Մառնի Ինջեյան. «Մտածում էի, որ ավելի շուտ կհարմարվեմ, բայց դեռ ժամանակ կուզե»
«Միջավայրը նոր է, փորձում եմ հարմարվել։ Հալեպում հայկական վարժարան եմ հաճախել, որտեղ բացի հայագիտական առարկաներից, մնացած բոլոր առարկաները արաբերենով էինք անցնում։ Այստեղ ամեն ինչ արևելահայերենով է։ Իսկ ես դեռ որոշ դժվարություններ ունեմ արևելահայերենի յուրացման հարցում, բայց փորձում եմ հաղթահարել: Անհասկանալի են հատկապես տերմինները։ Օրինակ՝ մաթեմատիկա շատ էի սիրում, բայց այստեղ դժվարանում եմ սովորել։ Բայց ինձ շատ են օգնում դասընկերներս, ուսուցիչները, բոլորն էլ ինձ շատ լավ են վերաբերվում։ Օտարություն չեմ զգում, հանգիստ եմ այստեղ»,- պատմում է Մառնին:
Մառնին նաև նշեց, որ շատ է ուզում ռուսերեն սովորել, բայց հիմա, հասկանալի պատճառներով, այդ դասաժամերը բաց է թողնում. «Ցանկություն ունեմ սովորելու, դասընկերներս ինձ տառերն արդեն սովորեցրել են, որոշ բառեր էլ գիտեմ, օրինակ՝ «привет», «пока», «спасибо»։ Իսկ ինչ էլ չեմ հասկանում, նրանց եմ հարցնում։
Դասարանում միայն ես եմ սիրիահայ։ Իմ հասակակիցներից շատերը հաճախում են «Կիլիկիա» վարժարան»։
«Մենք ցանկացանք, որ Մառնին հայկական դպրոց հաճախի։ Եթե այստեղ պետք է մնանք, ապա նախընտրելի է, որ կրթությունը շարունակի հայկական հանրակրթական դպրոցում,-մեր զրույցին միացավ Մառնիի մայրը՝ տիկին Թամարան, ով մինչ այդ մայրական ժպիտով հետևում էր մեր զրույցին,-ցանկանում ենք Հայաստանում հաստատվել, հուսով ենք՝ ամեն ինչ կստացվի»։
Իմ այն հարցին, թե դժվարություններից չե՞ն վախենում, Մառնին, որ լուռ լսում էր մայրիկին, անմիջապես ժպտալով պատասխանեց. «Ժամանակի ընթացքում կլուծվին դժվարությունները»։
Մառնին պատմեց, որ ամեն տարի իրենք Հայաստան էին գալիս, այստեղ անգամ բնակարան ունեն։ Բայց երբևէ չէր մտածում, որ մի օր այստեղ հիմնական են մնալու, որ Հայաստանում դպրոց է գնալու. «Զգում եմ, որ սա իմ հայրենիքն է, բայց մտածում էի, որ ավելի շուտ կհարմարվեմ, բայց դեռ ժամանակ կուզե։ Երբևէ չէի կարող մտածել, որ մեկ տարվա ընթացքում իմ կյանքում այսքան բան պետք է փոխվի՝ ուրիշ միջավայր, ուրիշ տուն, նոր դպրոց, նոր ընկերներ։ Իսկ հիմա ուզում եմ, որ շուտ հարմարվեմ, որ Սիրիայում պատերազմը շուտ վերջանա, խաղաղություն լինի, որպեսզի հանգիստ լինենք, և մեր միտքը միշտ այնտեղ չլինի։ Սիրիայում հարազատներ ունենք՝ հորաքույրս, քեռիս, ընկերներս, դասընկերներս դեռ այնտեղ են»։
Մառնիի խոսքը շարունակում է տիկին Թամարան. «Մառնին մեր միակ երեխան է։ Մենք նախապատրաստում էինք նրան, ցանկանում էինք, որ բարձրագույն կրթությունը Հայաստանում ստանա, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այդ ամենը ավելի շուտ տեղի ունեցավ»։
Իսկ երբ հարցրի, թե ինչ է որոշել դառնալ, Մառնին պատասխանեց. «Դեռևս տատանվում եմ, բայց շատ եմ ուզում լրագրող դառնալ»։ Հետաքրքվեցի, թե հատկապես ինչն է գրավում լրագրողի մասնագիտության մեջ. «Հետաքրքիր աշխատանք է, տարբեր մարդկանց հետ ես ծանոթանում, շփվում։ Ես մարդկանց շատ շուտ եմ հասկանում, հեշտ եմ շփվում նրանց հետ»,- անկեղծացավ Մառնին։
Թեև Մառնիի ընկերներից շատերը Հայաստանում են ու հաճախ հավաքվում են, բայց խոստովանեց, որ շատ է կարոտում Հալեպում մնացած իր ընկերներին. «Շատ եմ կարոտում մեր տունը, ընկերներիս, ընկերային կյանքը Հալեպում ավելի հետաքրքրիր էր։ Միշտ միասին էինք լինում, ակումբ էինք հաճախում, ավելի հաճախ էինք միմյանց տեսնում, բոլորը միմյանց ճանաչում էին։ Այստեղ մի փոքր այլ է։ Ընկերները միայն դպրոցում են շփվում, միմյանց տուն այդքան էլ հաճախ չեն գնում»։
Բացի Երևանից՝ Մառնիին շատ է դուր եկել Դիլիջանը. «Կցանկանայի հաճախ գնալ այնտեղ։ Արցախի ճանապարհը շատ սիրեցի, իհարկե, աղոտ եմ հիշում, որովհետև շատ փոքր էի այդ ժամանակ»։
Մառնիի ընտանիքը 2000 թվականին երեք տարի ապրել է Երևանում, հետո վերադարձել է Սիրիա։ Երբ հետաքրքրվեցի, թե ինչ հիշողություններ ունի այդ տարիների հետ կապված, Մառնիի դեմքը միանգամից պայծառացավ ու սկսեց պատմել. «Շատ փոքր էի այն ժամանակ, բայց հիշում եմ, որ այստեղ պարի էի գնում. շատ էի սիրում պարել։ Հիմա էլ, եթե դասերս երկրորդ հերթ չլինեին, հաճույքով նորից պարի կգնայի։
Չեմ մոռացել նաև այն, որ երբ մեր տուն հյուրեր էին գալիս, նրանց տարբեր թանգարաններ էինք տանում, եկեղեցիներ, փորձում էինք Երևանը ցույց տալ։
Հիշում եմ մի պապիկի, ում մի ոտքը կտրած էր։ Նա ամեն օր նստում էր մեր տան մոտ ու նվագում էր։ Իսկ ես, ամեն անգամ նրա մոտով անցնելիս, դրամ էի տալիս»։
Այսօր Հայաստանը Մառնիի համար մանկական հիշողությունների ու պատանեկան հույսերի մի նոր աշխարհ է՝ հարազատ, բայց մի փոքր անծանոթ, անսովոր ու դժվարություններով լի։ Կարևորը, որ 15-ամյա աղջնակը հավատում է, որ «դժվարությունները ժամանակի ընթացքում կլուծվին», ու չմոռացավ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում, աջակցում են Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին։
Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