ԱՄՆ-ում լույս է տեսել «Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» անգլերեն վեպը

ԱՄՆ-ում լույս է տեսել 2007թ. սպանված պոլսահայ լրագրող, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի  մասին պատմող առաջին ծավալուն կենսագրական վեպը:

ermenihaber.am-ը գրում է, որ համաձայն թուրքական «T24» լրատվակայքի ՝ Մաուրին Ֆրիլեիի կողմից անգլերեն թարգմանված գրքի թուրքերեն տարբերակը կոչվում է «Հրանտ», հեղինակը Թուբա Չանդարն է: Անգլերեն թարգմանությունը լույս է տեսել «Hrant Dink: An Armenian Voice of the Voiceless in Turkey / Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» վերնագրով: Ըստ աղբյուրի՝ 736 էջանոց թուրքերեն գիրքը թարգմանվել է կրճատումներով և անգլախոս ընթերցասերին կներկայացվի  ընդամենը 403 էջից բաղկացած աշխատության տեսքով:

Գրքի հեղինակ Թուբա Չանդարը երեք տարի է աշխատել Դինքի կենսագրական տվյալները, նրա մասին մտերիմների, հարազատների ու ծանոթների հուշերը, նրա սակավաթիվ ստեղծագործություններն ու ինքնակենսագրական նշանակության հոդվածներն ի մի բերելու ուղղությամբ: Այդ ընթացքում հեղինակը հանդիպել է 125 հոգու հետ, կատարել շուրջ 200 ձայնագրություն:

Գիրքը թուրքերենով լույս է տեսել 2010թ. սեպտեմբերի 15-ին՝ Հրանտի Դինքի ծննդյան օրը և կարճ ժամանակում հայտնվել Թուրքիայում ամենաշատ կարդացվող գրքերի ցուցակի առաջին հորիզոնականներում:

Կենսագրականի անգլերեն թարգմանության էլեկտրոնային տարբերակն արդեն վաճառվում է Amazon.com կայքում, իսկ տպագրված տեսքով գիրքը գրախանութներում կհայտնվի հունվարի 31-ից:

Scroll Up