«Կարևոր է հայրենասեր կադրային ներուժի ներառումը պետական համակարգում». Գարիկ Քեռյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սահմանդրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթի հետ կապված՝ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հետ:

–  Պարո՛ն Քեռյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Նախագահի նստավայրում հյուրընկալելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Անշուշտ, քաջատեղյակ եք այդ ելույթից. ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը, խնդրում եմ կիսեք Ձեր տպավորություններն ու մտորումները ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ընթերցողների հետ:

 

–  Մենք անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին ականատես եղանք համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության փոփոխությանը: Իհարկե, բոլորիս համար պարզ է, որ յուրաքանչյուր երկրի քաղաքական մշակույթը քաղաքական համակարգը, քաղաքական գործընթացները, ինչպես նաև պետական կառավարաման մշակույթն ու դրա զարգացումը մեծապես կապված են հիմնական փաստաթղթի՝ Սահմանադրության հետ: Այս ամենից մենք կարող ենք հետևություն անել, որ եթե փոխում ենք Սահմանադրությունը, ապա այնպիսի արմատական բարեփոխումներ ենք անում, որ նույնիսկ ինչ-որ տեղ կարող ենք ասել, թե այսօր ունենք լիովին բարեփոխված և համարյա թե նոր Սահմանադրություն: Բնական է, որ այս հիմնական փաստաթղթի փոփոխությունն իր հետ շղթայական ռեակցիայի ձևով փոփոխություններ պետք է բերի նաև քաղաքական, պետական կյանքի բոլոր բնագավառներում: Ես շատ տեղին եմ համարում ՀՀ Նախագահի ելույթը պետական կառավարման և քաղաքական էլիտայի առջև, որովհետև պետք էր ոչ միայն սահմանափակվել Սահմանադրությունն ընդունելով և հեռանալ դեպի իրենց տներն ու գրասենյակները՝ շարունակելով ապրել հին կարգուկանոնով, սովորույթների ուժով. այս ելույթը կարծես հաղորդագրություն էր՝ զգաստացնելու բոլորին, որ գործընթացը ոչ թե ավարտվել է, այլ նոր միայն սկսվում է և շարունակական է լինելու: Պատմության մեջ բազմաթիվ փաստեր կան, երբ ամենաժողովրդական, հոյակապ դրույթներ ունեցող սահմանադրությունները պարզապես մնացել են թղթի վրա, չեն իրագործվել, և ամենաժողովրդավարական սահմանադրությունների ընդունումից հետո հասարակությունը տառապել է հետընթացից, բռնություններից, մարդու իրավունքների ոտնահարումից և այլն: Այսինքն՝ թուղթ գրելը և հեռանալը ոչինչ է, գործը՝ գրվածը, ընդունվածը կյանքի կոչելն է, իրագործելը: Այս ամենը քաջ գիտակցելով՝ մեր պետության ղեկավարը մի անգամ ևս փորձեց զգաստացնել և բոլորին դնել այն մեկնարկային կետի վրա, որը նշանակում է՝ սկսում ենք Սահմանդրության իրագործումը: Հակառակ դեպքում մի 5-10 տարի հետո եկող սերունդը պարզապես կծաղրի մեզ և կասի, որ հերթական Սահմանադրությունը ևս մնաց միայն թղթի վրա:

–  Ձեր կարծիքով իրատեսակա՞ն են սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությունները, և որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ գործընթացն իրականացնելու համար:

