Վոլգոգրադի հայ համայնքի աջակցությունը՝ հայ զինվորներին
ՌԴ Վոլգոգրադ քաղաքում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Շամիրյանը, Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը և համայնքային այլ ներկայացուցիչներ, ապիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական բախումների լուրը լսելով, անմիջապես շտապել են Արցախ՝ բարոյահոգեբանական և նյութական աջակցություն ցուցաբերելու բնակչությանը և ոգևորելու դիրքերում մարտնչող հայ զինվորներին:
«Մեր զինծառայողների համար համայնքի կողմից 400 հատ զինվորական ամբողջական հանդերձանք, 24 հատ ջերմացուցիչ (тепловизор) և 2 հատ շտապ օգնության մեքենա ենք բերել: Բոլորս մեր խղճի առջև հանգիստ լինելու համար պատրաստակամ ենք օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին և միայնակ չթողել իրենց խնդիրների հետ»,-«Հայերն այսօրի» թղթակցին ասաց համայնքի ղեկավարը և հավելեց, որ Սփյուռքի տարբեր համայնքներից Արցախ ժամանած ընկերներով՝ քննարկում են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղին հրատապ օժանդակություն տրամադրելու հարցը, որպեսզի շուտ վերականգնվի ադրբեջանական հարձակումից ավերված գյուղն ու տեղահանված բնակիչներն իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան:
Հեռախոսազրույցի վերջում ապրիլի 3-ից Արցախում գտնվող Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այժմ այնտեղ վիճակը համեմատաբար խաղաղ է. արցախցիները բնականոն կյանքով են ապրում, իսկ դիրքերից վերադարձած ընկերները պատմել են, որ զինվորները մարտական բարձր տրամադրություն ունեն և պատրաստ են դիմագրավելու թշնամու հարձակումներին: