«Հայասա» պարային համույթը համերգով հանես եկավ Դմիտրով քաղաքում

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայի «Հայորդյաց տան»՝ Արփինե Ամիրյանի ղեկավարած «Հայասա» պարային համույթը ելույթ ունեցավՄոսկվայի մարզի Դմիտրով քաղաքում։ «Հայասան» Դմիտրով էր մեկնել տեղի հայ համայնքի հրավերով՝ թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը ստանալուց հետո։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:
Մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչ, համերգի կազմակերպիչ Լուիզա Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշակի մտավախություն է եղել, թե արդյոք հանդիսատեսը երեք ժամ կմնա դահլիճում․ «Չնայած առկա մտավախությանը՝ Դմիտրովի մշակույթի տան դահլիճը ողջ համերգի ընթացքում լի էր հայ հանդիսատեսով։ Հանդիսատեսը անչափ տպավորվել էր հատկապես «Հայասա» պարով․հույս ունենք, որ նրանք առաջիկայում «Հայասա» պարով կրկին հիանալու հնարավորություն կունենան։ Հատկանշական է, որ համերգի ավարտին հանդիսատեսը մոտենում և հարցնում էր, թե կա որևէ մատյան, որտեղ կարող են համերգից ստացած իրենց տպավորությունները գրել»։
Դմիտրովում կայացած համերգը՝ «Հայասայի»՝ ՌԴ տարբեր քաղաքներում ունեցած անվճար համերգներից մեկն էր, որի նպատակը նույնն էր՝ նպաստել ռուսաստանաբնակ հայերի շրջանում հայկական պարերի հանդեպ հետաքրքրության աճին և նրանց դարձնել պարի կրողն ու տարածողը։ «Հայասայի» գեղարվեստական ղեկավար Արփինե Ամիրյանը նման համերգները կարևորում է նաև ներանձնական շփման տեսանկյունից․ «Նմանօրինակ հյուրընկալությունները, երկար, բայցև հետաքրքիր ճանապարհը «Հայասայի» պարողներին նոր հարթությունում միմյանց հետ շփվելու, մարդկային նոր բնավորությունների, կարողությունների բացահայտման հնարավորություն է տալիս։ Յուրաքանչյուր ճանապարհորդություն դառնում է անկրկնելի էմոցիաներով ու հիշողություններով լի պատմություն, որն էլ նոր ազդակ է դառնում՝ անկախ առկա դժվարություններից և ժամանակի սղությունից երբեք չհեռանալ «Հայասայից», ընտանիք դարձած ընկերներից»։