Համերգ Նյու Յորքում՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Shnorhali.....jpg)
Մարտի 13-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու «Շնորհալի» քառաձայն երգչախումբը հանդես կգա Հայաստանի Հանարապետության Անկախության 25-ամյակին նվիրված համերգով: Համերգը կկայանա Նյու Յորքի «Սրբազան խորհուրդ» եկեղեցում: Այս մասին Նյու Յորքից «Հայերն այսօրին» տեղեկացնում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար, օպերային երգիչ Վաղարշակ Օհանյանը:
Երգչախումբը հանդիսատեսին կներկայանա հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպես նաև երգերի պրեմիերաներով:
Համերգի հատուկ հյուրերն են լինելու Լոս Անջելեսից օպերային երգչուհի Անահիտ Ներսիսյանը, Նյու Ջերսիում գործող Համազգայինի «Արեգակ» մանկական երգչախումբը և «Արմսթրինգ» խումբը` Դիանա Վասիլյանի ղեկավարությամբ:
Հավելենք, որ «Շնորհալի» երգչախումբը ստեղծվել է 2007 թվականին: Համերգներով հանդես է եկել Սփյուռքի տարբեր համայնքներում: Հաջողությամբ է պսակվել հատկապես Բրոդվեյի հռչակավոր Սուրբ Մաղաքիա եկեղեցու «Դերասանների մատուռ» կոչվող սրահում տեղի ունեցած համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: