ՀՀ Նախագահի և նախարարների այցը կամուրջ է գցում Հայրենիքի և Սփյուռքի միջև. Հարութ Սասունյան

Մարտի 28-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Աշխատանքային այցի առաջին օրը Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Ինչպես հայտնում է  «Հայերն այսօրը», պատվիրակությունը եղել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններում, Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ ՀՀ Նախագահը որոշել է այցելել մեր եկեղեցիներ, ազգային կառույցներ: Մենք ունենք նաև 3 դպրոցներ, որոնց համար շատ հպարտ ենք. շաբաթօրյա հայկական դպրոցը, որ շատ հին է, կիրակնօրյա վարժարանը, որ կրոնական վարժարան է, և ազգային վարժարանը, որ ամենօրյա դպրոց է: Այս դպրոցների հանդեպ մեր ուշադրությունը չափազանց մեծ է»,- ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում նշել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդրանիկ ավագ քահանա Պալչյանը:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ Նախագահի և նախարարների այցը կամուրջ է գցում Հայրենիքի և Սփյուռքի միջև: «Հայաստանը և Սփյուռքը մեկ  են, մեկ ժողովուրդ ենք: Սփյուռքահայերը պատկանում են Հայաստանին այնքան, որքան որ Հայաստանում ծնված հայն է Հայրենիքինը»,-նշել է Հարութ Սասունյանը:

Հիշեցնեն, որ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ից աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Scroll Up