–  Սահմանդրական բարեփոխումներն ընդգրկում են բավականին լայն շրջանակ՝ և՛ քաղաքական համակարգի, և՛ պետական կառավարման համակարգի էական փոփոխություններ: Ասեմ, որ սա մի քանի ամսում կամ մի քանի տարում կարող է փայլուն կերպով իրագործվել, ավարտվել, դժվար է պնդել: Սահմանդրության բարեփոխումները կատարվել են 2015 թ. վերջերին, ուրեմն, ժամանակային առումով ունենք 2016, 2017 թվական՝ մինչև խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ավելի ստույգ՝ 1.5 տարի: Եթե ասենք, որ նման փոփխությունները երկար ժամանակ են պահանջում, դրա իրավունքը չունենք, որովհետև արդեն նոր ընտրություններից առաջ հասարակության և քաղաքական կյանքի շունչը պետք է այնպես փոխված լինի, սիրտն այնպես պետք է բաբախի, որ մենք ընտրությունների գնանք, անցկացնենք կազմակերպված և այնպիսի նոր մեթոդներով ընտրություններ, որպեսզի 2017 թ. ընտրություններից հետո ունենանք այդ նոր համակարգը: Մենք այլևս իրավունք չունենք փիլիսոփայելու, թե մոտավորապես ինչքան ժամանակ է պետք այս կամ այն համակարգը փոխելու համար. մենք ունենք կոնկրետ 1.5 տարի ժամանակ: Եթե այս ժամանակաընթացքում այս տրամաբանությունը չգերիշխի, և մարդիկ չփոխեն իրենց գործելաոճը, ապա ամեն ինչ մնալու է թղթի վրա: ՀՀ նախագահի ելույթը ես ընկալեցի հենց այս իմաստով. նա փորձեց նշել իրականացման կարևորությունը, ռիթմը և փաստացիորեն ընդգծեց, որ նրանք, ովքեր իրենց աշխատասենյակներում մեկուսացված կշարունակեն ապրել հին տեմպով, նրանք այլևս գործ չեն ունենա պետական կառավարման համակարգի հետ: 1.5 տարի հետո ձևավորվող նոր խորհրդարանը պետք է շատ արագ կերպով կարողանա Սահմանադրությամբ նախատեսվածը ներդնել մեր քաղաքական համակարգում և պետական կառավարման գործընթացում:

–  1.5 տարվա ընթացքում մեր խորհրդարանը, քաղաքական գործիչները, պետական այրերը, իշխանությունը, քաղաքագետները, միջազգայնագետները, պատմաբաններն ու իրավաբանները կկարողանա՞ն համախմբվել, լծվել այդ գործին միահամուռ ուժերով, միասնական ճակատ կազմել և կյանքի կոչել բարեփոխումները:

–  Ձեր այս հարցին չեմ կարող այնքան էլ լավատեսորեն պատասխանել, քանի որ ներկայիս քաղաքական դաշտում եղած ուժերը չեմ կարծում, թե կարողանան այդպիսի միասնական ճակատ կազմել և լծվել սահմանդրական բարեփոխումների գործին:

–  Այսինքն՝ հնարավոր է, որ ձախողո՞ւմ լինի նաև…

–  Ես ձախողում չէի ասի, որովհետև այս գործընթացն այնպիսին է, որ եթե անգամ ձախողում լինի, կարճ ժամանակի ընթացքում դա չի երևա: Ձախողումը կերևա մի քանի տարի հետո, երբ մարդիկ ետ նայեն և տեսնեն, որ Սահմանդրությունը չի իրագործվել, չի կիրառվել: Ցավոք, պետք է ասեմ, որ թե՛ իշխանական համակարգում, թե՛ պետական կառավարման մարմիններում, թե՛ քաղաքական դաշտի ընդդիմադիր համակարգում ընդգրկված մարդկանց կադրային ռեսուրսը՝ հայրենասիրության, նվիրվածության, պատասխանատվության, ինտելեկտուալ աստիճանն այնքան էլ լավ կանխատեսումներ չի տալիս… Բայց դեռ չշտապենք հետևություններ անել. ամեն դեպքում իրական և հստակ գնահատականը կտրվի միայն ընտրություններից հետո: Մեր երկրի ղեկավարի խոսքը անչափ զգաստացնող է, ինչ-որ տեղ սաստող՝ դրական էմոցիաներով, աշխատանքի կոչող: Նախորդ տարիների բացթողումները, սահմանադրական ժողովրդական նորմերի անկատար կատարումն այն աստիճանի է մեզանում խարխլել կադրային դաշտը, որ ես փոքր-ինչ կասկածում եմ՝ կա՞ արդյոք այդ ինտելեկտուալ ռեսուրսը… Մենք խոսում ենք ոչ թե մեկ կամ երկու պետական հիմնարկի վերակառուցման կամ մի նոր նախարարություն բացել-փակելու մասին, այլ մի ողջ համակարգի փոփոխության և մշակույթի ձևավորման մասին: Մի պարզ օրինակ բերեմ՝ 1991 թվականից մենք փաստացիորեն ապրում ենք նախագահական համակարգի մշակույթով, որն այնպիսի կեղծ դեմոկրատիայի նորմեր է ներդրել պետական կառավարման համակարգում, որ, ինչ-որ մի տեղ, մենք այսօր չենք էլ կարող գիտական իմաստով պնդել, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Եվ, բնականաբար, անցումը խորհրդարանական համակարգին, ինչպես նշել է ՀՀ Նախագահը, շատ ավելի լայն հնարավորություն է տալիս համագործակցելու, մասնակցելու պետական կառավարմանը:

