«Արարատ» երգչախմբի մենահամերգը նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Դեկտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով, լեփ-լեցուն դալիճում ու ոտնկայս ծափահրության ներքո հանդես եկավ ԱՀԹ «Արարատ» երգչախումբը. գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գրիգոր Հարությունյան: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արարատ» երիտասարդաց միությունից:
Համերգի առաջին բաժնում հնչեցին հատվածներ Ս. Պատարագից՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս վարդապետի, Մ. Եկմալյանի մշակմամբ: Ծրագիրը եզրափակվեց աշխարհիկ և ժողովրդական երգերի փայլուն կատարմամբ:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բարձր գնահատեց երգչախմբի կատարումները և առաջարկեց համերգն ընդգրկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում, քանի որ ծրագրում ընդգրկված էին հիմնականում Կոմիտաս վարդապետի մշակումները. « Կարծում եմ, որ այսօրվա միջոցառումը մենք կարող ենք ընդգրկել ցեղասպանության 100-րդ տարելիցի հոբելյանական միջոցառումների շարքի մեջ.երգերից ուղիղ կեսը Կոմիտաս վարդապետի մշակումերն էին, որ կատարվեցին այստեղ, իսկ Կոմիտաս վարդապետը առանցքն է մշակութային եղեռնի: Երգչախումբն առաջին անգամ է այս դահլիճում ելույթ ունենում և, հետևաբար, թող սկիզբը լինի այդ նշանակալից միջոցառումների միջոցով, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կոմիտաս վարդապետի երգերը հիմնականում, ոմանք կարծում են տխուր երգեր են, կամ հայկական ավանդական երգերը տխուր են, բայց ես չեմ կարծում: Այստեղ տխուր աչքեր չեմ տեսնում, ուղղակի ճաշակով ենք ուրախանում, որովհետև իրենք երգեցին այն երգերը, որոնք հայի հոգու զուլալ աղբյուրներից են գալիս: Իրենք կատարեցին վարպետորեն, նրբորեն և մեզ տարան իրենց աշխարհ: Մենք այստեղ կարծես թե հոգևոր տաճարի մեջ լինեինք և պարուրվեցինք այդ ձայներից, նրանց կատարման գեղարվեստական բարձր որակից և այստեղից, որ գնանք մեզ հետ տանելու ենք այդ ջինջ զգացողությունը դեպի մաքուրը, դեպի հայկականը, դեպի Կոմիտաս վարդապետը: Այդ զգացումները մեր մեջ են և դրա համար էլ շատ բուռն ծափահարություններ եղան, որովհետև մենք ապրում ունեցանք: Դժվար է ամեն տեղ ապրում ակնկալելը: Երբ կենդանի հաղորդակցություն է լինում քո հոգու անմեղության հետ, հավատքի ջինջ մեղեդային լարերի հետ, որոնք քեզ դարձնում են աղոթական և մաքուր, քեզ ազատում են առօրյա ավելորդ հոգսերից, քեզ տանում են Աստծո տուն, և կենդանի հաղորդակցությամբ դու վերստին ապրում ես մաքուրը, աղոթականը, ջինջը այդ ձայների միջոցով: Սրա համար ես կուզեմ բոլորի անունից նորից շնորհակալություն հայտնել իրենց և իրենց հոգևոր հովիվ տ. Պետրոս ավագ քահանա Մալյանին»,- նշեց Սրբազան հայրը:
Համերգին ներկա էին նաև ԱՀԹ քահանաներ, առաջնորդարանի աշխատակիցներ, արվեստագետներ, երիտասարդաց միությունների անդամներ և հյուրեր:
«Արարատ» երգչախումբը հիմնադրվել է 2014 թ. ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հենքի վրա:
Երգչախումբը մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի՝ արժանանալով գովեստի ու դրվատանքի խոսքերի, շնորհակալագրերի ու պատվոգրերի:
Երգչախմբի կազմում ընդգրկված են երիտասարդաց միության այն անդամներն, ովքեր ուսանում են երաժշտական ուսումնական հաստատություններում: