«Կարծում եմ, որ մարդկանց տրված բոլոր շնորհները Աստծուց են». Լալա Մնեյան

ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառում հանդիպեցի և զրուցեցի ոչ միայն Հայաստանում հանգրվանած և ինձ արդեն շատ հարազատ դարձած սիրիահայերի (նրանցից շատերի հետ հարցազրույց եմ ունեցել), այլև՝ հայաստանաբնակ, «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Ասրապ» թաղիքագործության ակումբի ղեկավար, ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի հետ:
– Տիկի՛ն Մնեյան, կարծես թե ցուցահանդես-տոնավաճառին հիմնականում սիրիահայեր են մասնակցում, իսկ Դուք…
– Ուզում եք ասել, թե ինչ գործ ունենք մենք այստե՞ղ (ժպիտով պատասխանում է Լալան ու շարունակում). ասեմ, որ «Կենաց տանը» Հալեպ բարեսիրական կազմակերպության կանանց համար դասընթացներ են անցկացվել, ես եմ դասավանդել և նրանց սովորեցրել թաղիքագործություն: Մասնակիցներից մի քանիսն ընդգրկված են թաղիքագործության ակումբում և շարունակում են հաճախել՝ բարձրացնելով իրենց որակավորումը:
– Սովորելուց հետո նրանք կարողանո՞ւմ են իրենց աշխատանքները վաճառել, արդյո՞ք թաղիքից պատրաստված աշխատանքները սպառում ունեն Հայաստանում:
– Այդ ձեռքի աշխատանքները բավականին թանկ արժեն, իսկ մեր բնակչության գնողունակությունը ցածր է, մարդիկ ավելի շատ օրվա հացի, կենցաղավարման խնդիրներն են փորձում լուծել: Քիչ են վաճառվում այդ աշխատանքները, դժվարությամբ: Մեր կազմակերպությունը հաճախակի ցուցահանդեսներ է ունենում արտերկրում, մասնավորապես՝ Եվրոպայում. փորձում ենք այդ ցուցահանդեսների ընթացքում վաճառել թաղիքից պատրաստված հետաքրքիր, յուրօրինակ աշխատանքները:
– Լալա՛, ես գիտեմ, որ Հայաստանում թաղիքագործության հայկական հնամենի արվեստը Դո՛ւք եք մոռացության մշուշից հանել և վերականգնել այն՝ նոր շունչ հաղորդելով: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը, ինչո՞ւ հենց թաղիքագործությունը:
– Այն ամենն, ինչ հայկական է, ինձ միշտ հետաքրքրել է և հետաքրքրում է, ասեմ նաև, որ տատիկիցս ժառանգություն եմ ստացել թաղիքե մի գորգ և միշտ երազում էի, որ ինքս էլ այդպիսի գորգ գործեմ, անգամ փորձեր եմ արել: Երբ գնացի Հոլանդիա՝ վերապատրաստվելու գործվածքների գծով, իմ ուսուցչուհին՝ հոլանդուհի ընկերուհիս, առաջարկեց, որ սովորեմ նաև թաղիքագործություն: Այդպես վերապատրաստվեցի. սովորեցի և՛ ժամանակակից, և՛ մեր հայկական ավանդական թաղիքագործության նրբերանգները, որոնք լավ ուսումնասիրելուց հետո մի քանի տասնյակ հոգու ուսուցանել եմ իմ սովորածը, Հայաստան եմ հրավիրել նաև հոլանդացի մասնագետի, ով երեք անգամ եղել է Հայաստանում և վարպետության դասեր է տվել:
– Հայաստանում թաղիքագործության առանձին ցուցահանդես ունեցե՞լ եք, և արդյո՞ք մարդկանց հետաքրքրում են այդ աշխատանքները:
– Ի բարեբախտություն մեզ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը ֆինանսավորեց մի քանի ամսյա ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջանների մի քանի մասնագետներ սովորեցին և սկսեցին դասավանդել, իսկ հետո Ժողարվեստի թանգարանում հաշվետու ցուցահանդես կազմակերպեցինք և շատ այցելուներ ունեցանք: Բոլորը մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով էին նայում այդ աշխատանքները, հարցեր տալիս:
– Տիկի՛ն Մնեյան, թաղիքից ավելի շատ ի՞նչ են պատրաստում և արդյո՞ք այսօր դրանք կենցաղում պրակտիկ են, գործածելի:
– Ամենից գործածելի և անհրաժեշտ են թաղիքե գուլպաները զինվորների համար, դրա կարիքը շատ կա. այդ գուլպաները նրանք հագնում են զինվորական ճտքավոր կոշիկների մեջ: Իմ երկու տղաներն էլ ծառայել են Արցախում, և ես նրանց համար, ինչպես նաև՝ նրանց ընկերների, այդպիսի գուլպաներ եմ պատրաստել:
– Այսինքն՝ Դուք նաև բարեգործությամբ եք զբաղվել…
– Կարելի՛ է այդպես ասել. ամենից շատ և ամենից առաջ պետք է մտածել մեր սահմանները պահող զինվորների մասին:
– Ինչի՞ց են ստանում թաղիքը:
– Ստանում են ոչխարի բրդից, սակայն ավելի նրբամազ՝ մերինոս տեսակի ոչխարի բրդից: Ցավոք, հիմա չունենք այդ տեսակին պատկանող ոչխարներ, որովհետև բուծում են ավելի շատ մսատու տեսակներ կամ էլ՝ թել մանելու համար երկարամազ ոչխարի տեսակը: Մենք ներկրում ենք դրսից:
– Թաղիքագործություն սովորում են միայն սիրիահայե՞րը…
-Ե՛վ սիրիահայերը, և՛ տեղացիները: Բոլորին էլ շատ հետաքրքրում է թաղիքագործությունը. դա հրաշք է՝ ձեռք, օճառ, ջուր և առանց գործիքի՝ ինչ ասես, որ չես ստանա: Ասեմ, որ սիրիահայերը շատ շնորհալի են և ընդունակ ձեռքի աշխատանքներում:
– Ներկայումս կա՞ն դասընթացներ:
– Այո՛, դասընթացները շարունակվում են. եթե ցանկացողներ կան, մենք ունենք վճարովի դասընթացներ, որոնց մասնակցելու համար կարող են հետևել «Կենաց տան» ֆեյսբուքյան մեր էջին և կարդալ հայտարարությունները: Ավարտելուց հետո մասնակիցերը հնարավորություն ունեն ներգրավվելու «Ասրապ» ակումբում, անվճար ստանալ վարպետության դասեր, կատարելագործվել և մասնակցել ցուցահանդեսներին:
– Ես գիտեմ, որ Լալա Մնեյանը պրպտող հոգի է, երբեք չի դադարում փնտրել, գտնել, սովորել ու սովորեցնել. եթե գաղտնիք չէ, ո՞րն է Ձեր հաջորդ մտահղացումը, էլ ի՞նչ եք հանելու մոռացության մշուշից:
– Ասեղնագործության մի տեսակ կա, որին ես տիրապետում եմ, սակայն առայժմ կան միայն հին նմուշներ, և ոչ ոք այսօր այն չի անում. ասեղնագործության այդ տեսակը երևակայության մեծ թռիչքների հնարավորություն է տալիս, և ես դրա վրա եմ կենտրոնանում:
– Լալա՛, Ձեր ամուսինը՝ հայտնի խաչքարագործ, փայտարվեստի վարպետ Վանո Դադոյանն է, ում հետ առիթ եմ ունեցել զրուցելու տարբեր երկրներում ունեցած խաչերի ցուցահանդեսների առիթով. Ձեր երեք երեխաներից ովքե՞ր են ժառանգել հայրիկի և մայրիկի շնորհները:
– Վանատուրը՝ ավագ որդիս, ծրագրավորող է, փոքր որդիս՝ Վարդանը, ճարտարապետ է, նա՛ է ժառանգել հոր շնորհը և շարունակում է գնալ նրա ճանապարհով: Աղջիկս՝ Վանենին, սովորում էր արտերկրում, կրթաթոշակ էր ստանում, սակայն նաև աշխատանքի կարիք ուներ. հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ լավ էլ ձեռքի շնորհք ունի:
– Դուք բանասեր եք, օտար լեզուների եք տիրապետում, թարգմանություններ եք կատարում, ձեռքի աշխատանքների, արվեստների (ասեղնագործություն, թաղիքագործություն) վարպետ եք. ումի՞ց եք ժառանգել բազմաշնորհությունը:
– Մայրիկս երիտասարդ ժամանակ ասեղնագործել է, բայց ես կարծում եմ, որ ակունքներն ավելի խորն են, և մարդկանց տրված բոլոր շնորհները Աստծուց են: Ես բանասեր եմ, բայց սիրով ու գիտակցաբար ընտրեցի այս գունագեղ ու անվերջանալի, հայկական ժողովրդական անսպառ շտեմարան-աշխարհը:
– Շնորհակալությո՛ւն, տիկի՛ն Մնեյան, հուսով եմ, որ կրկին կհանդիպենք՝ Ձեր նոր մտահղացումը կյանքի կոչելու առիթով:
Կարինե Ավագյան