–  ՀՀ նախագահն իր ելույթում ասաց. «Վստահ եմ, որ բոլորն այսօր մտածում են՝ ինչ քայլեր ձեռնարկել, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված …..»: Պարո՛ն Քեռյան, խնդրում եմ այս՝ ինչ քայլեր ձեռնարկել և ինչ անել հարցին պատասխանել Ձեր տեսանկյունից:

–  Շատ բաներ կան, երբ պարզ է՝ ինչ անել. սրանք աքսիոմա են և նույնիսկ բանավիճելու խնդիր էլ չկա: Մարդիկ Հայաստանը համարում են ապրելու համար ոչ այնքան հրապուրիչ երկիր, Հայաստանից հեռացող մարդկանց պատճառները կարելի է պարզել սոցիալական հարցումներով: Ի՞նչն է Հայաստանը շատերի համար դարձնում անհրապույր՝ սոցիալական ապահովության բացակայությունը, արդարության զգացումի, աշխատանքի անվտանգության և հեռանկարի երաշխիքների բացակայությունը… Բաներ կան, որ կախված չէ Հայաստանից. օրինակ՝ անվտանգության հարցի բարելավվումը, որը կապված է աշխարհաքաղաքական գործընթացների հետ. այստեղ մենք ամբողջությամբ չենք տնօրինում: Իսկ ի՞նչն է խանգարում մեզ, որ մեր երկրում ապահովենք սոցիալական արդարություն. Թուրքիա՞ն է խանգարում, Ադրբեջա՞նը, Օբամա՞ն… Այստեղ ոչ մի արդարացում չկա: Ի՞նչն է մեզ խանգարում, որ քաղաքական համակարգում ներդնենք ինստիտուտներ, որոնք պաշտպանեն յուրաքանչյուր աշխատողի իրավունքը: Ներդրեցինք քաղծառայողի ինստիտուտ, սակայն թույլ է նրա մարտավարությունը: Ի՞նչն է մեզ խանգարում վարել վարկային և մաքսային այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտա թեկուզ ամենափոքր պայմաններ ունեցող մարդուն ստեղծել աշխատատեղեր… Շատ պարզունակ բաներ կան, որոնք կարելի է անել… Ես երկրներ գիտեմ, որտեղ մարդը մի փոքրիկ բիզնես է դնում և ընտանիք է պահում, իսկ պետությունը ոչ միայն չի հարկում, այլև նրան փող է տալիս, որ մարդը չփակի իր փոքրիկ բիզնեսը: Այս պարզունակ բաներին հակառակ տրամաբանությամբ է աշխատում մեր երկրի հարկային, մաքսային օրենքը: Այստեղ պետք չէ տնտեսագիտական խոր գիտելիքներ ունենալ: Ի՞նչ անել… Բոլորը չեն մտածում կյանքը բարելավելու համար ինչ-ինչ քայլեր ձեռնարկելու մասին: Գոյություն ունի համաշխարհային փորձ. մեզնից ավելի վատ վիճակում գտնվող երկրներ դուրս են եկել այդ վիճակից: Ես ուղղակի իմ ողջ կյանքում դա հիշելու եմ. ես ցնցված էի Իսրայելի նախագահի՝ Շիմոն Պերեսի ելույթից, երբ ներկայացրեց, թե ինւչպես հրեաները անապատում ստեղծեցին դրախտային մի երկիր, որն այսօր հզոր պետության երկիր է. Իսրայելի միակ առավելությունը մեզնից ծովի առկայությունն է, սակայն նրանք էլ պատերազմական իրավիճակում են… Մենք ունենք ալպյան ընտիր մարգագետիններ, հրաշալի, համեղ ջուր… Ինչո՞ւ չենք կարող հզորանալ: Երբ լսում ես Նախագահի խոսքը, որ՝ վստահ է, թե բոլորն են այսօր մտածում՝ ինչ քայլեր ձեռնարկել, ապա, որպես քաղաքագետ, մտածում եմ, որ այս ծրագիրն աշխատեցնելու համար մեզ միայն մի բան է պակասում՝ հայրենասեր կադրային ներուժի ներառումը համակարգում: Հույս ունենանք, որ նոր Սահմանդրությունը նոր շունչ կբերի:

