Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի քննարկում՝ Ակնալճի դպրոցում

Արևմտահայ գրականությունը հայ գրականության լուսավոր էջերից է, որը քիչ է հայտնի երիտասարդության շրջանում: Գրողներից շատերը ոչ միայն իրենց գրական գործերով, այլև ապրած կյանքով ուղեցույց են սերունդների համար: Արժեքավոր են արևմտահայ գրողների գործերը, որոնք ներթափանցված են խոր մտահոգությամբ՝ հայ ժողովրդի վիճակով: Իսկ Զոհրապ-գրողը նոր լիցք ու շունչ հաղորդեց արևմտահայ գրական շարժմանը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է դպրոցի Հայոց լեզվի մ/մ ուսուցչուհի Դ. Կիրակոսյանը:
Մարտի 18-ին Ակնալճի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի քննարկում: Քննարկումը կազմակերպել էին X դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Դ. Կիրակոսյանի հետ միասին: Մսնակցում էին XI դասարանի աշակերտները, ուսուցիչները:
X դասարանի աշակերտները հակիրճ ներկայացրեցին Զոհրապի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, որից հետո կանգ առան «Զաբուղոն» նորավեպի վրա, որն ընթերցողի հիշողության մեջ մնում է իր եզակիությամբ և մտորումների տեղիք է տալիս: Ներկայացնելով բովանդակությունը՝ աշակերտները կանգ առան հենքային հարցի վրա՝ ո°վ է Զաբուղոն, ո°վ է նրա սիրած աղջիկը, ինչու° նրանք մինչև վերջ իրար չհասկացան, ո°վ է մեղավոր, ո°վ է արդար, ի°նչ բարոյական դաս տվեց նորավեպը:
Քննարկումն այնքան բուռն ու հետաքրքիր էր, որ գրավել էր ողջ լսարանը, և երկար կշարունակվեր, եթե զանգը չազդարարեր դասի ավարտը:
Ներկաները ոգևորված էին և բավարարված:
Հավելենք, որ դաս-քննարկումը կատարվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում: