Գերմանիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցում գործում են ինչպես 1915 թվականին. Թեսա Հոֆման

Գերմանիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցում գործում են ինչպես 1915 թվականին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը:

Թեպետ Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցը, սակայն քննարկման հաջողությունը կասկածի տակ է: Հոֆմանը պատճառը կապում է Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների հետ, որոնց առանցքում վերջին ամիսներին առանցքային տեղ է զբաղեցնում փախստականների հարցը:

«Սա կարելի է համեմատել 1915 թվականի իրավիճակի հետ, երբ պաշտոնական Գերմանիան մոռացել էր բոլոր մարդկային ու մարդասիրական արժեքները հանուն գերմանա-օսմանական ռազմական համագործակցության: Թեպետ հարցն արդեն խորհրդարանի օրակարգում է, սակայն ես խիստ կասկածում եմ, որ խնդիրը կքննարկվի: Համաձայն գերմանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ Անկարայում Գերմանիայի դեսպանատունն արդեն խառնվել է գործին՝ կապված փախստականների ճգնաժամի առնչությամբ ընթացող թուրք-գերմանական և Թուրքիա-ԵՄ քննարկումների հետ: Այս իրադրության պայմաններում Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանի հնարավոր ամեն բան՝ չլարելու Անկարայի հետ հարաբերությունները»,- ասաց Հոֆմանը: Նա ցավով նշեց, որ ո՛չ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը, ո՛չ էլ Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող պայքարը՝ քրդական քաղաքացիական բնակչությանը հասցված վնասով հանդերձ չի կարող փոխել իրադրությունը:

«Այս երկրում նման քաղաքականության քննադատները շատ և ազդեցիկ չեն կանգնեցնելու այս ամենը»,- նշեց ցեղասպանագետը: Հոֆմանը փաստել է, որ անգամ եթե փետրվարի 25-ին խորհրդարանական քննարկումներ անցկացվեն Հայոց ցեղասպանության թեմայով, ապա դրանց հաջողությունը խիստ կասկածի տակ է: «Շատ փոքր է հավանականությունը, որ ընդդիմադիր «Կանաչների կուսակցությունը» կստանա անհրաժեշտ աջակցություն իշխող կոալիցիայի՝ պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների կողմից»,- ասաց Թեսա Հոֆմանը: Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15:45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման և քննարկման համար նախատեսված է 45 րոպե: Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ խոսքը ոչ թե պարզապես հիշատակման արարողության, այլ՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի ներկայացման և դրա շուրջ քննարկման մասին է:

Առաջին ընթերցման թեմա է «Կանաչների» հայտարարությունը, որում 1915-ի իրադարձությունները հստակ ձևակերպվում են որպես Ցեղասպանություն:

Արաքս Կասյան

Scroll Up