«Հայաստանի անկախացումը մեզ «տուն» վերադառնալ ավետեց». Դիանա Հովսեփյան

«Հայերն այսօրի» զրուցակիցը հայրենադարձ, ՀՕՄ-ի հայաստանյան շրջանային վարչության անդամ Դիանա Հովսեփյանն է:

Տիկին Դիանան խոր կսկիծ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ հեռանում Հայաստանից: Անզոր է լինում պատկերացնել՝ նրանցից հետո ո՞վ է պաշտպանելու մեր հողը, և թե ինչպես ենք շենացնելու Հայաստան աշխարհը: Մտածում և չի հասկանում օտարություն բառի «քաղցրությունը»:

Այս մտորումներն էլ տարիներ առաջ Դիանա Հովսեփյանին Իրանից ընտանիքի հետ Հայաստան վերադառնալու հիմք հանդիսացան:  

-Ծնվել եք ավանդույթներով հարուստ, հայաշունչ Իրանում: Ի՞նչ հուշեր կան պահպանված ծննդավայրից:

-Իրանը հայրենասիրության մի մեծ դարբնոց է: Ծնվել եմ Թեհրանում: Երկար տարիներ ապրել եմ Թավրիզ և Սպահան քաղաքներում, որոնց հետ կապված հուշեր ու հոգևոր կապվածություն ունեմ: Այնտեղ են ապրում ծնողներս, հարազատներս և ընկերներս: Հատկապես պատանեկան տարիներից է հուշեր պահպանվել, երբ միություններում հայրենասիրական ոգեշունչ ծրագրերի էի մասնակցում: Ամուսնանալուց հետո ապրել եմ Նոր Ջուղայում:

Հաճախել եմ Թավրիզի Հայկազյան-Թամարյան-Սահակյան հայկական դպրոցը: Դեռ մանկուց ծնողներս մեզ հայրենասիրություն են սերմանել: Մեծ ընտանիք էինք. հայրս դասերն ավարտելուց հետո ձմռան երկար գիշերներին իր վեց երեխաներին հավաքում էր շուրջը՝ Րաֆֆու վեպերը ընթերցելու, որից հետո բարձրաձայն ընթերցելու մեր հերթն էր գալիս:

Հիմնականում համայնքային գործունեություն եմ ծավալել: Անդամակցել եմ Թավրիզի «Արարատ» մարզամշակութային միությանը՝ նեցուկ լինելով ՀՄԱԿ-ի աշխատանքներին: Եղել եմ միության վարչության անդամ, մասնակցել եմ տարբեր հանձնախմբերի աշխատանքներին: Իսկ դպրոցներում եղել եմ ծնողական խորհուրդների անդամ:

Տիկի՛ն Դիանա, սփյուռքահայերն ասում են, որ իրենց հայացքը միշտ Հայաստանին է ուղղված: Հայրենիքին «նայող» կարո՞տը Ձեզ հայրենադարձեց:

-Հայրենիքում հաստատվելն իմ և ամուսնուս երազանքն է եղել. միշտ մտածել ենք հայրենադարձվելու մասին: Մեր ապագան կապել ենք Հայրենիքի հետ: Հայաստանի անկախացումը մեզ «տուն» վերադառնալ ավետեց:

Մեր երազանքն այլևս իրականություն դարձավ. 2003 թվականին ընտանիքով  վերադարձանք:

Հաստատվելով Երևանում՝ամուսնուս հետ փորձեցինք կառուցել մեր և երկու երեխաների ապագան: Երեխաներս այստեղ դպրոց հաճախեցին, ապա բարձրագույն կրթություն ստացան, աշխատանք գտան: Իսկ ամուսինս աշխատեց շինարարության ոլորտում, որպեսզի մեր առօրյան ապահովեր:

aaaaaa

-Երեխաներն ինչպե՞ս արձագանքեցին Հայրենիք վերադառնալու որոշմանը:

