Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը զոհված հայորդիների ընտանիքների կողքին է

Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային մշակութային ինքնավարության ղեկավարի խորհրդական Վարուժան Գեղամյանը «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ համայնքում աննախադեպ աշխուժություն է տիրում. Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող հայերը զանգահարում են և իրենց աջակցությունն առաջարկում Արցախին: Օգնություն տրամադրելու համար համայնքային կառույցների, դեսպանատների, ազգային ինքնավար միությունների հետ նույնպես համախմբված աշխատանքներ են իրականացնում, որոնք տարբեր ուղղություններով են կազմակերպվում: Ազգամիջյան բախումներից խուսափելու համար՝ բողոք-ցույցեր չեն նախաձեռնում, սակայն դրա փոխարեն հաճախ են լինում տարբեր մակարդակներով հանդիպում-քննարկումները, որի արդյունքում էլ համակարգում են հետագա ծրագրերը: 

Ակտիվ քարոզչություն է տարվում տեղեկատվական դաշտում: Նման քարոզչությունը նպատակ է հետապնդում, որպեսզի Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների մասին տեղեկություններին իրազեկ լինեն ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը, այլև աշխարհը:

Սոցիալական ցանցերում արտակարգ ռեժիմով աշխատելով՝ ՀՀ և ԼՂՀ պետական կառույցներից ստացված հաղորդագրությունները շտապ ռուսերեն են թարգմանում և տարբեր ուղղություններով տարածում: Այս ամենի նպատակը մեկն է՝ խուսափել ապատեղեկատվությունից: Մեր հայրենակիցները նկատել են, որ հայկական լուրերին  հետևում են նաև ադրբեջանցիները: Իսկ ռուսական ԶԼՄ-ներն այս օրերին հիմնականում հենվում են հենց հայկական կողմի տրամադրած լրատվությունից, այլ ոչ թե հակառակ կողմի: Ինչը և նպաստում է, որ նրանք օբյեկտիվ տեղեկատվություն են հաղորդում հասարակությանը:

«ԼՂՀ կառավարության հետ ամենօրյա կապի մեջ ենք՝ միասին եզրահանգման գալու համար, թե ինչպիսի օգնություն է անհրաժեշտ տրամադրել Արցախի բնակչության և զինվորների համար: Շատ արագ արձագանքել ենք նաև ԼՂՀ կառավարության՝ համայն հայությանն ուղղված կոչին. աջակցության ակնկալիքով դիմել ենք ոչ միայն Սանկտ Պետերբուրգի գործարարներին, այլև բոլոր սրտացավ հայ մարդկանց»,-շեշտեց Վարուժան Գեղամյանը:

Համայնքային ներկայացուցիչներով փորձում են բանակցություններ վարել տեղական հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների աշխատակիցների և Դումայի պատգամավորների հետ: Կարծում են, որ նրանց նույնպես անհրաժեշտ է իրական փաստերը ցույց տալ և զերծ պահել խեղաթյուրված լուրերից:

Վարուժան Գեղամյանն ասաց, որ ադրբեջանական հարձակումներից զոհված երկու զինվորների ծնողները Սանկտ Պետերբուրգում են ապրում: Համայնքն այդ ծանր օրերին նրանց կողքին գտնվելով՝ բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերել և լուծել Հայաստան ճանապարհելու հարցը: Ինչպես վստահեցնում է Վարուժանը, հետայսու նրանք՝ իբրև հերոս-հայորդիների ընտանիքներ, միշտ իրենց ուշադրության և հոգածության ներքո են գտնվելու:

«Ակնդետ հետևում ենք Արցախում և Հայաստանում զարգացող իրադարձություններին և պատրաստ ենք մեր ուժերի առավելագույն չափով սատար կանգնել ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով հայ ժողովրդի և զինվոր-եղբայրների առջև ծառացած խնդիրները լուծելու և նրանց հոգսն ինչ-որ չափով թոթափելու համար»,-իր խոսքը եզրափակեց Վարուժան Գեղամյանը:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up