բռունցք» նշանաբանով, որպեսզի հակահարվածը ուժգին լինի։ Հանճարեղ ծովանկարչի կտավի նման հորձանք տվեց ցասման ու զայրույթի ալիքը․․․

«Հայկական լրատու» հանդեսի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանի մեկնաբանությամբ՝ սա մի նոր Ավարայր էր ո՛չ միայն հայ ժողովրդի զավակների սխրանքի շնորհիվ։ Հավիտենական է խորհուրդը Վարդանանց, որ, դարերի հոլովույթներում ուղեկցել է մեզ և դեռ էլի պիտի ուղեկցի։Այսօր Հայրենիքը, Սփյուռքը և Արցախը միասնական են, ինչպես Ավարայրի հրկեզ օրերին ։ Մեկ անգամ ևս ապացուցվեց՝ մեր հզորության աղբյուրը Արցախ-Հայրենիք-Սփյուռք եռամիասնության ամրությունն է, և մեր կամքը մեր ժայռերի պես ամուր է․․․

«Եռաձայն պատարագ»-ի տողերը որպես աղոթք հնչեցին կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանի շուրթերից․
Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց:
Բայց…ո’չ մի վայրկյան, ո’չ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից…

Հոգով, սրտով Հայաստանի հետ ենք, Արցախի հետ ենք, այն մայրերի հետ, ովքեր կորցրին իրենց զավակներին,-շարունակեց հայրենասեր հայուհին։ -Սակայն արհավիրքի օրերին հայի աննկուն, հերոսական ոգին թույլ չի տալիս, որ մեր ցավը փոխվի հուսահատ լացի, քանզի «անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգու ձեռքով»։ Հայի ազատատենչ ոգու փայլատակումը արձանագրվեց հինգ օր մղած ճակատամարտում։

Իր հոգու ճիչն արտահայտեց գրադարանավարուհի և բանաստեղծուհի Լիզա Մոսինյանը․

Դու՛, իմ Հայրենի՛ք, Երկի՛ր ավետյաց,
Քո վշտի պահին քեզ հետ եմ սրտանց,
Ինչպե՞ս ես զսպեմ ճիչը իմ հոգու,
Դարձյալ գարուն է, ու վհատ ես դու։
Նորից կան զոհեր, կա սրտերում վերք
Եվ այգաբացը՝ դարձյալ արնաներկ։
Մայրեր ողբավգին արցունքներով հորդ,
Խոսքերն ամոքիչ դարձան ավելորդ ։
Շուտով կկերտես խնկաբույր խաչքար,
Դա էլ չի մեղմի վիշտը մոր համար․
Տան ճրագ որդին դարձավ հուշաքար
Ու պատից կախված ժպտադեմ նկար։
Շատ թանկ գնով է սահմանը պահվում,
Արցախի հողը արյամբ է սնվում․․․
Ծա՜ նր օրեր են, կա՜ նգ առ, ակնթա՛րթ,
Հուզված են մարդիկ, ճամփան է անհարթ․
Ինչու՞ է այսքան բարդ ․․․
Իմ հոգին զույգ հենարան ունի՝
Աստված և Հայրենիք։

Այս եղերական իրադարձություններն իրենց արձագանքը գտան կիրակնօրյա դպրոցի սաների ելույթներում։ Նրանք ասմունքեցին Արցախին, Մայր Հայրենիքին, նրանց արիասիրտ պաշտպաններին ձոնված տողեր, քերթվածքներ, կատարեցին հայրենաշունչ երգեր, որոնց ձայնակցեց դահլիճը։

Համայնքի փոխնախագահ Արտեմ Կարաջյանը զգոնության կոչ արեց , քանզի ապրում ենք բազմազգ մարզում, քաղաքում, բազմաթիվ կրոնների դավանող ազգերի մեջ։ Նա իր խոսքերը հղեց հատկապես երիտասարդներին՝ կարողանան զսպել իրենց ապրումները, խուսափեն ոչ ճշգրիտ տեղեկատվական աղբյուրներից օգտվելուց, որպեսզի չհայտնվեն ոչ ցանկալի, առավել ևս՝ վտանգավոր իրավիճակներում։

Միջոցառումն ավարտվեց քահանայի ոգեշունչ խոսքերով․ նա քաջալերեց հայրենակիցներին՝ երբեք չընկճվել․ «Զինված հավատքի, արդարության զենքով՝ մենք դիմագրավել ենք ամեն փորձություն՝ տեսնելով և՛ Եղեռն, և՛ Սարդարապատ, և՛ Արցախի ճակատամարտ։ Մե՜ծ սրտի տեր է մեր ժողովուրդը․ մենք դեմ չենք եղել մեր հարևանների հետ ապրել փոխադարձ համաձայնության մեջ։ Սակայն մենք ունենք աստվածապարգև արդար իրավունք՝ ապրելու մեզ բաժին հասած հայրենի հողի վրա և հարկ եղած դեպքում՝ զենքը ձեռքերիս պաշտպանելու այն, և թո՛ղ Ամենակարող Աստված մեզ զորավիգ լինի՝ մեր սուրբ առաքելության իրականացման գործում։

Խու՛նկ․․․Աղո՛թք․․․ Հիշատակն արդարոց օրհնությա՜մբ եղիցի»։

Նարինե Մուրադյան
«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք. Օդեսա

1 2 3 4 5

Scroll Up