-Նրանք Հայաստանը սիրելով են եկել, և այժմ իրենց կյանքը միմիայն Հայաստանի հետ են կապում: Միշտ ոգևորություն եմ նկատել նրանց մոտ, նույնիսկ տարբեր դպրոցական մրցույթների են մասնակցել: Աղջիկս սովորել է ԵՊՀ-ի Միջազգային          հարաբերությունների ֆակուլտետում, իսկ մագիստրատուրան շարունակել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Քաղաքագիտության ամբիոնում: Բարեբախտաբար, համալսարանը գերազանցությամբ ավարտելուց հետո գտավ իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք: Արդեն ամուսնացել է: Նրա ամուսինն, ինչպես Հայաստանում է ընդունված ասել, «տեղացի»  տղա է (ծիծաղում է-հեղ.): Աղջիկս անկախության սերնդի ներկայացուցիչներից է, և գուցե դա է պատճառը, որ հայրենասիրությունը վառ է արտահայտված նրա մոտ:

Իսկ տղաս արդեն Հայոց բանակում է ծառայում: Նա հնարավորություն ուներ չծառայելու, սակայն այն դիրքորոշումն ուներ, որ եթե Հայաստան է վերադարձել, ապա իրեն լիարժեք զգալու համար պետք է ծառայի բանակում: Անպայման ուզում էր Հայրենիքի առջև հոգու պարտքը կատարել: Վերադառնալով ծառայությունից՝ Ամերիկյան համալսարանում շարունակելու է կիսատ թողած ուսումը: Իսկ մինչ այդ «Քվանտ» վարժարանի Միջազգային Բակալավրիատ բաժնում է սովորել:

aaa

– Կտրվելով հարազատ համայնքից՝ փոփոխությունը հեշտությա՞մբ հաղթահարեցիք:

-Նախ ասեմ, որ Իրանի հայ համայնքը կուռ է: Այնտեղ երեխաներին ազգային ոգով դաստիարակելը ծնողների ամենամեծ պարտականություններից է:

Տեղափոխվելով Հայաստան՝ մտածում էի, որ այս առումով որևէ դժվարություն չենք ունենա, քանի որ վերջապես մի վայր էինք գալիս, որտեղ բոլորը հայերեն էին խոսում: Մեզ շատ օգնեց արևելահայերենի իմացությունը: Լեզվի հետ կապված միակ խնդիրն ուղղագրությունն էր, որը հեշտությամբ սովորեցինք:

Կարծում եմ՝ 13 տարվա ընթացքում բոլոր խոչընդոտներն  առանց վհատվելու հաղթահարեցինք:

Երեխաներիս համար նոր միջավայրին հարմարվելը օրակարգային հարց էր: Չէ՞ որ նոր դպրոց էին հաճախելու և նոր հասարակության մեջ ներգրավվելու: Ինձ այս հարցում շատ օգնեցին դպրոցների ուսուցիչները, որոնք մեծ հարգանքով էին վերաբերվում հայրենադարձներին: Նրանք միշտ նրբանկատ են գտնվել և փոխըմբռնումով մոտեցել երեխաներիս մոտ ծագող հարցերին:

Աղջկաս և տղայիս խրախուսելու, առաջ տանելու համար՝ օրվա մեծ մասը դպրոցում էի անցկացնում: Նրանց կողքին էի գտնվում, որպեսզի միայնակ և կաշկանդված չզգային:

Ես նույնպես ջերմ հարաբերություններ եմ ձևավորել և մտերմացել հատկապես երեխաներիս հետ սովորող աշակերտների ծնողների հետ, որոնց հետ կապը մինչև հիմա պահպանում եմ: Նրանց կողմից նույնպես հարգալից վերաբերմունքի եմ արժանացել:

-Մարդկային փոխհարաբերությունների առումով տպավորություններն  ինչպի՞սին էին:

-Երբ դրսում հայերի ես հանդիպում, ամենաբարձր մարդկային հատկանիշներով ես պատկերացնում նրանց: Ուզում ես իբրև հայ՝անբիծ լինեն: Սփյուռքում հայի նկարագրի մասին բոլորովին այլ մոտեցում կա: Եթե Իրանում իմանում են հայ լինելդ, կարծում են՝ սուտ չես խոսի, գողություն չես անի, չես դավաճանի, այսինք՝ վստահում են քեզ: Իսկ Հայաստանում նման արատավոր երևույթների հանդիպելիս, վատ էինք զգում մեզ: Հետո սկսեցինք  այլ դիտանկյունից նայել այդ խնդիրներին: Այս հարցում ինձ շատ օգնեց հոգեբանությունը:

