«Հալեպն իմ ծննդավայրն է, սակայն Երևանը տունս է»…
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Alin-1-300x225.jpg)
Ալին Մարանյանն առաջին անգամ Հայաստան՝ բարեկամներին այցելության էր եկել 1995 թվականին, երբ տակավին 14 տարեկան էր ու չէր կարող ենթադրել, որ 20 տարի անց հանգամանքերի բերումով դառնալու էր Հայաստանի քաղաքացի և ազգությամբ ասորի ամուսնու՝ Մանսուր Հըլըբի հետ ապրելու և աշխատելու են իր հայրենիքում:
«Ասում են, ամեն չարիքի մեջ բարիք կա: Սիրիական պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի մենք հաստատվենք Հայաստանում: Այս տարվա օգոստոս ամսին հայաստանաբնակ մեր ընկերը հրավիրեց այստեղ: Որոշ ժամանակ ապրեցինք նրանց տանը, հետո բնակարան վարձեցինք, աշխատանք գտանք ու հարմարվեցինք տեղի կենցաղին ու ապրելակերպին»,-womennet.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Ալինը:
Մեծ եղեռնից փրկված, Այնթափի Օրըլ գյուղից Հալեպ գաղթած Ալինի պապերը չէին կարող պատկերացնել, որ ժառանգներից մեկի հանգրվանը լինելու է Հայաստանը: Սակայն եղավ այն, ինչ եղավ:
Հալեպում մնացած Ալինի և նրա ամուսնու ծնողներից ստացած տեղեկությունները հուսադրող չեն: Սիրիական պատերազմի վերջը դեռ չի երևում: Արդեն երեք տարի է, ինչ ծնողներս իրենց տանը չեն ապրում, քիչ ավելի ապահով թաղ են գնացել, թեև դարձյալ արկերը «գլխներու վրայով կերթան»:
Սիրիայում ապրած տարիներին երիտասարդ ամուսիններն աշխատում էին իրենց մասնագիտությամբ. Մանսուրը՝ որպես վարսահարդար, Ալինը՝ կոսմետոլոգ- մատնահարդար: Հալեպում ձեռք բերած վարսավիրանոցը վարձակալությամբ հանձնել են մեկ ուրիշի, իսկ իրենք երկուսով աշխատում են Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող գողտրիկ ու հարմարավետ «MS» գեղեցկության սրահում: Չլինեին ընկերների, հարևանների, վարսավիրանոցի վարսահարդար Անգելինայի սրտացավությունն ու խորհուրդները, երիտասարդ ամուսինների համար նոր միջավայրում հարմարվելը դժվար կլիներ:
«Կան սիրիահայեր, որ ամիսներ շարունակ աշխատանք չեն գտնում, իսկ մեր բախտը բերեց, հանդիպեցինք լավ մարդկանց ու նրանց օգնությամբ կարողացանք գտնել աշխատանք: Շնորհակալ ենք այդ մեծ աջակցության համար: Ամուսինս նրանց միջոցով ճանաչեց հայերին, և հիմա այնքան է սիրում երկիրն ու հայերին, որ անգամ հարազատներին հորդորում է այցելել Հայաստան»,- ասում է Ալինը:
Երևանում ամեն քայլափոխի հանդիպած գեղեցկության սրահների առատությունն այնուհանդերձ չհուսահատեցրեց Ալինին ու նրա ամուսնուն: Չէ՞ որ յուրաքանչյուրն իր բախտն ու հաջողությունն ունի: Ու գտան: Այսօր նրանք ունեն իրենց մշտական հաճախորդները: Ճիշտ է, Հալեպում նրանց թիվն անհամեմատ շատ էր, սակայն այստեղից էլ դժգոհ չեն:
Ալինի և ամուսնու աշխատանքը էապես տարբերվում է տեղաբնակ վարսահարդարների աշխատանքից, թեև այստեղ արևելայն ոճի սանրվածքներ նախընտրողներն էլ քիչ չեն: Այնուհանդերձ ամուսնինները ոճերի բազմազանությամբ փորձում են գոհացնել իրենց հաճախորդներին: Հետագա ծրագրերի մասին դեռ վաղ է խոսել, իսկ «նեղվելու» դեպքում Մանսուրի բարեկամների աջակցությամբ աշխատանք կփնտրեն Դուբայում: Ի դեպ, Մանսուրի երազանքն է Հայաստանում սեփական տուն ունենալ:
Ժպտերես ու կենսախինդ Ալինի համար լեզուների իմացությունը կարևոր է, հայերենի, արաբերենի ու անգլերենի հետ վատ չէր լինի նաև ռուսերենի իմացությունը, ինչը կօգնի հաղորդակցվել ռուսախոս հաճախորդների հետ: Ու քանի որ օրվա ընթացքում ունենում է «պարապ ժամեր», ուստի զբաղվում է նաև խոհարարությամբ: Ալինի պատրաստած իշլի-քյուֆթան արդեն բավական պահանջարկ ունի շրջակա խանութների գնորդների կողմից:
-Հալեպն իմ ծննդավայրն է, սակայն Երևանը տունս է,-ասում է հազար ու մի երազանքներ հյուսող Ալինը:
Անուշ Ներսիսյան