–  Եվս մի մեջբերում նախագահի ելույթից՝ «Անշուշտ, Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու… Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է. մեր երկրի կառավարման թերություններն այդ պատճառով չեն»: Պարո՛ն Քեռյան, ակնկալում եմ Ձեր մոտեցումն ու վերլուծությունը՝ այս հարցի հետ կապված:

–  Նախագահը շատ ճիշտ է նշում, որ մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն: Քիչ առաջ իմ բերած Իսրայելի օրինակը, որ 60 տարի պատերազմական իրավիճակում գտնվող այդ երկիրը դարձել է աշխարհի համար էտալոն, հենց միայն դրա ապացույցն է: Բոլոր երկրներն էլ ունեն իրենց դժվարությունները՝ անկախ այն բանից՝ պատերազմի մեջ են, թե՝ ոչ, ունե՞ն բնական ռեսուրսները, թե՝ ոչ: Հասարակ բան է՝ աշխարհի 1/6 մասը զբաղեցնող Ռուսաստանի Դաշնությունը, որն ունի անսահմանափակ բնական հարստություն, այսօր հայտնվել է շատ լուրջ տնտեսական խնդիրների առջև. հենց միայն ռուբլու արժեզրկումը ՌԴ-ում թոշակառուների գնողունակությունը գցել է 3-4 անգամ: Այսօր բարեկեցիկ Եվրոպան կանգնել է կատաստրոֆիկ իրողությունների առջև՝ բարոյական, ընտանեկան, կենցաղային դեգրադացիան, ներգաղթյալների խնդիրները և Եվրամիության մեջ միջոցների բաշխման գզվռտոցը… Շատ ավելի բարդ խնդիրներ ունեն ուրիշները: Մի այսպիսի կիսաանեկդոտ զրույց կա. մի հայ աղջիկ ամուսնանում է չինացու հետ, ունենում են երեք երեխա, և այս աղջիկն այնքան ակտիվ, գործունյա, աշխատասեր է լինում այդ չինական գյուղի կյանքում, որ նրան գյուղապետ են ընտրում, և այդ գյուղը Չինաստանում ճանաչվել էր ամենաօրինակելին.  կատակում են, թե լուրջ են ասում՝ այդ գյուղի բնակչության թիվը 3 միլիոն էր: Սա չեմ ուզում վերածել սարկազմի, բայց գտնում եմ, որ 1.5-2 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի կառավարումը կազմակերպելը շատ ավելի հեշտ է: Եվ կրկնում եմ՝ ճիշտ է ասում ՀՀ Նախագահը, որ մեր թերությունները կապել Ղարաբաղի հարցի, շրջափակման հետ, դա պարզապես անգործությունը թաքցնելու արդարացում է: Ասվում է՝ «Տվե՛ք մեզ հենակետ, և մենք կշրջենք աշխարհը», տվե՛ք հայրենասեր մարդկանց պետական իշխանություն, և դուք կտեսնեք, թե Հայաստանը ինչպես կդառնա Արևելքի Շվեյցարիա:

–  Այսինքն՝ Դուք լավատեսորեն եք տրամադրված և կարծում եք, որ այս 1.5 տարիների ընթացքում սահմանադրական բարեփոխումները կիրագործվեն, եթե …