Պարզապես Սփյուռքում Հայրենիքի մասին ունեցած պատկերացումները շատ տարբեր էին: Հայաստանը մենք պատկերացնում էինք ամենագեղեցիկ, իդեալական և ապահով մի վայր, որտեղ յուրաքանչյուր հայ երազում է այնտեղ ապրելու մասին: Մենք Հայաստանի անկախումից հետո տարիներ շարունակ իբրև զբոսաշրջիկ էինք գալիս Հայաստան, որի ընթացքում ձևավորվում էր պատկերացումների դաշտը: Քիչ թե շատ՝ արդեն ծանոթ էինք այստեղի բարքերին, մարդկանց մտածելակերպին, բնավորությանը: Բնավ, չհայտնվեցինք խորթ միջավայրում:

«Տուն» վերադառնալով՝ ի՞նչ զգացողություններով համակվեցիք:

-Ոտք դնելով հայրենի հողի վրա՝ հասկացանք, որ Հայաստանն այլևս իրականություն է մեզ համար:

Բոլորս մտածում էինք, որ պետք է ներդրում ունենաք մեր երկրի զարգացման գործում: Սակայն կային երևույթներ՝ փողոցների անմխիթար վիճակը, մթությունը և հացի հերթերը, որոնց ակամայից բախվում էինք և տխրում:

Հայաստանում չէին զանազանում սփյուռքահային օտարից: Չէին կարողանում ընդունել, որ մենք հայ ենք, զարմանում էին հայերեն պարզ խոսելու վրա: Սակայն այդ կարծրատիպը հետագայում կոտրվեց:

Խտրականություն դնելու փոխարեն ուղղակի պետք է հասկանալ, որ Սփյուռքն ապրում է Հայաստանով, իսկ Հայաստանը՝ Սփյուռքով: Այն տարբերությունը, որն առկա է մեր միջև, ոչ մեկիս մեղքով չի առաջացել: Նման գիտակցության գալուց հետո մեր երկիրը կդառնա այն դրախտավայրը, որի մասին երազում ենք:

-Երբևէ մտածել եք, թե հայրենադարձությունն ի՞նչ է տվել Ձեզ:

-Ամենակարևորը, որ «քաղեցի» հայրենադարձությունից, դա Հայաստանում բարձրագույն կրթությունը շարունակելու մեծ ցանկությունն էր: Կարծում եմ՝ բոլոր սփյուռքահայերի երազանքն է Մայր հայրենիքում սեփական լեզվով կրթություն ստանալը, բոլորովին այլ զգացողություն է դա: Թեև ես Իրանում ավարտել եմ համալսարանը և երկրաբանի մասնագիտություն ստացել, սակայն երազանքիս հետքերով գնալով՝ որոշեցի երկրորդ մասնագիտությունս ստանալ. ընդունվեցի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի Հոգեբանության բաժինը, իսկ մագիստրատուրան շարունակեցի ՀՀ ԳԱԱ-ում:

Թեզիս պաշտպանությունը եղել է «Հայաստան տեղափոխված սիրահայերի սոցիալ-հոգեբանական ինտեգրման առանձնահատկությունները»  թեման:

Ուսումնասիրել եմ փախստական սիրիահայերի հոգեբանական խնդիրները: Ինձ հետաքրքիր էր, թե մարդիկ նոր բնակավայր տեղափոխվելով՝ ի՞նչ խնդիրների են բախվում, ինչպե՞ս են կարողանում հարմարվել նոր միջավայրին:

Հայրենադարձությունից հետո սկսեցի հասարակության մեջ իմ դերը փնտրել: Անդամակցում եմ ՀՕՄ-ի հայաստանյան միավորին, որտեղ այժմ շրջանային վարչության անդամ եմ, նաև ձեռագործի և  ձեռարվեստի, մի շարք այլ հանձնախմբերի պատասխատանու:

Արաբկիր համայնքում կառուցվող եկեղեցու կանանց խորհրդում եմ ընդգրկված: Եղել եմ Արաբկիրի ՀՕՄ-ի մասնաճյուղի վարչության ատենապետուհին: Կարճ ժամանակ կամավորության սկզբունքով համագործակցել եմ նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Հայրենասիրություն ասելով՝ ի՞նչ եք հասկանում:

– Հայրենասիրությունը, ըստ իս, հայրենիքով ու հայրենիքի համար ապրելն է: Հայրենասիրություն է օտարության մեջ ապրող երեխաներին Մայրենին սովորեցնելը և հայ պահելը:

