Դամասկոսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամփոփմանը նվիրված հանդիպում

Դեկտեմբերի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամփոփմանը նվիրված հանդիպում՝ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, թեմի քաղաքական-գավառական, միությունների ատենապետների և Սիրիայի Հայոց ցեղասպանության հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, հաղորդում է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը:

Ողջունելով հյուրերին՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը բարձր է գնահատել Սիրիայի պատերազմական դաժան պայմաններում հանձնաժողովի և համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության իրականացրած միջոցառումները:

Իր հերթին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել դեսպանության գործուն համագործակցության և հանձնաժողովի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ավարտին դեսպան Փոլադյանը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին հանձնել է ՀՀ նախագահի շնորհակալագիրը Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների համար: Շնորհակալագրի ևս մի նմուշ հանձնվել է Բերիո թեմի առաջնորդ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին:

Դեկտեմբերի 21-ին Սիրիայի մշակույթի կենտրոնների ղեկավարության կազմակերպությամբ Դամասկոսի Աբու Ռմանե մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված երեկո, որի ընթացքում դեսպան Փոլադյանը հանդես է եկել «Հայոց ցեղասպանության փուլերը Օսմանյան կայսրությունում» թեմայով դասախոսությամբ: Երեկոյին նաև «Հայոց հարցի լուսաբանումներ» թեմայով հակիրճ դասախոսությամբ հանդես է եկել սիրիացի հետազոտող, դոկտոր Ռիադ Թակկի ալ-Դինը: 

Միջոցառմանը մասնակցել են սիրիացի մշակութային-հասարակական գործիչներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Երեկոն լայնորեն լուսաբանվել է սիրիական մամուլի էջերում:

Scroll Up