–  Ճի՛շտ է, «եթե»-ները մնում են, բայց ես ուզում եմ նշել ամենակարևոր «եթե»-ն՝ եթե մեր կառավարող քաղաքական էլիտան չմնա նույն, հին լճացման պատկերացումների շրջանակում և կարողանա նոր, թարմ կադրային ռեսուրսներ ներառել պետական համակարգ, բարեփոխումները կիրագործվեն: Եթե դա չարվի, ու պահպանվեն հին խնամիասանիկական կապերը, ոչ մի քայլ առաջ չենք գնա: Ստալինը պատմության մեջ հայտնի է որպես սոսկալի բռնապետ, սակայն նա մի հիանալի լոզունգ ուներ, այն է՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Չունենալով տնտեսական կապեր, ֆինանսական ռեսուրսներ և շրջափակված լինելով կապիտալիստական աշխարհի կողմից՝ Խորհրդային Միությունը դարձավ հզոր պետություն, որովհետև Ստալինն այնպիսի կադրեր ներառեց պետական կառավարման համակարգ, ովքեր վարչահրամայական ձևով պատրաստ էին կատարել կուսակցության բոլոր պահանջները: Ես չեմ ասում, որ մենք նման տոտալիտար համակարգ ստեղծենք, բայց մեզ պետք են մարդիկ, ովքեր կկարողանան իրագործել Սահմանդրության բարեփոխումները: Վերցնենք հենց մեր հարևան Վրաստանի օրինակը, որը ցույց տվեց, թե ինչպես աշխատեց կադրերի ճիշտ բաշխման տեխնոլոգիան, և ինչպես երկիրը կարողացավ դուրս գալ ստեղծված իրավիճակից ու բարեփոխվեց:

–  Վերջին հարցս եմ ուղղում, պարո՛ն Քեռյան. որպես քաղաքագետ՝ Ձեր դիտարկմամբ ի՞նչն է բացակայում, պակասում Սահմանադրության բարեփոխումների մեջ:

–  Այն, ինչ կասեմ, դա իմ անձնական կարծիքն է. կարծում եմ, որ Նախագահի ինստիտուտը նոր համակարգում լրիվ ավելորդ է: Եթե մենք գնում ենք խորհրդարանական կառավարման, ապա նման փոքր երկրում այդպիսի ինստիտուտ ունենալը կարող է պայթյունավտանգ լինել: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ճիշտ է, Նախագահը չունի սահմանդրական լիազորություններ, բայց եթե Նախագահ է դառնում մի մարդ, ով տնտեսական մեծ ռեսուրսներ ունի և ավելի շատ ազդեցության լծակներ, նա աստիճանաբար կարող է այդ Սամանդրությունը մի կողմ դնել և դառնալ վարչապետի հետ հակամարտության մեջ մտնող անձնավորություն: Ես ուղղակի չհասկացա այդ ինստիտուտի պահպանման իմաստը որն է, մանավանդ, որ գործադիր իշխանության գլուխը պիտի լինի վարչապետը: Պարզապես կարելի էր 1-2 հոդվածներով նշել, երբ անցումային փուլում վարչապետը հրաժարական է տալիս, ինչպես պետք է իրականացնել պետական կառավարումը. գուցե այդ պարտականությունները դնեն ասենք՝ ԱԺ նախագահի վրա կամ էլ՝ մեկ այլ պաշտոնյայի՝ մինչև անցումային փուլն ավարտվի: Աշխարհի ամենահարուստ երկրները հնարավորություն չունե՞ն մի նախագահի փոխարեն մի վարչապետ էլ պահել… Եթե նախագահական է, գնացել են դասական օրինակով, եթե խորհրդարանական է, գնացել են դասական օրինակով: Իմ կարծիքով ավելորդ է այդ ինստիտուտը, բայց դա իմ անձնական տեսակետն է, որը քննարկման խնդիր չի կարող լինել. գուցե ես սխալվում եմ, գուցե շատերն ինձ հետ չհամաձայնեն: Իսկ հիմա կարևոր է Սահմանդրության մեջ կատարված փոփոխություններն իրագործել, ինչպես ՀՀ նախագահն ասաց՝ եկե՛ք կյանքի կոչենք մեր Սահմանդրությունը:

–  Պարո՛ն Քեռյան, շնորհակալություն անչափ հետաքրքիր, բովանդակալից հարցազրույցի համար:

 Կարինե Ավագյան

Scroll Up