Հայրենասիրություն է սահմանին կանգնած հայ զինվորի արիությունը, որը ոչ մի բառով չես կարող նկարագրել: Վերջերս ՀՕՄ-ի «Ամուր սահման՝ հզոր հայրենիք» ծրագրի շրջանակներում «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացրինք: Զինվորներին նամակ էին գրել նաև սփյուռքահայ երեխաները: Կարդալով  նրանց հուզիչ բովանդակությամբ նամակները՝ կհասկանայիք, թե Սփյուռքում ինչ հայրենասեր սերունդ է դաստիարակվում:

-Ճանաչողական այցելություններ կատարու՞մ եք: Չէ՞ որ Հայաստանը բացահայտելու համար լավագույն միջոցներից  մեկն էլ նման շրջայցերն են:

– Հայաստանում չկա մի վայր, որ ընտանիքով գնացած չլինենք: Բոլոր վայրերն էլ սիրելի են և հոգեհարազատ: Ուզում եմ, որ երեխաներս  ճանաչեն իրենց երկիրը: Հայաստան ասելով՝ պետք չէ միայն հասկանանք գեղեցիկ սրճարանները, ռեստորաններն ու ժամանցի մյուս վայրերը: Հայաստանը պետք է զգանք մեր չնաշխարհիկ բնությամբ, բարձրաբերձ լեռներով, հնամենի վանքերով և այլ հուշակոթողներով, որոնք ասես խոսում են մեզ հետ ու պատգամ փոխանցում:

Երբ այցելում ենք Հայաստանի որևէ գյուղ կամ քաղաք, անպայման գիշերում ենք այնտեղ, քանի որ սիրում ենք երեկոյան դուրս գալ քաղաք, խոսել մարդկանց հետ և տեսնել, թե ինչ կենցաղավարություն ունեն:

Այդ ժամանակ նկատում ենք, որ մութն ընկնելուն պես՝ աշխուժությունը կանգ է առնում, և նրանք փակվում են իրենց տներում: Ցանկությունս է, որ Հայաստանը համաչափ զարգանա, և պետությունը սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց միշտ ուշադրության կենտրոնում պահի:

aa

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք արտագաղթի ճանապարհը բռնող մեր հայրենակիցներին:

– Սփյուռքում ապրելով՝ հասկանում ես, որ Հայրենիքը լքելու մեջ ոչ մի լավ բան չկա: Հիմա երբ հաստատվել ենք Մայր հողի վրա, մեկ րոպե անգամ չեմ մտածել Հայաստանը լքելու մասին:

Ի վերջո, ո՞ւր պետք է գնանք, ո՞վ է մեզ գրկաբաց ընդունելու. որտեղ էլ գնանք՝ կաշկանդված և հյուրի կարգավիճակով ենք ապրելու: Այստեղ մնալով՝ մեկ բռունցք դարձած պետք է սատար կանգնենք Հայաստանին և դիմակայենք մեր առջև ծառացած  մարտահրավերներին:

Կողմ եմ, որ երիտասարդները արտասահման կրթվելու գնան, գիտելիքներ ձեռք բերեն, բայց իրենց ներուժը Հայաստանում սպառեն:

Այսօր մեր սահմաները թշնամու համար ամենօրյա թիրախ են: Չնայած պայթունավտանգ վիճակին՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ամուր կառչած են հողին. անգամ այդ ծանր պայմաններում գտնվելով՝ երբեք չեն մտածում հեռանալ Հայրենիքից: Հաճախ, երբ հարցնում եմ, թե ինչու չեն տեղափոխվում Երևան, նրանք ծիծաղով պատասխանում են, որ ինչքան էլ գնդակոծության ենթարկվեն, չեն լքի իրենց բնակավայրն ու հողից ոչ մի քայլ այն կողմ չեն գնա: Պատկանելիության զգացումն այնքան ուժեղ է նրանց մոտ արտահայտված, որ ուրախությունդ ափեափ է դառնում և անասելի հպարտություն ես ապրում:

Իսկ արտագաղթողներին չեմ կարող մեղադրել: Նրանք գուցե սոցիալական պայմաններից դրդված են գնում, սակայն ավելի լավ կլիներ, որ իրենց հանգիստ կյանքը Հայաստանում գտնեին:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 

 

 

 

Scroll Up