«Մի օր բոլորն էլ վերադառնալու են». Ալինա Կոբելյան

Ջավախահայ Ալինա Կոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում: Ուսումը Հայաստանում շարունակելու «պատճառ» է դարձել «Արի տուն» ծրագիրը: Երկու շաբաթ գտնվելով հայրենիքում՝ Ալինայի ծրագրերը կտրուկ փոխվում են: Ինչո՞ւ. այս և այլ հարցերի շուրջ է «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Ալինա Կոբելյանի հետ:
–Ալինա´, ինչպե՞ս է ընտանիքդ հաստատվել Ջավախքում: Որտե՞ղից են քո նախնիները:
– Իմ պապերը գաղթել են Թուրքիայի հյուսիս-արևելյան մասում գտնվող Էրզրումի նահանգից: Ծնողներս պատմում են, որ մեր ներկայիս գյուղը շատ նման է Էրզրումի մեր գյուղին, ինչն էլ պատճառ է դարձել, որ պապերս հաստատվել են Ջավախքում:
Ես ծնվել եմ Ջավախքում: Այնտեղ եմ մեծացել ու դպրոց գնացել: Հաճախել եմ հայկական դպրոց, չնայած ունեցել ենք հայալեզու դասագրքերի խնդիր, բայց կարղացել ենք սովորել հայերեն և պահպանել մեր լեզուն:
Հաճախել եմ նաև պարի խմբակ: Այնտեղ ընկերներս հիմնականում հայեր էին, վրացի ընկերներ քիչ ունեի: Պատճառն այն է, որ Ջավախքում բոլորը հայեր են, հատկապես Ախալքալաքում վրացիներ գրեթե չկան:
Մեր առօրյան հետաքրքիր դարձնելու համար երիտասարդներով խումբ էինք ստեղծել և մասնակցում էինք տարբեր միջոցառումների, հաճախում էինք Ախալքալաքի երիտասարդների կենտրոնի կազմակերպած դասընթացներին, դպրոցում կազմակերպում էինք տարբեր մրցույթներ: Վերջին մրցույթը, որին ես մասնակցեցի, «Մշակութային բազմերանգության օրեր» էր: Չորսօրյա միջոցառման ժամանակ մենք համեմատում էինք Հայաստանի և Վրաստանի մշակույթները, ներկայացնում երեխաների ձեռքերով պատրաստված ազգային երաժշտական գործիքներ, տարազները: Այդ միջոցառումից հետո, երեխաների ուժերով, դպրոցում բացվեց մշակութային թանգարան, որն ամեն տարի համալրվում է:
Անցյալ տարի էլ միջոցառում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որին երեխաները ներկայացրին Ցեղասպանությանը վերաբերող աշխատանքներ:
-Ալինա´, ինչպե՞ս որոշեցիր ուսումդ Հայրենիքում շարունակել:
– Սկզբում որոշել էի Վրաստանի Թբիլիսի քաղաքի Մայր բուհում սովորել, այդ պատճառով 2014 թվականի նոյեմբերին մասնակցեցի մի ծրագրի, որի շրջանակներում մեկնեցի Թբիլիսի, ծանոթացա Մայր բուհի կրթական հնարավորություններին, որոնք ինձ շատ դուր եկան: Բայց երբ 2015 թվականի հունիսին մասնակցեցի Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին՝ փոխվեցին ծրագրերս: «Արի տան» միջոցով ճանաչեցի հայրենիքս, նոր ընկերներ ունեցա և որոշեցի՝ եթե շարունակեմ ուսումս, ապա միայն Հայաստանում:
-Ուրիշ ի՞նչ նոր բան քեզ տվեց «Արի տուն» ծրագիրը:
– «Արի տուն» ծրագիրը հնարավորություն տվեց ինձ սովորել հայրենիքիս պատմությունը: Ծրագրի շնորհիվ՝ ծանոթացա Հայաստանի պատմական վայրերին: Ամենից շատ տպավորվեցի, երբ այցելեցինք Եռաբլուր պանթեոն, որտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Ես ափսոսանք, միաժամանակ հպարտություն զգացի, երբ այնտեղ այցելեցի իմ համագյուղացի, Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի (Դուդուլ) շիրիմին: Պատկերացրեք՝ ինչ զգացի ես, երբ այդքան տարի սովորել եմ նրա անունը կրող դպրոցում ու այդ պահին կանգնած էի նրա շիրիմի կողքին: Հուզմունքը խեղդում էր կոկորդս՝ ես չկարողացա զսպել արցունքներս:
Շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրին, որ հնարավորություն տվեց ճանաչելու մեր հերոսներին և հարգել նրանց հիշատակը:
-Ի՞նչ տպավորություններ ունես ուսանողական կյանքից: Գոհացնո՞ւմ է քեզ Հայաստանի կրթական համակարգը:
– Ընդհանուր առմամբ գոհ եմ կրթական համակարգից, սակայն ամենամեծ խոչնդոտը, որին հանդիպել եմ այն է, որ մասնագիտական գրականությունը հիմնականում ռուսերերեն է: Մեզ համար շատ դժվար է ռուսերենով սովորելը, որովհետև մենք Վրաստանում ռուսերեն համարյա չենք սովորել: Իսկ մնացած ամեն ինչից գոհ եմ: Այստեղ մի քանի ընկերուհիներով ապրում ենք վարձով բնակարանում:
Կցանկանայի խոսել նաև Սփյուռքահայ ուսանողական խորհրդի, ինչպես նաև «Հարմոնիա» հոգեբանության զարգացման կենտրոնի մասին, որովհետև Երևանում մեր հիմնական ժամանցը վերջիններս են ապահովում: Պարբերաբար մեզ համար կազմակերպվում են հետաքրքիր ծրագրեր, դասընթացներ, հանդիպումներ:
-Ալինա´, ինչո՞ւ ընտրեցիր հատկապես հոգեբանի մասնագիտությունը:
– Ցանկանում էի այնպիսի մասնագիտություն ընտրել, որի պակասը զգում են Ջավախքում: Ուզում եմ հոգեբան լինել, որպեսզի կարողանամ օգնել Ջավախքում ապրող երիտասարդներին՝ բացահայտելու իրենց ներքին ուժն ու տաղանդը, որովհետև այնտեղ կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ընկնում են ընդհանուր հոսքի մեջ և կորչում ամբոխի մեջ:
Ուզում եմ՝ երիտասարդները գնահատեն իրենց ունակությունները ու այն օգտագործեն ճիշտ նպատակի համար:
-Զրույցի վերջում ի՞նչ խորհուրդ կտաս Հայաստանից հեռու ապրող քո հասակակիցներին:
– Խորհուրդ կտամ, որ վերադառնան Հայաստան, սովորեն հայերեն ու երբեք չմոռանան իրենց հայ լինելը: Որքան էլ մենք սիրենք այն վայրը, որտեղ ապրել և մեծացել ենք, միևնույնն է, Հայաստանը մեր հայրենիքն է: Ես հավատում եմ, որ մի օր բոլորն էլ վերադառնալու են:
Իսկ ես ուսումս ավարտելուց հետո պետք է վերադառնամ Ջավախք, որովհետև այն համարում եմ մի փոքրիկ Հայաստան: Չպետք է թույլ տանք, որ Ջավախքը հայաթափ լինի, և մեր պատմական հայրենիք-դրախտավայրին օտարը տիրի:
Տաթև Դավթյան