Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարն ընդգրկվել է Բուենոս Այրեսի շրջագայությունների պաշտոնական ցանկում

Բուենոս Այրեսի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը, որը գտնվում է Պալերմո թաղամասում, Բուենոս Այրեսի քաղաքապետարանի որոշմամբ ընդգրկվել է քաղաքի շրջագայությունների պաշտոնական ցանկում: Այս մասին «Հայերն այսօրը»տեղեկանում է prensacentroarmenio.com.ar կայք-էջից:
Զբոսաշրջիկներին ուղեկցելու են հատուկ պատրաստություն անցած զբոսավարներ, որոնց նպատակը զբոսաշրջիկներին քաղաքի պատմամշակութային կոթողների, զբոսայգիների, թատրոնների, թանգարանների միջոցով համապարփակ տեղեկություններ փոխանցելն է:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը ծրագրում ներառելով՝ կազմակերպիչները ցանկացել են շեշտել Բուենոս Այրեսում հայկական համայնքի դերը, որը մեծ հետք է թողել քաղաքի կյանքում:
Մայր տաճարի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով՝ ծրագրում ընդգրկված զբոսավարներն այցելել են հայկական եկեղեցի, հանդիպել Արգենտինայում և Չիլիում Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հետ: Հանդիպման վերջում հոգևոր առաջնորդը հյուրերին հայկական եկեղեցու մասին գրականություն է փոխանցել:
Հավելենք, որ Արգենտինայի մայրաքաղաքի օրենսդիր մարմինը 2010 թվականին հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը հռչակել է պատմական հուշարձան: 1938 թվականին օծված եկեղեցին ընդգրկվել է Արգենտինայի մշակութային կարևորագույն արժեքների ցանկում: