ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հյուրն էր ճապոնահայ կամավոր Մարի Կույումջյանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճապոնահայ կամավոր Մարի Կույումջյանին:

 Ջերմորեն ողջունելով երիտասարդ հյուրին` նախարարն իր գոհունակությունը հայտնեց, որ Մարիի նման երիտասարդները արժևորում են իրենց հայկական ծագումը և փորձում են ճանաչել ու սիրել իրենց ծնողների տարբեր մշակույթները, դառնալ դրանց կրողը:

Նախարարն իր հիացմունքն արտահայտեց` լսելով ճապոնական դիմագծերով Մարի Կույումջյանի քաղցրահնչուն արևմտահայերենը, և բարձր գնահատեց հայկական ու ճապոնական ընտանեկան ավանդույթների համադրությամբ դաստիարակված և հրաշալի կրթություն ստացած Մարի Կույումջյանի՝ ազգային արմատները ճանաչելու ջանքերը:

Կանսայի միջազգային դպրոցի Միջազգային հարաբերությունների բաժնի երկրորդ կուրսի ուսանող Մարիին Հայրենիքի ու ազգային ինքնության որոնումները լիբանանահայ հայրիկի խորհրդով արդեն երկրորդ անգամ բերել են Հայաստան: ՀՀ  սփյուռքի նախարարության աջակցությամբ նա հյուրընկալվել է հայկական ընտանիքում, իսկ Հայ բարեգործական ընդհամնուր միության օգնությամբ Մարի Կույումջյանը մասնակցում է տարաբնույթ մարդասիրական ծրագրերի, որոնք հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայ ժողովրդի մշակույթին, սովորույթներին ու կենցաղավարությանը, կատարելագործել հայերենի իմացությունը ու ձեռք բերել ընկերներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարին պատմեց իր տպավորությունների ու զգացողությունների, ձեռք բերած գիտելիքների ու փորձի մասին և հավաստիացրեց, որ իր եղբայրը՝ Գևորգը, ևս կայցելի Հայաստան և կմասնակցի «Արի տուն» ծրագրին: Նա նշեց, որ Հայաստանը իրեն անբացատրելի ուժով ձգում է, և ինքը պարբերաբար կայցելի Հայրենիք՝ փորձելով հնարավորինս նպաստել հայ և ճապոնացի ժողովուրդների փոխճանաչողությանն ու բարեկամության ամրապնդմանը:

1 2

Scroll Up